Այժմ ակտիվորեն քննարկվում են ԼՂ հակամարտության կարգավորման նախագծեր, որոնք ենթադրում են փուլային կարգավորում․ Լավրով
«Ներկայումս բանակցային սեղանին փաստաթուղթ է, որը ենթադրում է ԼՂ հակամարտության փուլային կարգավորում»,- ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձեւաչափով կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա տեղեկացրել է, որ անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանն առաջարկված ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որոշումներն ակտիվորեն քննարկվում են, իսկ դրանց ստորագրումը կարևոր քայլ կլիներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացման ուղղությամբ:
«Բանաձևերը, որոնք ընդունվել են, հայտնի փաստաթղթեր են։ Դրանք ընդունվել են ռազմական գործողությունների թեժ փուլի ընթացքում և ենթադրել են, առաջին հերթին, ռազմական գործողությունների լիարժեք դադարեցում և անցում բանակցություններին։ Դրանցում, այո՛, հաստատվել է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Բայց դրանցում նաև կար կոչ դադարեցնել պատերազմը և անցնել բանակցությունների»,- նշել է Լավրովը։
Նա ասել է, որ կան մադրիդյան սկզբունքներ, կան փաստաթղթեր, որոնք պատրաստվել են Ռուսաստանի Դաշնության կողմից 2010-2011 թվականներին, այսպես կոչված, Կազանյան փաստաթուղթը:
«Կան նախագծեր, որոնք տարածվել են անցյալ տարվա ապրիլին համանախագահների մասնակցությամբ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, և դրանք այժմ ակտիվորեն քննարկվում են»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:
Լավրովը հստակեցրել է, որ այդ փաստաթղթերը «փուլային մոտեցման հիման վրա կարգավորմանը հասնել նշանակում է` առաջին փուլում ենթադրելով առավել հրատապ խնդիրների լուծում, Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքների ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաշրջափակում»:
Լավրովը կարծում է, որ դրանց ստորագրումը լուրջ քայլ կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացման գործում: «Համոզված եմ, որ երբ մենք հանգենք այդ փաստաթղթերը ստորագրելու որոշմանը, սա կարևորագույն քայլ կլինի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերը կյանքի կոչելու ուղղությամբ և որոնք, կրկնում եմ ևս մեկ անգամ, պահանջում էին վերջ տալ պատերազմին և սկսել պայմանավորվել»,- շեշտել է Լավրովը:
«Սկսել են պայմանավորվել, հիմա պետք է պայմանավորվել: Հենց դրան էլ մենք ձգտում ենք` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Բացի այդ, Լավրովը լավ և օգտակար է անվանել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
«Հենց դրանում է մարմնավորվել Անվտանգության խորհրդի հենց այդ պահանջն այն մասին, որ անհրաժեշտ է վերջ տալ պատերազմին եւ սկսել պայմանավորվել»,- հավելել է նա: