Առողջապահության նախարարությունը չի տիրապետում կորոնավիրուսի տարածման իրական թվերին. Փաստահավաք խումբ
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար երկրում արտակարգ դրություն հայտարարելուց մի քանի օր անց իրավական, առողջապահական և լրատվական համայնքների ներկայացուցչները ստեղծեցին փաստահավաք խումբ: Նախատեսվում էր, որ խումբը զբաղվելու է նոր կորոնավիրուսի տարածման և դրա դեմ պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունների ընթացքում հանրության համար կասկածելի, դեռևս չստուգված կամ անուշադրության մատնված փաստերի հավաքագրմամբ, վերլուծմամբ և լուծման առաջարկներ մշակելով։
168.am-ի զրուցակիցը «COVID-19 Հայաստան. փաստահավաք խմբի» ներկայացուցիչ, analitik.am լրատվական կայքի ղեկավար Անի Հովհաննիսյանն է:
– Փաստահավաք խմբի վերջին հայտարարություններից մեկում նշել էիք, որ իշխանությունը թաքցնում է կորոնավիրուսի տարածման վերաբերյալ փաստացի վիճակը: Այժմ է՞լ եք այդ պնդումն անում:
– Նախ նշենք, որ նախարարության կողմից թվեր թաքցնելու գործելաոճն ի սկզբանե եղել է ու առաջին իսկ օրվանից ինչպես եղել է, ցավոք, այնպես շարունակում է մնալ: Կա նաև երկրորդ հարցը, որ իրենք շատ դեպքերում չեն էլ տիրապետում իրական թվերին: Այսինքն, այն ինֆորմացիան, որին իրենք տիրապետում են, ոչ ամբողջական է: Եվ, բացի դրանից, այդ ամբողջական ինֆորմացիան էլ իրենք են խեղաթյուրում: Փաստացի մենք ունենում ենք պատկեր, որ իրենց կողմից տրամադրված ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը, մեղմ ասած:
Մենք մոտ օրերս, ամենայն հավանականությամբ, հայտարարություն կտարածենք նաև այս հարցի մասով: Կներկայացնենք նաև այլ փաստեր և կբացենք նաև որոշակի փակագծեր, թե ինչի համար է նախարարության կողմից այդ գործելաոճը որդեգրված:
– Նշեցիք, որ նախարարությունը հաճախ քիչ ինֆորմացիայի է տիրապետում: Լծակնե՞րն են պակասում: Ո՞րն է պատճառը՝ ըստ Ձեզ:
– Նախ՝ առաջին, արտակարգ դրությունը մտցնելու ժամանակ, դեռևս մարտի 16-ին, իշխանությունը երբ որոշակի սահմանափակումներ կիրառեց մամուլի նկատմամբ, հենց ինքն իրեն զրկեց այդ ինֆորմացիաներին ամբողջական տիրապետելու հնարավորությունից: Որովհետև այդ իրավիճակում, երբ իշխանությունը փաստացի պարտավոր է մի քանի ուղղություններով աշխատել, և մենք տեսնում ենք, որ նրանց որոշումներն են ուշացած, շատ դեպքերում նրանք չեն կարողանում հասկանալ, թե երբ, ինչ պետք է անեն: Եվ մյուս կողմից էլ, իրենց զրկելով այդ ինֆորմացիայի այլընտրանքային աղբյուրից, այսինքն՝ մամուլից, իրենք արդեն իսկ ինֆորմացիային ամբողջական չափով ի սկզբանե չեն տիրապետել:
Եվ երկրորդ, ես կարծում եմ՝ նաև իրենց աշխատաոճի անփութությամբ, անլրջությամբ է պայմանավորված այն, որ հնարավոր չի լինում իրենց կողմից ամբողջապես հասկանալ, թե ինչ է կատարվում իրականում երկրում:
– Մշտապես վարակակիրների ավելացման հարցում նշվում է քաղաքացիների մեղավորության գործոնի մասին: Ի՞նչ տպավորություն ունեք, իսկապես քաղաքացիները չե՞ն գիտակցում, թե ինչ է տեղի ունենում:
– Այս դեպքում մենք գործ ունենք կոլեկտիվ անպատասխանատվության հետ: Այսինքն, երբ մեղադրում են քաղաքացիներին, իշխանությունը փաստացի իր գործը դնում է քաղաքացիների վրա, և այն, ինչ ինքը պետք է աներ, դրանում մեղադրում է քաղաքացիներին:
Բայց երբ մենք նայում ենք նույն մարտի 12-ին, երբ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներ էր անցկացնում և մարտի 12-ին շրջում էր մի քանի քաղաքներով, այդ ժամանակ կարծես թե ամեն ինչ նորմալ էր, և հաջորդ օրը՝ մարտի 13-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է զերծ մնալ զանգվածային միջոցառումներից, մարդաշատ վայրերից: Եվ այս պայմաններում խոսել քաղաքացիների պատասխանատվությունից, կարծում եմ՝ անլուրջ է, եթե մեղմ ասենք: Սա դեռ ամենապարզ օրինակն է:
Ես չեմ խոսում իշխանության մյուս անդամների հայտարարություններից, այդ թվում՝ Արսեն Թորոսյանի: Հիշում ենք հայտնի մամուլի ասուլիսը, նաև նրանց «ձեռնարկած քայլերը»:
Այսինքն՝ քաղաքացիների այդ անլուրջ, այսպես ասած, թեթև վերաբերմունքը կորոնավիրուսին, այն, որ՝ «դե, հիվանդություն է, էլի» , եկել է հենց իշխանությունից, և այդ դեպքում, նմանատիպ քայլեր անելուց հետո մեղադրել մարդկանց, որ չեն գիտակցում և տանը չեն մնում, հերթական անգամ փաստում է այն մասին, որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որն ուղղակի փորձելու է իր իսկ գործունեության պատասխանատվությունը բարդել այն քաղաքացիների վրա, որոնք իրեն բերել են իշխանության: Որոշ ժամանակ անց մենք ունենալու ենք մի վիճակ, երբ իշխանությունը քաղաքացիներին ասելու է, որ՝ «դուք եք մեղավոր, որ մենք ունեցանք այսպիսի լուրջ հետևանքներ»:
– Ի՞նչ իրավիճակ ունենք հիմա: Քաղաքացիները շարունակո՞ւմ են Ձեզ դիմել:
– Մեզ քաղաքացիները շարունակում են զանգահարել, մենք շարունակում ենք տարբեր ահազանգեր ստանալ: Եվ եթե սկզբնական փուլում ահազանգերը հիմնականում կապված էին առողջության հետ, թեստավորումների հետ, հիմա արդեն մարդկանց ավելի շատ հուզում են սոցիալական խնդիրները: Կարծես թե մարդիկ ինչ-որ չափով հարմարվել են այս հիվանդությանը, միևնույն ժամանակ՝ վախենում են, չգիտեն՝ ինչ անեն, ինչպես կանխեն դա, և հիմա փորձում են հասկանալ՝ ոնց ապրել: Մարդիկ ունեն ռեալ հացի խնդիր, աշխատանքի խնդիր: Այդ սոցիալ-տնտեսական միջոցառումները, որոնք կառավարության կողմից ընդունվել են, փաստացի ավելի շատ հայտարարելու համար են, այլ ոչ թե՝ ռեալ հարց են լուծում: Եվ բազմաթիվ մարդիկ, ովքեր օրավարձով էին աշխատում, ինչքան էլ ուզի վարչապետն ասի, որ չկան նման մարդիկ, այսօր արդեն հայտնվել են հաց առնել չկարողանալու խնդրի առջև:
– Կառավարության ծրագրերը Ձեր մատնանշած խնդիրներին լուծումներ չե՞ն տալիս:
– Եթե շատ հակիրճ խոսենք կառավարության ծրագրերի մասին, կարող են ուղղակի հպանցիկ անցնել և տեսնել, որ վարկավորման ծրագրերը որևէ հարց չեն լուծում այս իրավիճակում, որովհետև բիզնեսին տրամադրել վարկեր այն փուլում, երբ բիզնեսը չի կարողանալու այդ միջոցները շրջանառել, դա բիզնեսի համար որևէ հարց չի լուծելու, և ինքը որոշ ժամանակ անց հայտնվելու է շատ ավելի վատ վիճակում:
Սոցիալական աջակցության այն գումարները, որոնք տրամադրվում են հղիներին, նպաստառու ընտանիքներին, այնքան չնչին գումարներ են, և այնտեղ ներառված է մարդկանց այնպիսի փոքր խումբ, ստեղծված են այնպիսի պայմաններ, որ այդ պայմաններին համապատասխանում է շատ քիչ թվով մարդ, և փաստացի այդ մարդկանց համար էլ այդ գումարը որևէ հարց չի լուծելու:
Վերջերս ընդունված ուսանողների վարձավճարների փոխհատուցման վերաբերյալ ծրագրում նորից ներառված են այնպիսի թվով ուսանողներ, որ հնարավորինս քիչ լինեն: Այսինքն՝ մենք այստեղ նորից գործ ունենք ցուցադրական գործունեության հետ: Կառավարությունը միջոցառումների քանակով փորձում է ցույց տալ, որ ինքն ինչ-որ գործ է անում: Բայց երբ նայում ենք այդ միջոցառումների բովանդակությունը, հասկանում ենք, որ այնտեղ որևէ կոնկրետ քաղաքացիներին աջակցող ծրագիր չկա:
Երևի կարող եմ առանձնացնել միայն կոմունալ վարձավճարների 50% և 30% փոխհատուցումը, որը քիչ թե շատ ինչ-որ հարց է լուծում:
-Փաստահավաք խումբը, հավանաբար, բավականին շատ տվյալների է տիրապետում: Ըստ Ձեզ՝ կորոնավիրուսն այս պահին վերահսկելի՞ է:
– Նշեմ, որ կորոնավիրուսն ի սկզբանե չի վերահսկվել, չի վերահսկվել դեռևս մինչև արտակարգ դրություն մտցնելը: Այս պահին, բնականաբար, այլևս անհնար էլ է վերահսկել, և դրա մասին արդեն ստիպված հայտարարեց առողջապահության նախարարը: Իհարկե, Նիկոլ Փաշինյանը միշտ ասում է, որ վերահսկվում է, բայց, ցավոք, ի սկզբանե չի եղել վերահսկողություն, և հենց դրա պատճառով է, որ մենք այսօր հայտնվել ենք այսպիսի իրավիճակում: Որովհետև եթե սկզբնական փուլում, նախքան առաջին դեպքի հաստատվելը, լիներ իշխանության կողմից լուրջ վերաբերմունք, ապա մենք կունենայինք շատ ավելի վերահսկելի վիճակ այսօր:
– Ի վերջո, պարետատան հետ կապ հաստատել կարողացա՞ք:
– Մինչև այս պահը ոչ միայն մենք, այլև բազմաթիվ քաղաքացիներ, որոնք մեզ նաև ահազանգում են այդ հարցով, նշում են, որ պարետատան հետ ոչ մի կերպ ուղղակի կապ հաստատել չի ստացվում: Այսինքն, ժամեր է տևում զանգելը, և զանգելուց հետո, միևնույն է, չեն պատասխանում: Այս խնդիրն ի սկզբանե կար, եղել է, և մենք այդ մասին հայտարարություն ենք տարածել: Իրենք ասում են, որ բաց են առաջարկությունների համար, բայց կարծում եմ՝ արդեն այսքանով ամեն ինչ պարզ է: