Բաժիններ՝

Հայ գիտնականներն ավարտել են նոր՝  20 օզոնատորների պատրաստումը․ դրանք արդեն տեղափոխել են հիվանդանոց

Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտի) գիտաշխատողներն ավարտել են 20  օզոնատորների պատրաստումը, որոնք տեղափոխվել են  «Էրեբունի» բժշկական կենտրոն։

«Երևի հենց այսօրվանից կսկսվի կիրառումը։ Հետագա պլաններից դեռ տեղյակ չեմ։ Այս սարքերը տրվում են՝ որպես նվիրատվություն, օգնություն՝  լաբորատորիայի կողմից, առանց գումարի, անվճար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց լաբորատորիայի գիտաշխատող Գևորգ Հովհաննիսյանը։

Նրա փոխանցմամբ՝ օզոնատորներն արտադրում են օզոն` էներգիա փոխանցելով թթվածնի մոլեկուլներին (O2), որի հետևանքով թթվածնի ատոմները վերակառուցվում են օզոնի (O3):

«Այս գործընթացը բնության մեջ տեղի է ունենում երկու եղանակով՝ կայծակի ժամանակ՝ կամար, և ճառագայթման շնորհիվ՝ (ուլտրամանուշակագույն լույս)։ Տվյալ ախտահանիչ սարքը պատկանում է գազային ախտահանիչների դասին և նախատեսված է բժշկական սարքավորումների, ինչպես նաև  գործիքների, արտահագուստի և դիմակների ախտահանման համար սենյակային ջերմաստիճաններում՝ առանցքի միկատների կիրառման։ Սարքի աշխատանքը հիմնված է օզոնի կիրառման վրա՝ որպես ախտահանող ռեագենտ: Օզոնի բարձր օքսիդացնող ունակության շնորհիվ օզոնային մթնոլորտում տեղի է ունենում միկրոօրգանիզմների ինտենսիվ «այրում»»,- մանրամասնեց Գևորգ Հովհաննիսյանը։

Հարցին, թե ինչպե՞ս առաջացավ նմանատիպ սարք պատրաստելու գաղափարը, որքա՞ն ժամանակ պահանջվեց դրա համար, երիտասարդ գիտաշխատողը պատասխանեց․

«Արտակարգ դրություն հայտարարելուց հետո մեր ինստիտուտի տնօրեն Անի Ապրահամյանը երիտասարդների հետ տեսակապով քննարկում կազմակերպեց։ Քննարկման իմաստն այն էր, թե մենք՝ «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան»,  ինչո՞վ կարող ենք օգնել մեր երկրին։ Առաջարկներ շատ եղան։ Բայց ինձ միանգամից գրավեց օզոնատորի գաղափարը։ Քանի որ մեր լաբորատորիայի աշխատակիցներից մեկը դեռ  90-ական թվականներին ուներ հավաքած և պատենտավորած օզոնատոր, պայմանավորվեցինք հաջորդ օրը հանդիպել լաբորատորիայում, որտեղ կծանոթանայինք այդ սարքի հետ։

Հաջորդ օրը ծանոթացա սարքի աշխատանքի հետ։ Ինչպես նշվել էր՝ սարքը հավաքված էր 90-ական թվականներին, բնականաբար, այդ թվականներին բնորոշ սխեմայով։ Հասկանալով աշխատանքի սկզբունքը՝ որոշեցի նոր, արդեն իմ սխեմայով հավաքել սարքը։ Եվ դա պետք էր անել, ինչքան հնարավոր է, շուտ։ 3 օրում, աշխատելով նույնիսկ գիշերը, կարողացա ստանալ օզոնատորի նոր տարբերակը։ Երբ մոդելն արդեն պատրաստ էր, տնօրենը լաբորատորիա հրավիրեց Առողջապահության նախարարության ներկայացուցչին՝ փոխնախարարին, որն էլ հավանություն տվեց և նախնական այս սարքից 20 հատ ուզեց։ Անմիջապես շարունակեցի աշխատանքը։ Աշխատանքներին միացան նաև Իզոտոպների արտադրության բաժնի մեր աշխատակիցները, որտեղ ես եմ աշխատում, բաժնի ղեկավար Ալբերտ Ավետիսյանի գլխավորությամբ։

Դարձյալ շարունակելով աշխատանքները՝ նույնիսկ գիշերները, մենք 10 օր հետո ունեցանք 20 հատ օզոնային գեներատորներ։ Կազմվել է նաև սարքի տեխնիկական նկարագիր՝ Հռիփսիմե Մկրտչյանի օգնությամբ։

Քանի որ բազմակի օգտագործման դիմակներ պետք է պատրաստեր Անդրանիկ Մանուկյանը, իսկ նա ինձ էր օգնում օզոնատորների պատրաստման գործում, ունենք ընդամենը 1 փորձնական տարբերակ։ Այդ դիմակը նախատեսված է բազմակի օգտագործման համար, այսինքն՝ կարելի է հաճախակի փոխել ֆիլտրը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս