Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանք չի կիրառվի
Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանք չի կիրառվի։
«Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը»,- ասացին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ապացույցներ կեղծելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Այս տարիների ընթացքում դատախազությունը մի քանի անգամ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, սակայն դատարանը մերժել է:
Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում՝ պնդում է, որ հետախուզումն անօրինական է։
2020 թվականի մարտի 15-ին Վահագն Հարությունյանը Ռուսաստանում ձերբակալվել էր և տեղափոխել են Տվերի շրջանի դատախազություն՝ արտահանձնման գործընթացը ստուգելու համար, իսկ արդեն մարտի 16-ին ազատ էր արձակվել՝ նրան մեղսագրվող արարքի համար ՌԴ օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: