Մինչև ապրիլի 18-ը կարգելվի ելումուտը Նորաշեն համայնք. ՀՀ պարետի որոշում
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 18-ը ժամը 23։59-ը սահմանափակումներ են կիրառվել Արարատի մարզի Նորաշեն համայնքում։
Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորև.
«1) ՀՀ Արարատի մարզի մարզի Նորաշեն համայնքում կիրառել հետևյալ սահմանափակումները՝
Ա) Համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը, բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման.
Բ) Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Նորաշեն համայնք մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020թ. ապրիլի 15-ը ժամը 24։00-ն Նորաշեն համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը.
Գ) Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար ՀՀ ԱԱԾ և Ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Նորաշեն համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով։
2) ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ ապահովել սույն որոշման իրականացումը։
3) Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարկման պահին և գործում է մինչև 2020թ. ապրիլի 18-ը՝ ժամը 23։59-ը»,- նշված է պարետի որոշման մեջ։