«Որքան հասկանում եմ՝ կա որոշակի քաղաքականություն՝ ընդդեմ Մայր եկեղեցու, ընդդեմ եկեղեցու պաշտոնյաների»․ Տեր Սմբատ քահանա Սարգսյան
«Նախ ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը հայտարարությամբ հանդես չի եկել, լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան՝ ասել է, որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ աշխարհի բոլոր երկրներում արդեն կա այդ ավանդույթը՝ համավարակի առնչությամբ ռիսկային տարիքային խմբում գտնվող անձանց նկատմամբ մարդասիրություն ցուցաբերելով՝ փոփոխել խափանման միջոցը, նա էլ հորդորել է, որ մեր հայրենի իշխանություններն այդպես վարվեն»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Տեր Սմբատ քահանա Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը News.am-ի հետ զրույցի վերջում ասել էր, որ հաղորդ լինելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին՝ կարևոր է համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ՝ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից։
Վեհափառի հարցազրույցի վերոնշյալ հատվածի վերաբերյալ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է, որ կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը: Ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ, արդեն շատ երկար ժամանակ է, կարևոր են համարում Ամենայն Հայոց կաթողիկոսի փոփոխության հարցը: Կարծում եմ` քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, ով տասնամյակներ շարունակ լռել է, լռել է, լռել է, այսօր` նոր իրավիճակում, ազատ կարող է դատարանում երաշխավոր հանդիսանալ քաղաքացի Ռ. Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար, և դրա համար բավարար դրամական միջոցներ կգտնվեն»:
Ալեն Սիմոնյանի և իշխանության այլ ներկայացուցիչների գնահատականների վերաբերյալ մեր հարցին ի պատասխան՝ Տեր Սմբատը հետևյալն ասաց․
«Երևելի անձեր են իրենք, հասարակական դեմքեր, ովքեր կարող են իրենց կարծիքն ունենալ, տրամաբանական է իրենց կարծիքի արտահայտությունը, թեև մենք կարող ենք համաձայն չլինել իրենց հետ, որովհետև խիստ սուբյեկտիվ է և ասված ինչ-ինչ հրամայականներով և հանգամանքներով։ Ես ավելի շատ շեշտում եմ հրամայականը, որովհետև, որքան հասկանում եմ՝ կա որոշակի քաղաքականություն՝ ընդդեմ Մայր եկեղեցու, ընդդեմ եկեղեցու պաշտոնյաների, և փաստորեն այս մարդիկ, ովքեր այժմ որպես պետական պաշտոնյա՝ ոչ միայն իրենց անձնական կարծիքն են արտահայտում, այլ նաև իրականացնում են պետական քաղաքականություն։
Մենք՝ հոգևորականներս, Աստծո պատվիրանն ունենք․ Տեր Հիսուս Քրիստոսն ասում է՝ սիրեցեք միմյանց այնպես, ինչպես ես ձեզ սիրեցի։ Այսինքն՝ պետք է այդքան կարողություն ունենանք, որ նույնիսկ մեր թշնամիներին սիրենք։ Ես չեմ ասում, որ Ռոբերտ Քոչարյանը մեր թշնամին է, գուցե ոմանք այդպես կարծում են՝ թավշյա հեղափոխության կոնտեքստի մեջ այն դիտարկելով, բայց ես այդպես չեմ համարում, այդուհանդերձ, խոսքը դրա մասին չէ, այլ այն մասին, որ հասարակության մի մասը շատ զգացմունքային ձևով է տրված այս անցուդարձին, և այդ պետական պաշտոնյաները, շատ լավ իմանալով այս վերաբերմունքն իրենց նկատմամբ, այսպես հավանություն են շահում՝ ամբոխահաճո արտահայտություններ անելով»։
Քահանան նկատեց՝ հատկապես այս օրերին, երբ համավարակի հետ կապված՝ երկրի առջև ծառացել են մի շարք խնդիրներ, հոգևորականները կոչ են անում աղոթել բոլոր պետական պաշտոնյաների, բժիշկների, ոստիկանների և բոլոր նրանց համար, ովքեր համավարակի շրջանակներում առաջամարտիկներ են և պայքարում են դրա դեմ, լուրջ պատասխանատվություն են կրում․ «Հիմա էլ շարունակում եմ ինքս աղոթել նրանց համար։ Եվ հիմա աղոթում եմ, որ ոչ միայն ուժ և կարողություն ունենան, այլև պետք է ավելացնեմ, որ իմաստություն ունենան, որպեսզի բարին չհալածեն։
Հայ Առաքելական եկեղեցին մեր ժողովրդի բարոյականության առաջնորդն է, ես դրանում վստահ եմ և այժմ պնդում եմ այն հանգամանքը, որ մենք ծառայում ենք մեր ժողովրդին, որ իրենք չապրեն զուտ նյութական ակնկալիքներով, այլ հոգևոր տրամաբանությամբ, խղճով ապրեն։ Եկեղեցու ծառայությունը նպաստում է դրան։ Մենք տարբեր վայրերում, տարբեր իրավիճակներում ժողովրդի կողքին ենք, ծառայում ենք, և այս ամենը չտեսնելն ու չգնահատելը, մեղմ ասած, ոչ կոմպետենտ վերաբերմունք է»։