Բաժիններ՝

Ամենալուրջը 12-րդ դասարանցիների խնդիրն է․ ովքեր բուհեր են դիմելու, նրանց զորակոչը կարելի է իրականացնել, ասենք, հուլիսի վերջին․ Սերոբ Խաչատրյան

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը «Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկման ժամանակ կարծիք էր հայտնել, որ ճիշտ կլինի կիսամյակը փակել սեպտեմբերին, որովհետև անգամ առցանց կրթություն իրականացնող արտերկրի համալսարանները վերջին քննությունը կազմակերպում են երես առ երես հանդիպմամբ:

Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյան էլ «Հայկական Ժամանակ» օրաթերթի հետ զրույցում առաջարկել  է ԵՊՀ երկրորդ կիսամյակի քննաշրջանում 20 բալանոցի փոխարեն՝ կիրառել «հանձնել է, չի հանձնել» գնահատման համակարգը։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ սեպտեմբերին կիսամյակը փակելու առաջարկը չի կարող աշխատել, որովհետև այդ ամսին սկսվում է ուսումնական նոր տարին։

«Չեմ կարծում, որ լուրջ խնդիր է՝ մայիսի վերջին կամ հունիսի սկզբին փակել կիսամյակը, դա, ի վերջո, այդքան էլ ճակատագրական խնդիր չէ։ Ուստի, կարծում եմ, որ անիմաստ է հետաձգել մինչև սեպտեմբեր։ Ամենալուրջը 12-րդ դասարանցիների խնդիրն է, որովհետև կան երկրներ, որ հետաձգել են քննությունները, դրանք օգոստոսին են լինելու, բայց մենք չենք կարող, որովհետև կա զորակոչի խնդիր, դրա համար հունիս-հուլիս ամիսներին պետք է ավարտվեն քննությունները։ Կարծում եմ, որ դա էլ է հնարավոր կազմակերպել․ ովքեր բուհեր են դիմելու, նրանց զորակոչը կարելի է իրականացնել, ասենք, հուլիսի վերջին, ընդունելության քննությունները մի փոքր տեղաշարժել դեպի հուլիս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերոբ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ քննություններրը թեթևացված ռեժիմով կարելի է  անցկացնել, ամեն օր քիչ թվով դիմորդներ գնան, որպեսզի ապահովվի ֆիզիկական հեռավորությունը։

«Կամ այն դպրոցները, որտեղ անցկացվելու են միասնական քննությունները, գուցե դրանց թիվը փորձեն ավելացնել, որ մարդկանց տեղաշարժն ավելի սահմանափակվի։ Ծայրահեղ դեպքում երևի հնարավոր է նաև առցանց ձևով անցկացնելու տարբերակ էլ քննարկել։ Սա ամենաբարդ հարցերից մեկն է, և արդեն ժամանակն է, որ լուծում ստանա»,- նշեց կրթության փորձագետը։

Ինչ վերաբերում է երկրորդ կիսամյակի քննաշրջանում 20 բալանոցի փոխարեն՝ «հանձնել է, չի հանձնել» գնահատման համակարգը կիրառելուն՝ Սերոբ Խաչատրյանը նկատեց․ «Այս տարբերակը բուհերում մեկ խնդիր կարող է առաջացնել․ տեսեք, ունենք ռոտացիայի համակարգ, այսինքն, եթե մենք «հանձնել է, չի հանձնել» ձևով ուսանողներին գնահատենք, խնդիր կունենանք այն իմաստով, որ հարց կառաջանա, թե ինչպե՞ս է որոշվելու ռոտացիան, հաջորդ տարի ո՞վ է անցնելու անվճար, ո՞վ՝ վճարովի։ Այստեղ ուսանողներն էլ կարող են դժգոհել՝ ասելով, որ իրենք շատ լավ սովորել են, պատրաստ են և կարող են հանձնել քննությունները։

Դպրոցների դեպքում այդ խնդիրը չկա, չեմ կարծում, որ աշակերտները կամ ծնողները որևէ բողոք ունենան։ Իսկ բուհերում սա խնդիր է․ եթե ասենք՝ եկեք, այս կիսամյակը ստուգված-չստուգվածով անենք, իսկ նախորդ կիսամյակի արդյունքների հիման վրա ռոտացիան անենք, էլի  կարող է ուսանողների մոտ դժգոհություն լինել։ Միգուցե լինեն ուսանողներ, ովքեր կասեն, որ շատ լավ պատրաստված են, ուզում են իրենց միավորը ստանալ, որպեսզի անցնեն, օրինակ, անվճար համակարգ»։

Կրթության փորձագետի դիտարկմամբ՝ բուհերում տարբերակ է քննության բանավոր անցկացումը։

«Օրինակ, կարող են ժամ նշանակել, և տվյալ ուսանողն այդ ժամին մուտք գործի Zoom, Moodle կամ այլ  էլեկտրոնային ուսուցման  հարթակ և բանավոր պատասխանի դասախոսի հարցերին, ու քննությունն այդպես անցկացվի»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս