«Եթե ունենք էթիկայի մասին պատկերացումներով, օրենքներով առաջնորդվող երկիր, ապա Ալեն Սիմոնյանն այլևս իր պաշտոնում չպետք է լիներ»․ Վահե Բեգոյան
«Նախ՝ Ալեն Սիմոնյանն իրավունք չունի խոսել ողջ հանրության անունից, առավել ևս՝ մի մարդու մասին, որն ընտրվել է Ազգային եկեղեցական ժողովով՝ համազգային ընտրությունների միջոցով, որտեղ միայն ՀՀ քաղաքացիները չեն եղել։ Ալեն Սիմոնյանը շատ փոքր է՝ ազգընտիր մեկի մասին նման ձևով խոսելու համար»,- 168․am-ի հետ զրույցում ասաց «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Վահե Բեգոյանը։
Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը News.am-ի հետ զրույցում ասել էր, որ հաղորդ լինելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին՝ կարևոր է համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ՝ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից։
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի հայտարարությանը՝ գրելով.
«Այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է, որ կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը: Ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է՝ կարևոր են համարում Ամենայն Հայոց կաթողիկոսի փոփոխության հարցը: Կարծում եմ` քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, ով տասնամյակներ շարունակ լռել է, լռել է, լռել է, այսօր` նոր իրավիճակում, ազատ կարող է դատարանում երաշխավոր հանդիսանալ քաղաքացի Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար, և դրա համար բավարար դրամական միջոցներ կգտնվեն»:
Վահե Բեգոյանը նկատեց՝ Ամենայն Հայոց կաթողիկոսն Ազգային եկեղեցական ժողովի ընտրությունները հաղթել է ձայների բացարձակ մեծամասնությամբ՝ ունենալով ազգի քվե․
«Իսկ Ալեն Սիմոնյանի կուսակցությունն ընտրվել է ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների 44%-ի 70% տոկոսի ձայներով, ինչը կազմում է հասարակության բավական փոքր մի խումբ։ Սա է իրականությունը։ Անկախ նրանից՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը տվյալ պետական պաշտոնյային կամ իր շեֆին ականջահաճո բանե՞ր է ասել, թե՞ ոչ, նման լեքսիկոնով Կաթողիկոսի մասին խոսելը ոչ միայն անվայել է, այլև ինքը առավոտյան այլևս պետք է այդ պաշտոնում չարթնանար, եթե մենք ունենք նորմալ, էթիկայի մասին պատկերացումներ ունեցող, օրենքներով առաջնորդվող երկիր։
Ես այսօր ակնկալում էի, որ պետք է լինի առնվազն պետություն և եկեղեցի հարաբերությունները քննող հանձնաժողովի արտահերթ նիստ, որովհետև երբ ԱԺ փոխխոսնակն այսպես է խոսում, սա պետություն և եկեղեցի հարաբերությունների կտրուկ վատթարացում է նշանակում։ Նորից կրկնեմ՝ Ալեն Սիմոնյանը կարող է խոսել շատ փոքր թվով մարդկանց անունից և չի կարող Կաթողիկոսի հրաժարականը որպես համազգային պահանջ ներկայացնել․ նման բան չկա, դա կեղծիք է։ Ինքը չունի քվե՝ խոսելու այդ հազարների անունից։ Ընդ որում՝ իրեն քվե տված մարդկանց մեջ էլ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջողները շատ փոքր տոկոս են կազմում»։
Նա ընդգծեց՝ որևէ բան ասելուց էլ որևէ Ամենայն Հայոց կաթողիկոս որևէ մեկից թույլտվություն չի վերցրել և չի վերցնելու․ «Կաթողիկոսը միշտ եղել է հաշտարար՝ «իրար ուտող» հայ իշխանների մեջ։ Պատմության բոլոր ընթացքներում հայ իշխաններն իրար կերել են, կաթողիկոսներն էլ հայտնվել են մեջտեղում և փորձել բոլորին հաշտեցնել։ Մարտի 1-ին էլ ներկայիս Կաթողիկոսը, մի կողմ դնելով իր անձնական շատ լարված հարաբերությունները Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, գնացել և կանգնել էր նրա դռների առաջ, և Լևոն Տեր-Պետրոսյանը դուռը չբացեց, Կաթողիկոսին չընդունեց։ Այն ժամանակից էլ Կաթողիկոսը հաշտարարի դեր է ունեցել հայ իրականության մեջ։ Ալեն Սիմոնյանին եթե դուր չի գալիս, դա իր անձնական գործն է»։
Ամենայն Հայոց կաթողիկոսի հայտարարությանն արձագանքել էր նաև վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ «Նախ հիշեցնենք, որ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մինչ այս եղել է Ռոբերտ Քոչարյանի հետ նույն` Մարտի 1-ի գործով անցնող, տարբեր հանցանքների, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն և փողերի լվացմանն օժանդակելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանի անձնական երաշխավորը։ Մայրապետյանը 2019-ի հունվարից բուժման պատրվակով մեկնել է երկրից, և չնայած քննչական մարմնի պահանջին և ի հեճուկս Տեր Վահրամ քահանա Մելիքյանի երաշխավորությանը՝ չի վերադարձել Հայաստան։ ՀՀ կառավարությունը որևէ մեկնաբանություն չունի Վեհափառի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ, միևնույն ժամանակ ակնկալում ենք, որ Մայր Աթոռը կվերագնահատի Մայրապետյանի երաշխավորության պատմությունը և դրա հետևանքով առաջացած վիճակը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի քարտուղարը:
Վահե Բեգոյանը նկատեց՝ Տեր Վահրամը Ամենայն Հայոց կաթողիկոս չէ, ինչպես նաև Մայրապետյանը Ռոբերտ Քոչարյան չէ, իսկ վարչապետի խոսնակը, ըստ նրա՝ պետք է մարդկանց կշիռների մասին պատկերացում ունենա․ «Տեր Վահրամն ընդամենը քահանա է, Մայրապետյանն էլ ընդամենը Մայրապետյան է։
Այս դեպքում խոսում է Ամենայն Հայոց կաթողիկոսը և խոսում է հանրապետության Երկրորդ նախագահի, Արցախի ազգային հերոսի և Արցախի Հանրապետության առաջին նախագահի մասին։ Եթե վարչապետի խոսնակը տարբերությունը չի հասկանում, ուրեմն ինքն էլ չի համապատասխանում իր պաշտոնին։ Ամենայն Հայոց կաթողիկոսը հայ ժողովրդի պատմության մեջ մնալու է միշտ, այնպես, ինչպես Ռոբերտ Քոչարյանը, իսկ Տեր Վահրամին և Մայրապետյանին ոչ ոք չի հիշելու»։