Բաժիններ՝

COVID-19. Ապաքինվել է շուրջ 460.000 մարդ. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 939 հազար 463-ի:

Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 120 հազարը: Ապաքինվել է շուրջ 460 հազար մարդ:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 587 հազար 173 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 23 հազար 644 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 172 հազար 541 է: Մեկ օրում 2 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: Մահացության ցուցանիշը 18 հազար 56 է:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 159 հազար 516 է: Վարակից մահացել է 20 հազար 465 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 136 հազար 779 հաստատված դեպք, մահացել է 14 հազար 967 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 130 հազար 214 հաստատված դեպք կա, մահացել է 3 հազար 203 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 88 հազար 621 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 11 հազար 329:

Չինաստանն առանձնանում է 82 հազար 249 ընդհանուր, 89 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 341 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 74 հազար 877: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 683 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 61 հազար 49 է, Բելգիայում՝ 31 հազար 119 է, Նիդերլանդներում՝ 27 հազար 419 է, Շվեյցարիայում՝ 25 հազար 807 է:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 296 դեպք կա, Ռուսաստանում` 21 հազար 102: ՌԴ-ում մահացել է 170 մարդ:

Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 4 հազար 521, այստեղ գրանցվել է մահացության 25 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 3 հազար 428 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 164 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2190: Իրաքում վարակվածների թիվը 1378 է, մահացության ցուցանիշը 78 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 3 դեպք, վարակվածության՝ 1355:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:

Վատիկանը երկարաձգել է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները

Սուրբ աթոռը որոշում է կայացրել հիմնական միջոցառումների ժամկետը երկարաձգել մինչև մայիսի 3-ը ՝ կապված կորոնավիրուսի տարածումը կանխելու հետ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Սուրբ աթոռը երկարաձգում է կանխարգելման միջոցառումների ժամկետը մինչև մայիսի 3-ը, որպեսզի կարողանա հակազդել COVID-19-ի հետևանքով ստեղծված իրավիճակին»,-նշված է հայտարարության մեջ:

Մարտի 10-ին Վատիկանի իշխանությունները արտակարգ միջոցառումներ ձեռնարկելու որոշում էին ընդունել՝ ուղղված կորոնավիրուսի տարածումը կանխելուն: Հռոմի պապի մասնակցությամբ բոլոր ծեսերը անցկացվում են առանց մեծ թվով ուխտավորների: Իրականացվում է այդ արարողությունների օնլայն հեռարձակում: Վատիկանի իշխանությունները զբոսաշրջիկների համար փակել են էքսկուրսիաները:

Վատագույնն անցյալում է. Նյու Յորքի նահանգապետ

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված՝ վատագույն իրավիճակն անցյալում է: Նյու Յորք, Փենսիլվանիա, Նյու Ջերսի, Ռոդ Այլենդ, Դելավեր, Կոնեկտիկուտ նահանգները մշակում են պլան շրջաններում տնտեսական գործունեության վերականգնման, դպրոցների բացման և կենսագործունեության այլ կարևոր հարցերի համար:

«Ես կարծում եմ, որ վատագույնն անցյալում է, եթե մենք առաջիկայում ևս շարունակենք գործել խելացի: Կարծում եմ, որ կարող ենք դուրս գալ բնականոն կյանքի անցնելու ուղի»,-ասել է նա: Միևնույն ժամանակ՝ նահանգապպետը զգուշացրել է, որ եթե մարդիկ հետագայում չպահպանեն ընդունված սահմանափակումները, ապա իրավիճակը կվատանա: «Դուք կարող եք երկու- երեք օր անմտածված պահվածքով շուռ տալ այդ թվերը»,- ասել է նա: Նահանգապետը նշել է, որ թեպետ վարակի տարածումն իրենց մոտ հասել է պիկին, սակայն առջևում դեռ մի քանի դժվարին շաբաթներ են սպասում:

Նյու Յորք նահանգում վարակից մահացել է ավելի քան 5 հազար մարդ, գրեթե 19 հազար վարակված շարունակում է մնալ հիվանդանոցում: Կուոմոն տեղեկացրել է, որ բոլոր հիմնական ցուցանիշներով նշմարվում է նվազում:

ԵԱՏՄ երկրների առաջնորդները հանդես են եկել ապրանքների ազատ տեղաշարժը պահպանելու օգտին

ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդները հանդես են եկել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքը պահպանելու օգտին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք հանդես ենք գալիս միջազգային հանրության միասնականության և համաշխարհային տնտեսության կայունության, ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքը պահպանելու օգտին, այդ թվում սոցիալական նշանակության ապրանքների՝ սննդամթերքի, բժշկական սարքավորումների և դեղամիջոցների, անհատական պաշտպանության բժշկական պարագաների»,-ասված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամների համատեղ հայտարարության մեջ՝ կապված COVID-19 պանդեմիայի հետ:

Կարանտինի մեղմացում. Ավստրիայում թույլատրվում է որոշ խանութների բացումը

Ավստրիան սկսել է մեղմացնել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար սահմանված սահմանափակումները:  «Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ փոքր խանութները, մասնագիտացված առևտրի կետերը, որտեղ վաճառվում են շինարարական և պարտեզի խնամքի պարագաներ, ապրիլի 14-ից վերսկսում են իրենց աշխատանքը: «Մենք ցանկանում ենք տնտեսական առումով հնարավորինս շուտ հաղթահարել ճգնաժամը»,-հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը:

Սահմանափակումների մեղմացմանը զուգահեռ գործում են մի շարք պահանջներ: Մասնավորապես, խանութներում միաժամանակ պետք է գտնվեն սահմանափակ թվով մարդիկ, այցելուները պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ, պահպանեն սոցիալական հեռավորություն: Մնացած բոլոր խանութները, առևտրի կենտրոնները, վարսավիրանոցները կբացվեն մայիսի 1-ին, ռեստորանները, հյուրանոցներն իրենց աշխատանքը կվերսկսեն մայիսի կեսից: Դպրոցները կմնան փակ և կշարունակեն հեռավար ուսուցումը մինչև մայիսի կեսերը: Ավստրիան Եվրամիության միակ երկիրը չէ, որն անցում է կատարել սահմանափակումների մեղմացմանը: Իսպանիայի իշխանությունները թույլ են տվել ապրիլի 13-ից վերսկսել աշխատանքները շինարարական ոլորտում և առանձին արդյունաբերական հատվածներում: Դանիայում ապրիլի 15-ին իրենց դռները կբացեն մանկապարտեզներն ու տարրական դպրոցները:

ԱՀԿ-ն համեմատել է կորոնավիրուսի ու «խոզի գրիպի» ցուցանիշները

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը համեմատություն է անցկացրել COVID-19-ի ու «խոզի գրիպի» ցուցանիշների, վարակի տարածվածության միջև: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ «խոզի գրիպի» ժամանակ վարակը տարածվում էր 2009 թվականի հունվարից մինչև 2010 թվականի օգոստոսը: Այդ ընթացքում աշխարհում վարակվել էր 1.6 մլն մարդ: Գրանցվել էր մահացության 18 հազար 449 դեպք: ԱՀԿ ղեկավարը նշել է, որ կորոնավիրուսի դեպքում մահացության ցուցանիշը «խոզի գրիպի» համեմատ մի քանի անգամ ավելի է: «Մենք գիտենք, որ կորոնավիրուսը շատ արագ տարածվում է և որ այն մահացու է: Այն 10 անգամ ավելի մահացու է, քան 2009 թվականին տարածում գտած գրիպի պանդեմիան»,- նշել է Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը: ԱՀԿ ղեկավարը հիշեցրել է, որ կորոնավիրուսի տարածումը կանգնեցնելը հնարավոր է վարակի վաղ հայտնաբերման, թեստավորման, մեկուսացման և կոնտակտավորներին վերահսկելու պարագայում:

ԱՄՆ-ն ԱՀԿ-ի ֆինանսավորման հետ կապված որոշում կկայացնի շաբաթվա վերջին

Ամերիկայի Միացյալ Նահանգները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ուղղվող ֆինանսավորման հնարավոր դադարեցման մասին որոշումը կկայացնի շաբաթվա վերջին: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ընթացքում: «Մենք դա կքննարկենք շատ շուտով, և կլինի զեկույց: Ես գոհ չեմ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ իրենց քննարկման առանցքում կլինի նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությունը: Ապրիլի 10-ին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ընթացքում Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ մոտ օրերին ամերիկյան կառավարությունը հայտարարություն կանի իր կողմից ԱՀԿ-ին ուղղվող ֆինանսավորման վերաբերյալ: Մի քանի անգամ ԱՄՆ-ի նախագահի կողմից քննադատություն է հնչել ԱՀԿ-ի գործունեության վերաբերյալ: «Թվիթեր»-ում նա գրել էր, որ այդ կազկերպությունը «հիմանականում ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կողմից, սակայն կենտրոնանում է Չինաստանի վրա»: Ավելի ուշ լրագրողների հետ հանդիպմանը Թրամփը նշել էր, որ Վաշինգտոնում դիտարկում են ԱՀԿ-ին ուղղվող ֆինանսավորման հնարավոր դադարեցման հարցը:

Մեծ Բրիտանիան կարանտինի ժամկետը կերկարաձգի մինչև մայիսի 7-ը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը շաբաթվա վերջին կհայտարարարի կարանտինի ժամկետը մինչև մայիսի 7-ը երկարաձգելու մասին: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով «Times»-ին: Ռաաբն ավելի վաղ տեղեկացրել էր, որ կարանտինի ռեժիմում փոփոխություններ մտցնելու հետ կապված ակնկալիքներ պետք չէ ունենալ: Դեռ վստահություն չկա, որ իրավիճակն անվտանգ է: Առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 հազար 329 մարդ: Վարակվածների ընդհանուր թիվը 88 հազար 621 է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս