Բաժիններ՝

«Մենք հստակ պատկերացնում ենք, որ շատ ավելի դժվարին ժամանակներ են գալու մեզ համար». Զարուհի Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ նախարարությունում գործում են թեժ գծեր և քաղաքացիները կարող են իրենց դիմել հարցերի դեպքում.

«Մենք ունենք երկու թեժ գիծ, որոնցից մեկը 114-ն է, և այն աշխատում է շուրջօրյա, և քանի որ ծանրաբեռնվածությունը շատ մեծ էր, ևս մեկ թեժ գիծ ենք գործարկել՝ արդեն մեկ շաբաթ է, և ավելի քան 45 հազար զանգ ենք ստացել հինգ օրվա ընթացքում: Այս թեժ գծի միջոցով, մասնավորապես, կարելի է ծանոթանալ հայտարարված ծրագրերի մանրամասների մասին, այդ թեժ գծի հեռախոսահամարն է՝ 011300114՝ գործում է միայն աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերին»:

Նախարարը հավելեց, որ թե՛ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջը, թե՛ նախարարության էջերն ապահովում են տեղեկատվական հասանելիություն:

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե հաշվի առնելով երկարաձգվող արտակարգ դրությունը՝ նախատեսվո՞ւմ են արդյոք օժանդակության նոր միջոցներ, և արդյո՞ք բավարար է տնտեսվարողին տրվող մեկանգամյա օժանդակությունը, Զ. Բաթոյանն արձագանքեց.

«Բնականաբար, բավարար չեմ համարում ոչ տնտեսական, ոչ սոցիալական միջոցառումները, որ կարող են ամբողջությամբ մեղմել կամ խնդիրը լուծել. Սրանք իրավիճակային աջակցություններ են, որոնք պետք է պարզապես օգնեն իրավիճակը հաղթահարել, մեղմել: Ավելի կայուն աջակցությանն ուղղված ծրագրերն ավելի համակարգային պետք է լինեն, և դրան ուղղված քննարկումներն իրականացվում են, այսինքն՝ սա անմիջականորեն փոխկապակցված է արտակարգ դրության ռեժիմի և տարբեր ոլորտների գործունեության հետ: Եվ, բնականաբար, չենք կարող ասել՝ այս բոլոր ծրագրերը լուծում են այս բոլոր խնդիրները»:

Օժանդակության նոր ծրագրերի առնչությամբ՝ նա նշեց, որ քննարկումներն ամենօրյա ռեժիմով իրականացվում են. «Մենք արդեն 12-րդ ծրագիրն ենք քննարկում, որը կրկին վերաբերում է կոմունալների փոխհատուցմանը, դրա մանրամասներն ավելի ուշ կհայտնենք, երբ արդեն որոշումը կայացված կլինի: Ինչ վերաբերում է սոցիալական օժանդակության ծրագրերին՝ մենք հստակ պատկերացնում ենք, որ շատ ավելի դժվարին ժամանակներ են գալու մեզ համար, և մենք պետք է մեր համակարգային աջակցության մեխանիզմները և ծրագրերը բարելավենք, այսինքն՝ մենք պետք է մտածենք ավելի երկարատև աջակցության ծրագրերի մասին, որոնք արդեն ոչ թե միջոցառումների տեսքով կլինեն, այլ պետական ծրագրերի կամ պետական ծրագրերի վերանայման-բարելավման միջոցով»:

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք ԱՍՀ նախարարությունը մասնակցել է կառավարության հաստատած 11-րդ ծրագրի քննարկմանը, տեղեկություն կա՞, թե քանի ընտանիքների է վերաբերում այդ ծրագիրը, և արդյո՞ք նախարարության թեժ գծին հաճախ են դիմել կոմունալ վճարումների խնդրով, նախարարը պատասխանեց. «Այո, նախարարությունը մասնակցում է բոլոր ծրագրերի քննարկմանը, որովհետև կառավարության հիմնական կազմը մասնակցում է: Խոսքը 222 հազար բաժանորդի մասին է՝ 600 հազար մարդու (այսինքն՝ եթե պատկերացնենք, որ մեկ բաժանորդը մեկ ընտանիք է՝ միջինում 3 անձից բաղկացած):

Զանգեր, կոմունալների հետ կապված խնդիրներ, չեմ կարող ասել, որ եղել են, որովհետև երբ մարդիկ հայտնում են աջակցության կարիքը, տարբեր ոլորտների է վերաբերում: Սա իսկապես կարևոր աջակցություն է հատկապես հենց մեր խմբերի՝ ավելի խոցելի և սոցիալապես դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքների համար, որովհետև, նախ վիճակագրությունը ցույց է տալիս, որ իրենք ամենապարտաճանաչ վճարող բաժանորդներից են, և երկրորդը՝ սա կարող է նաև շատ կարևոր կանխավճար լինել հետագայում՝ հետագա ամիսների համար»:

Նախարարը հիշեցրեց, որ ծրագիրը կրկնակի աջակցություն է բոլոր այն սպառողների համար, ովքեր ընդգրկված են սոցիալական նպաստի համակարգում և արդեն ունեն որոշակի սուբսիդավորում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս