Բաժիններ՝

Եթե ավելորդ ծախս չեն ուզում անել, թող ԱԺ-ն ցրեն, Կառավարության կազմը կրճատեն, բայց ունենանք ազգային ավիափոխադրող, դա անվտանգության կարևորագույն գործիք է. Քաղավիացիայի նախկին ղեկավար. Tert.am

Պետք է Կառավարության կողմից ստեղծվի ազգային ավիափոխադրող, քանի որ դա անհրաժեշտություն է, անվտանգության կարևորագույն գործիք է, նման ֆորսմաժորային իրավիճակներ միշտ էլ կարող են լինել, մենք պատերազմական գոտում գտնվող երկիր ենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Քաղավիացիայի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը՝ անդրադառնալով համավարկի հետևանքով ստեղծված իրավիճակին, երբ, օրինակ, Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները չեն կարողանում Հայաստան վերադառնալ, քանի որ ստիպված են սպասել այլ երկրների ավիափոխադրողների կողմից կազմակերպվող թանկ տոմսերով թռիչքներին:

«Ի՞նչ է նշանակում թանկ է օդանավ գնելը, թանկ է, բայց պարտադիր բան է: Աշխարհում, երևի, մի 3-4 գաճաճ պետություն կան, որ սեփական ավիափոխադրող չունեն, հիմա մե՞զ էլ դասենք այդ գաճաճ պետությունների շարքին»,–ասաց նա:

Ինչ վերաբերում է բյուջետային ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելուն, ապա նա ասաց, որ չենք կարող երկիրը վերածել ուղղակի սպառողների շահերը բավարարող պետության, քանի որ դա սպառողներին օգուտ է, բայց արտադրողին՝ այս դեպքում ավիացիային, օգուտ չէ:

«Ո՞ւր են այսօր քաղավիացիայի բերած այդ էժան չվերթները: Դա ժամանակավոր բնույթ է կրում, քանի այս երկրում արհավիրք չի եղել, եթե մեր սեփականը ունենայինք մեր հայրենակիցներին տարբեր երկրներից կարող էինք բերել, մեր բեռները կարող էինք բերել, ոչ թե մեր վարորդները այդքան սպասեին Լարսում: Ինչո՞ւ չինական օդանավը պետք է մեզ օգնություն բերի, մենք կարող էինք բերել մեր օդանավերով»,-ասաց նա:

Քաղավիացիայի նախկին ղեկավարը նշեց, որ եթե նախկին իշխանությունները հրաժարվել են ազգային ավիափոխադրող ունենալուց, դա չի նշանակում, որ այս իշխանությունները նույն մեթոդներով պետք է շարունակեն աշխատել: «Ո՞ւր մնասց իրենց աննախադեպը, թավիշը: Տաթևիկ Ռևազյանի մեղքը նրանում է, որ կաշառքով ստեղծված ընկերություններին չի անդրադառնաում, քանի որ ներհայաստանյան վիճակին չի տիրապետում, նախկինները ավիացիան ավերել են»,-ասաց նա:

Անդրադառնալով ազգային փոխաղրող ունենալու ոչ շահութաբեր լինելու դիտարկումներին, Շահեն Պեետրոսյանը հիշեցրեց, որ մինչև 1997 թ. հայկական ավիացիան ապահովել է բյուջեի 25 տոկոսը, մինչև սնանկացրին: «Ասում են, թե ավելորդ ծախսեր չենք ուզում անել, դե եթե ավելորդ ծախսեր չեք ուզում անել, Ազգային ժողովը ցրեք, ավելորդ ծախս չի լինի, կամ Կառավարությունը 3-4 հոգանոց դարձրեք, քանի որ ոչ մի օգուտ չեն տալիս, բացի բյուջեն լափելուց, ԱԱԾ-ն ցրեք, ոչ մի օգուտ չեն տալիս, իսկ ավիացիան և ատոմակայանը օգուտ են տալիս»,-ասաց նա:

Նշենք, որ Շահեն Պետրոսյանն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով ավիացիայի թեմային: Մասնավորապես, նա կարծիք էր հայտնել, որ վաղուց արդեն ակտուալ չէ ՀՀ քաղաքացիներին էժան տոմսերով Հռում թռչելու թեզով կերակրելը: Ըստ նրա՝ բյուջետային ավիափոխադրողներն օգուտ են սպառողին, բայց ոչ արտադրողին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս