«Գազի գնի հարցով ՀՀ-ի և Բելառուսի «կապակցումը» չպետք է դիտարկել աշխարհաքաղաքական կամ քաղաքական տեսանկյունից». Արա Մարջանյան
ՀՀ կառավարության անունից փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի` «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին ուղղված նամակը` մատակարարվող գազի գնի փոփոխության, ինչպես նաև՝ դրա դիմաց ազգային արժույթով վճարելու շուրջ նոր բանակցություններ սկսելու առաջարկով, ճիշտ ժամանակին էր և տեղին, ունի ռացիոնալ հիմնավորում. «Հոդված 3» ակումբի կազմակերպած տեսաքննարկմանը նշեց էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը` շեշտելով, որ ժամանակը ճիշտ է ընտրված ոչ միայն՝ ՀՀ-ի համար, այլև ՌԴ-ի. մեղմելու տնտեսական կորուստների հարվածը ՀՀ-ին մեղմելու համար գազի գինը պետք է, որքան հնարավոր է, շատ նվազեցվի:
Ըստ նրա` ՀՀ-ն և Բելառուսը «կողպված երկրներ» են, ուստի առավել զգայուն են գլոբալ կատակլիզմների նկատմամբ, այդ թվում` կորոնավիրուսի:
Գազի գնի վերանայման հարցում Բելառուսի և ՀՀ-ի միասնական ճամբարով հանդես գալը, ըստ Մարջանյանի, ունի աշխարհագրական-տնտեսական հիմնավորում:
«Ես կխուսափեի գազի գնի հարցով ՀՀ-ի և Բելառուսի, այսպես ասախ, կապակցումը դիտարկել աշխարհաքաղաքական կամ քաղաքական տեսանկյունից: 2 երկրների համար էլ ՌԴ-ն հանդիսանում է ռազմավարական գործընկեր, և կան հիմքեր` հուսալու փոխադարձ ընդունելի և երկարաժամկետ համաձայնության հաստատման համար»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է «Գազպրոմ Արմենիայի»` ՀԾԿՀ-ին ներկայացրած հայտին, Մարջանյանը պնդեց, որ հարմար ժամանակ չեն ընտրել, անգամ, եթե ընկերությունն ինչ-ինչ հիմնավորումներ առաջ քաշի: Այսինքն` սա ոչ այլ ինչ է, քան ընկերության կողմից կորպորատիվ եսակենտրոնություն:
Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է մինչև 600 խմ գազ օգտագործող սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը բարձրացնել 36 տոկոսով, ներկայիս 1000 խմ-ի համար 100 000 դրամի փոխարեն՝ սահմանել 136 000 դրամ՝ հավասարեցնելով այն մյուս բնակիչների համար նախատեսված սակագնին: Փոխարենը՝ ընկերությունն առաջարկում է ամսական մինչև 10 000 խմ սպառում ունեցող սպառողներին (սա հիմնականում բնակիչ բաժանորդներն են) վաճառվող յուրաքանչյուր խմ բնական գազի գործող 139 դրամ սակագինը դարձնել 136 դրամ:
«Կարծում եմ` ՀՀ կառավարությունն ունի բավարար լծակներ` իրավիճակը բերելու փոխադարձ ընդունելի և հավասարակշիռ վիճակի»,- ընդգծեց Արա Մարջանյանը` հավելելով, որ ՀՀ-ի, Բելառուսի և ՌԴ-ի միջև գազային հարաբերություններում կամ գնի ձևավորման բանաձևում պետք է հաշվի առնվեն եվրոպական շուկայում գնային տատանումները, բայց այդ գները կարող են աճել, ուստի պետք է զսպման մեխանիզմ լինի նաև: