«Գազի ֆիքսված գնի նվազեցման հարցը պետք է քննարկել ոչ թե՝ «Գազպրոմի» հետ, այլ՝ քաղաքական մակարդակում. այն ՌԴ-ի կողմից պիտի հաստատի Պուտինը». Յուշկով

«Գազպրոմը», մեծ հաշվով, պատրաստ է ՀՀ-ի հետ բանակցություններին, բայց խնդիրն այն է, որ անհրաժեշտ է գնի ձևավորման բանաձևի փոփոխություն: Պետք է հաշվի առնել փաստը, որ այստեղ Հայաստանը և Բելառուսը հանդես են գալիս միասին. Փաշինյանը և Լուկաշենկոն մարտի վերջին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ կարծիքներ են փոխանակել նաև գազի գների վերաբերյալ, նշվել է, որ բնական գազի գները գերագնահատված են և չեն համապատասխանում համաշխարհային չափանիշերին և ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին:

«Հոդված 3» ակումբի կազմակերպած տեսաքննարկմանը նշեց Ռուսաստանի ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար վերլուծաբան Իգոր Յուշկովը` նշելով, որ Եվրոպայում այդ առումով իդեալական վիճակ է, գինը շատ ցածր է, սակայն, ըստ նրա, գազի գները` փոխկապակցված նավթային պայմանագրերի հետ, անկում կապրեն աշնանը:

«Սա «Գազպրոմի» համար վատ լուր է, քանի որ, եթե նայենք մատակարարման ինդիկատորին և այսօր եվրոպական շուկայում ռուսական գազի գնին, ապա մարտին այն 1000 խմ-ն 98-99 դոլար էր:

Ըստ այդմ` այսօր «Գազպրոմին» ձեռնտու է ավելի շատ ներքին շուկայում մատակարարումը, քան արտաքին: 2020-ի ամբողջ ընթացքում եվրոպական շուկայում գազի գները շատ ցածր են լինելու, ուստի տրամաբանական է, որ Հայաստանը և Բելառուսն առաջարկում են նվազեցնել իրենց մատակարարվող գազի գինը, քանի որ նախկինում սահմանված գինը, որը ցածր էր համարվում, այսօր ավելի բարձր է, քան այն գինը, որը գործում է եվրոպական շուկայում, այդ թվում` սփոթային, և որով վաճառվում է ռուսական գազը նույն եվրոպական շուկայում: Ուստի շատ հարմար պահ է` առաջարկելու նվազեցնել ֆիքսված գինը, և այն, որ այստեղ ՀՀ-ն և Բելառուսը հանդես են գալիս միասնական ճամբարով, դա էլ ավելի է ամրացնում բանակցային դիրքը ՌԴ-ի հետ, քանի որ ցույց է տրվում, որ՝ տեսեք, ԵԱՏՄ-ի բոլոր անդամները գոհ չեն ներկա վիճակից: Բայց «Գազպրոմը» սա կարող է դիտարկել ոչ թե՝ ֆիքսված գնի նվազման տեսանկյունից մինչև այն մակարդակի, որն այսօր կա եվրոպական շուկայում, այլ գնի ձևավորման բանաձևի փոփոխության առաջարկի:

Այսինքն` «Գազպրոմը» կարող է առաջարկել, օրինակ, Բելառուսին` արի նոր պայմանագիր կնքենք` եվրոպական շուկային կապված, որ այդ դեպքում գինը գազի լինի լողացող: Ես կարծում եմ, որ «Գազպրոմը», հնարավոր է՝ ցանկանա անցնել նման հարցի քննարկման»,- մանրամասնեց Յուշկովը:

Ըստ նրա` եթե ՀՀ-ն և Բելառուսը ցանկանում են նվազեցնել ֆիքսված գինը, ապա այդ հարցը պետք է քննարկել ոչ թե «Գազպրոմի» հետ, այլ քաղաքական մակարդակում կամ երկու երկրների ղեկավարների մակարդակով:

«ՌԴ-ի կողմից գնի նվազեցումը պիտի հաստատի Պուտինը»,- ընդգծեց վերլուծաբանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության, ինչպես նաև դրա դիմաց ազգային արժույթով վճարելու վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

Մինչ Հայաստանը «Գազպրոմին» առաջարկում է Հայաստան մատակարարվող գազի գինն իջեցնել, ռուսական գազային հսկայի հայաստանյան դուստրը՝ «Գազպրոմ Արմենիան», դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողներին վաճառվող գազի սակագները հուլիսի 1-ից բարձրացնելու հայտով:

«Գազպրոմ Արմենիան» առաջարկում է մինչև 600 խմ գազ օգտագործող սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը բարձրացնել 36 տոկոսով, ներկայիս 1000 խմ-ի համար 100 000 դրամի փոխարեն՝ սահմանել 136.000 դրամ՝ հավասարեցնելով այն մյուս բնակիչների համար նախատեսված սակագնին: Փոխարենն ընկերությունն առաջարկում է ամսական մինչև 10.000 խմ սպառում ունեցող սպառողներին (սա հիմնականում բնակիչ բաժանորդներն են) վաճառվող յուրաքանչյուր խմ բնական գազի գործող 139 դրամ սակագինը դարձնել 136 դրամ:

Այս մոտեցումը, հատկապես ճգնաժամի պայմաններում, ընկալելի չէ Հայաստանի կառավարության ու հասարակության համար, օրեր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, պատասխանելով քաղաքացիների հարցերին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ խնդիրը քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

2019-ի սկզբին սահմանին Ռուսաստանից մատակարարվող գազի գինը բարձրացավ 10 տոկոսով՝ հասնելով 165 դոլարի, բայց վերջնական սպառողների՝ Հայաստանի բնակիչների համար սակագնի փոփոխություն տեղի չունեցավ:

Տեսանյութեր

Լրահոս