««Գազպրոմ Արմենիայի»` բնական գազի սակագների վերանայման հայտը շարժառիթ կունենա, կուսումնասիրենք, թե ինչ խնդիրներ կան, և որ մասն է հիմնավոր». Սերգեյ Աղինյան
Ապրիլի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հայտը, որտեղ փոխադրման համակարգերում սակագների վերանայման պահանջ կա: «Հոդված 3» ակումբի կազմակերպած տեսաքննարկմանը նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը:
«Հայտը ներառում է գնման գինը և 2 կազմակերպությունների մարժան, այսինքն` նրանց մասնաբաժինը՝ գազը տեղափոխելու և հասցնելու վերջնական բաժանորդներին, նաև` աշխատակիցների աշխատավարձ, նյութական, նորոգման, բանկային, ապահովագրական, հաշվառման համակարգերի հաշվիչների ստուգաչափման ծախսեր: Բազմաթիվ հոդվածներով հայտ է: Դրա ուսումնասիրման և վերջնական որոշման կայացման համար հանձնաժողովն ունի 80 աշխատանքային օր, ուսումնասիրությունն արդեն սկսված է: Կուսումնասիրենք, կտեսնենք, թե ինչ խնդիրներ կան, ինչ չափով, որ մասն է հիմնավորված, կամ որը լրացուցիչ պիտի հիմնավորվի ընկերության կողմից»,- մանրամասնեց նա` վստահեցնելով, որ ամբողջ գործընթացը փորձելու են իրականացնել հնարավորինս թափանցիկ, և, որ «Գազպրոմ Արմենիան» անպայման կունենա իր շարժառիթը, թե ինչու է հենց այս պահին բնական գազի սակագների վերանայման հայտ ներկայացրել:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով, որով առաջարկվում է բոլոր սպառողների համար սահմանել միասնական 283.14 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 135909,6 դրամ/հազ. խմ սակագին։
Գործող սակագների հաշվարկի համաձայն՝ սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը կազմում է 255,06 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 122428,3 դրամ/հազ. խմ։
Արդյունքում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի առաջարկվող սակագնի աճը գործող միջին կշռութային սակագնի նկատմամբ կազմում է 11%։
Հավելենք, որ 2019-ի սկզբին սահմանին Ռուսաստանից մատակարարվող գազի գինը բարձրացավ 10 տոկոսով՝ հասնելով 165 դոլարի, բայց վերջնական սպառողների՝ Հայաստանի բնակիչների համար սակագնի փոփոխություն տեղի չունեցավ:
Ինչ վերաբերում է ռուս-հայկական գազային բանակցություններին, հանձնաժողովը կողմ չի հանդիսանում, ուստի նոր տեղեկություններ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամը չունի, բացի այն, որ հայկական կողմը դիմել է ՌԴ-ին` գազի գնի վերաբերյալ բանակցություններ սկսելու առաջարկով:
Սերգեյ Աղինյանը տեսաքննարկմանը վստահեցրեց, որ «Գազպրոմ Արմենիայի» դեպքում ծախսերի կրճատմանն ուղղված նոր մեթոդիկա են պատրաստվում մշակել և կիրառել, և որի ընդունման դեպքում սակագինը կհաշվարկվի հենց դրանով: Նա ասաց, որ «Գազպրոմը» պատրաստվում է մեծածավալ ներդրումներ անել, և դրանք պետք է ունենան իրենց դրական ազդեցությունը` ծախսերի օպտիմալացում, շահագործման ծախսերի կրճատում, համակարգի նորացում:
«Արդեն իսկ օրենսդրական փոփոխություններ են արվել, որոնք «Գազպրոմին» հնարավորություն են տալիս կրճատել աշխատակիցների թվաքանակը, սա էլ նոր մեթոդիկայում իր արտացոլումը կունենա»,- ընդգծեց նա: