Գերադասելի է այսօր հովանավորել բիզնեսը, քան վաղը՝ գործազուրկներին
Կամ՝ ինչում է Կառավարության խնդիրը համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացման գործում
Համաճարակի տարածման վերջին օրերի վիճակագրությունը նվազման միտումներ է արձանագրում, ինչը, անկասկած, հուսադրող է: Սակայն այս օրերին, բացի այդ վիճակագրությունից, հանրային քննարկումների կիզակետում են հայտնվել նաև համաճարակի տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմման ուղղությամբ Կառավարության նախաձեռնած միջոցառումները: Դա միանգամայն բնական է, քանի որ համաճարակն իր ծայրաստիճան բացասական ազդեցությունն է թողնում հանրային կյանքի բոլոր ոլորտների և հասարակության բոլոր շերտերի վրա:
Անշուշտ, նշված նպատակով նախատեսված բոլոր միջոցառումները (թվով 9 փաթեթները) ունեն առաջնային կարևորություն և առանձնահատուկ վերլուծության կարիք են զգում: Սակայն դրանց թվում առանցքային և համակարգաստեղծ նշանակություն են ստանում տնտեսության ոլորտում նախատեսվող միջոցառումները, այդ թվում՝ նաև փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցությունը:
Թեպետ առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում պարզ կլինի այդ նախաձեռնությունների գործնական կիրառելիության կամ տնտեսական օգտակարության մակարդակը (կախված նրանից՝ արդյո՞ք տպավորիչ կլինի աջակցության այդ գործիքներից օգտվող գործարարների շրջանակը), այդուհանդերձ այդ նախաձեռնությունների կապակցությամբ որոշ մտահոգություններ այսօր արդեն կարելի է հնչեցնել:
Նախ՝ հարկ է արձանագրել, որ կոնցեպտուալ առումով այդ աջակցությունները կոչված են հնարավորինս նվազեցնել այն կորուստները, որոնք կկրեն ընկերությունները և անհատ ձեռնարկատերերը՝
1) կարանտինի շրջանում` իրենց գործունեությունը հարկադրված կասեցնելու հետևանքով,
2) հետհամաճարակային շրջանում, հատկապես՝ նրա սկզբնական փուլում՝ կապված ապրանքների և ծառայությունների սպառման մակարդակի անկման, ինպես նաև՝ քաղաքացիների սպառողական վարքագծի հնարավոր փոփոխության հետ:
Ընդ որում, երկու դեպքում էլ խոսքը պետք է գնա, նախ և առաջ, տնտեսական միավորների ընթացիկ իրացվելիությանը նպաստելու մասին: Այսինքն՝ այդ միջոցառումները պետք է նպաստեն ֆինանսական պարտավորությունները կատարելու՝ ընկերությունների կարողությունների ձևավորմանը: Եվ քանի որ տնտեսվարող սուբյեկտների ֆինանսական պարտավորությունները հիմնականում հետևյալն են՝ աշխատավարձի մասով՝ սեփական աշխատողների հանդեպ, հարկերի մասով՝ պետական բյուջեի հանդեպ, և որոշ դեպքերում՝ նաև վարկային պարտավորություններ՝ առևտրային բանկերի հանդեպ, ուստի Կառավարության խնդիրն առավել քան պարզ է՝ աջակցել վերը նշված ժամանակահատվածում և եկամուտների լրիվ կամ մասնակի կորուստի պայմաններում, նշված սուբյեկտների հանդեպ ընկերությունների պարտավորությունների կատարման կարողությունների ձևավորմանը:
Սակայն տնտեսական օգտակարության տեսանկյունից վերը նշված միջոցառումների հեղինակները ստիպված են հաշվի նստել հետևյալ երկու հանգամանքների հետ ևս:
Ստեղծված իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ ընկերությունների ֆինանսական վիճակը վատթարացել է ոչ թե վերջիններիս անգործության կամ սխալ որոշումներ ընդունելու հետևանքով, այլ նրանցից չկախված ֆորսմաժորային իրավիճակների պատճառով, և նման պայմաններում հանրային կյանքի հնարավորինս բնականոն ընթացքի ապահովումը պետության ուղղակի պարտավորությունն է: Ուստի Կառավարության նախաձեռնությունները ոչ թե պետք է դիտարկել՝ որպես «լավություն» տնտեսվարողներին, այլ՝ պարտավորություն, ես կասեի՝ նույնիսկ պատասխանատվություն՝ հանրության առջև: Եվ մեր խնդիրն է՝ հենց այս կոնտեքստում վերլուծել տնտեսությանը Կառավարության աջակցության միջոցառումները, փորձել հասկանալ՝ արդյո՞ք դրանք բավարարում են պետության վերը նշված պարտավորությունից բխող պահանջներին:
Իրավիճակի մյուս առանձնահատկությունն այն է, որ տնտեսվարողները Կառավարության առաջարկությունների վերաբերյալ որոշումներ պետք է կայացնեն բազմաթիվ անորոշությունների պայմաններում, քանի որ ոչ ոք ի վիճակի չէ կանխատեսել շուկայում իրավիճակը ոչ միայն՝ միջինժամկետ հեռանկարում, այլև՝ անգամ կարճաժամկետ ապագայում (նույնիսկ՝ 2-3 ամիսների կտրվածքով): Նման պայմաններում, և հատկապես՝ ընկերությունների եկամուտների վերականգնման նվազ սպասումների պարագայում, քաղաքական ողջամտությունը պահանջում է տնտեսվարողներին հնարավորինս զերծ պահել հավելյալ ֆինանսական պարտավորություններ ստանձնելու անհրաժեշտությունից:
Փորձենք վերլուծել համաճարակի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված մի քանի միջոցառումները, դրանց հնարավոր տնտեսական հետևանքները և հասկանալ արդյո՞ք Կառավարության նախաձեռնությունները բավարարում են վերը նշված, ըստ իս, միանգամայն տրամաբանական հարցադրումներին:
1. Որևէ մեկնաբանության չի ենթարկվում, կարգավորումներով նախատեսված պայմաններին բավարարող ընկերություններին, յուրաքանչյուր 5-րդ աշխատողի միջին վարձատրության չափով դրամաշնորհի հատկացումը: Եթե ընկերությունը չի աշխատել և եկամուտներ չի գեներացրել, ապա, ակնհայտ է, որ նվազել են աշխատավարձ վճարելու նրա հնարավորությունները, նույնիսկ, եթե աշխատողները գտնվել են հարկադիր պարապուրդում, և գործատուն կարող է վարձատրել նրանց՝ աշխատավարձի 2/3-ի չափով:
Ուստի ի՞նչ խնդիր է լուծում Կառավարությունն իր այս նախաձեռնությամբ: Արդյո՞ք նա նպաստում է աշխատողների հանդեպ աշխատավարձի մասով ընկերության պարտավորության կատարմանը: Անկասկած ո՛չ, որովհետև գործունեությունը կասեցրած ընկերությունը պետք է հոգա մնացած յուրաքանչյուր չորս աշխատողի աշխատավարձի հարցը: Ուստի առաջին ենթադրությունը, որին ակամայից կարելի է հանգել, դա այն է, որ Կառավարությունն այս գործիքով ընդամենը լուծում է տվյալ ընկերությունից եկամտահարկ կորզելու խնդիրը:
Ընդ որում, հատկացնելով ընկերության աշխատավարձի ֆոնդի 20%-ը, Կառավարությունն ընկերությունից ետ է «քաշելու» 23%-ը՝ եկամտահարկի տեսքով: Արդյունքում՝ կարանտինի կամ արտակարգ իրավիճակի պայմաններում չաշխատող ընկերությունները ոչ միայն պետք է լուծեն մնացած յուրաքանչյուր չորս աշխատողի վարձատրության խնդիրը, այլև վճարեն 23% եկամտահարկ: Նման պարագայում արդյո՞ք չափազանցված չէ պնդումը, որ Կառավարությունն իր այս նախաձեռնությամբ նպաստում է ընկերությունների իրացվելիության բարձրացմանը:
2. Իսկ միգուցե աշխատողների և պետական բյուջեի հանդեպ ֆինանսական պարտավորությունների կատարմանն աջակցելու նպատակո՞վ է Կառավարությունը խոշոր (500,0 մլն դր. և ավելի շրջանառություն ունեցող) ընկերություններին առաջարկում օգտվել ֆինանսական աջակցության մեկ այլ գործիքից, համաձայն որի՝ ընկերություններն առաջիկա երեք ամիսների կտրվածքով աշխատավարձի և հարկային պարտավորությունների կատարման նպատակով իրենց սպասարկող բանկից կարող են ստանալ երեք տարի մարման, այդ թվում՝ վեց ամիս արտոնյալ ժամկետով վարկ, որի տոկոսներն ամբողջությամբ կսուբսիդավորվեն պետական բյուջեի միջոցներով (վերլուծությունը չծանրացնելու նպատակով համաֆինանսավորման և վերաֆինանսավորման գործիքների առաջարկը չի քննարկվում):
Առաջին հայացքից առաջարկվող գործիքը թվում է շատ ողջամիտ: Ընկերությանն անհրաժե՞շտ են շրջանառու միջոցներ իր ֆինանսական պարտավորությունները կատարելու համար՝ խնդրեմ, անտոկոս վարկ՝ երկարաժամկետ մարման հնարավորությամբ:
Սակայն հարց է առաջանում. ինչո՞ւ է Կառավարությունն ընկերություններին առաջարկում գործիք առաջիկա երեք ամիսների պարտավորությունների կատարման համար: Արդյո՞ք պետք է ենթադրել, որ Կառավարությունը համոզված է, որ դա այն ողջամիտ ժամանակահատվածն է, որի ընթացքում ոչ միայն կհաջողվի հաղթահարել բուն համաճարակի սպառնալիքը, այլև տնտեսական կյանքն առավելագույնս կվերականգնվի, և ընկերությունները կհասնեն իրենց եկամուտների նախահամաճարակային մակարդակին: Արդյո՞ք նման կանխատեսումներն իրատեսական են: Համոզված եմ, որ այսօր տնտեսության բնագավառում անորոշություններն այնքան շատ են (ի դեպ, ոչ միայն Հայաստանում), որ այս հարցադրման ամենահավանական պատասխանը ոչ-ն է:
Ուստի ենթադրել, որ ընկերությունները, ի վիճակի չլինելով կանխատեսելու, թե ինչպիսին կլինեն իրենց եկամուտները մի քանի ամիս հետո, կմտնեն նոր ֆինանսական պարտավորությունների տակ՝ քիչ հավանական է: Ոմանք, և ոչ անհիմն, այս առաջարկում կարող են տեսնել նույնիսկ սնանկացման լուրջ վտանգներ: Այս գործիքի օգտագործումը խնդրահարույց կլինի հատկապես ոչ սննդի արդյունաբերության ոլորտների ընկերությունների համար:
Բայց եթե մի պահ ընդունենք, որ Կառավարությանը կհաջողվի համաճարակի տոտալ սպառնալիքը չեզոքացնել, ապա, միևնույն է, ենթադրել, որ սպառման նախահամաճարակային մակարդակը և կառուցվածքը շատ կարճ ժամանակում կվերականգնվի, լուրջ չէ:
Ի դեպ, այս մասին անընդհատ խոսում է նաև Վարչապետը՝ տնտեսության զարգացումների հնարավոր սցենարների մասին իր մեկնաբանություններում:
Իսկ միգուցե այս քայլերին Կառավարությունը գնում է միջոցների պակասի՞ պատճառով:
Դժվար է համաձայնել այս ենթադրությանը, քանի որ Վարչապետը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ միջոցների պակաս Կառավարությունը չունի: Ավելին, հրապարակվեցին ընթացիկ տարվա առաջին եռամսյակի բյուջեի կատարման տվյալները, որոնք, ինչպես միշտ, աննախադեպ էին: Եվ եթե ավելացնենք նաև արևելյան գործընկերության շրջանակներում գործընկեր պետություններին Եվրամիության կողմից հատկացվող աջակցությունը, ինչպես նաև միջազգային այլ կառույցների գծով հնարավոր աջակցությունները և համաճարակի հաղթահարման հիմնադրամի շուրջ մեկ միլիարդ դրամը, ապա, իրավամբ, Կառավարությունը տնտեսվարողներին աջակցություն ցուցաբերելու հարցում, համենայնդեպս կարճաժամկետ հատվածի համար, միջոցների պակաս չունի:
Իսկ կարելի՞ է ենթադրել, որ բիզնեսին աջակցության հարցում Կառավարության նման մարտավարության ընտրությունը պայմանավորված է նրանով, որ վերը նշված անորոշությունները խնդիր են նաև Կառավարության համար, և այդ պայմաններում շատ դժվար է որոշում կայացնելը: Եվ քանի որ դեռևս պարզ չէ, թե համաճարակի սպառնալիքը և դրանով պայմանավորված՝ սահմանափակումների անհրաժեշտությունը որքան երկար կձգվի, ապա Կառավարությունը նախընտրել է հակահամաճարակային միջոցառումներում պետական միջոցների ներգրավման համեմատաբար հանդարտ սցենար՝ ապագայում, անհրաժեշտության դեպքում, տնտեսության և քաղաքացիների սոցիալական ապահովության խնդիրներում ավելի վճռական միջամտություն իրականացնելու իր կարողությունները պահպանելու նկատառումով:
Սկզբունքորեն նման մտադրությունը չի կարելի բացառել: Սակայն այդ դեպքում ինչո՞ւ են աջակցության նշված գործիքները ներկայացվում ընկերությունների հետագա զարգացման համար նախադրյալներ ստեղծելու կոնտեքստում: Չէ՞ որ առաջիկա երեք ամիսների ընթացքում ընկերությունները, առանձին բացառություններով, գլխավորապես զբաղվելու են իրենց գոյատևման խնդիրներով:
Այստեղ տրամաբանական մեկ այլ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Կառավարությունը բիզնեսին անում առաջարկ, որը նրանց իրացվելիությունը կարող է լուծել կարճաժամկետ հատվածում (առաջիկա երեք ամիսների համար), բայց նույն այդ իրացվելիության առումով բարդություններ առաջացնել այդ գործիքների սպասարկման ողջ ժամանակահատվածում:
Ավելին, ոչ պակաս կարևոր է գնահատել, իսկ ընկերություններն այս դժվարին պայմաններում գոյատևելու համար ի՞նչ ընտրություն ունեն, կամ արդյո՞ք Կառավարությունն ընկերություններին թողնում է ընտրելու այլ հնարավորություն:
Իրականում ընկերությունները կամ պետք է օգտվեն Կառավարության առաջարկից և այսօր վճարեն հարկերը՝ ռիսկային դարձնելով իրենց իրացվելությունը մոտ ապագայում, կամ ապագա անորոշ ռիսկերից խուսափելու համար պետք է փակվեն և աշխատողներին ուղարկեն իրենց տները: Սա, ըստ էության, նշանակում է, որ ընկերությունների մեծ մասը հայտնվելու է սալի և մուրճի միջև:
Ուստի այս ամենի պարագայում տրամաբանական հարց է առաջանում՝ վերը նշված գործիքներն արդյո՞ք նպաստում են ընկերությունների իրացվելիության մակարդակի բարձրացմանն առաջիկա կրիտիկական ամիսների ընթացքում: Պատասխանը թողնում եմ Կառավարության ներկայացուցիչներին:
3. Եվ վերջապես, անորոշությունների այս պայմաններում արդյո՞ք հնարավոր չէ նախագծել բիզնեսի ընթացիկ իրացվելիությունն ապահովելու պետական աջակցության այլ գործիքներ:
Ըստ իս, հնարավոր է, եթե իմաստավորվի նման ճգնաժամի պայմաններում հանրային կյանքի բնականոն ընթացքի ապահովման գործում պետության պատասխանատու դերակատարման փիլիսոփայությունը: Ըստ այդմ, պետությունը տնտեսվարողների համար, նրանց գործունեության ամենադժվարին շրջանում, պետք է կատարի յուրատեսակ փրկօղակի դեր, դառնա նրանց «հանրային հովանավորը», այլ ոչ թե՝ նրանց բանկիրը: Ակնհայտ է, որ այդ «ամենադժվար շրջանն» արտակարգ դրության և նրան հաջորդող առաջին ամիսներն են, երբ տնտեսվարողների ճնշող մեծամասնությունը հայտնվելու է (ոչ իր գործունեությամբ պայմանավորված) ֆինանսական պարտավորությունների կատարման անհնարինության առջև:
Ուստի որո՞նք կարող են լինել այդ շրջանում «հանրային հովանավորի» հավանական քայլերը բիզնես հանրությանն աջակցելու գործում.
ա/ դրամաշնորհ կարանտինի և/կամ արտակարգ դրության սահմանափակումների հետևանքով չաշխատող ընկերություններին՝ բացառապես աշխատավարձի գծով պարտավորությոնների կատարման համար:
բ/ նախորդ կետում նշված ընկերությունների համար եկամտային հարկի մասով հարկային արձակուրդի սահմանում (0% դրույքաչափով):
գ/ եկամտահարկի նոր սանդղակի սահմանում արտակարգ դրությունից հետո երեք ամսվա համար՝ մինչև 150.000 դր. աշխատավարձ ստացողների համար՝ 0% դրույքաչափով, իսկ մնացած աշխատողների վարձատրության մասով՝ 10%: Արտակարգ դրության ավարտին հաջորդող եռամսյա ժամկետից հետո սահմանել եկամտահարկի դիֆերենցված դրույքաչափեր՝ մինչև 150.000 դր. աշխատավարձ ստացողների համար՝ 0%, կամ ոչ ավելի, քան 5%, իսկ մնացած աշխատողների համար աճողական դրույքաչափեր՝ աշխատավարձի համապատասխան տիրույթների համար:
դ/ այն ընկերությունների համար, որոնց վրա կտարածվի նախորդ կետերում նշված աջակցության գործիքներից օգտվելու հնարավորությունը, բայց որոնք սեփական միջոցներով կվճարեն աշխատողների աշխատավարձերը, որպես բոնուս՝ նախատեսել զարգացման արտոնյալ վարկեր ստանալու հնարավորություն՝ պետական բյուջեից սուբսիդավորման շնորհիվ 0% տոկոսադրույքով:
ե/ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կարանտինի և/կամ արտակարգ դրության սահմանափակումների հետևանքով չաշխատող ընկերություններին ազատել շահութահարկի կանխավճարների վճարումներից՝ նույն չափով նվազեցնելով հաջորդ տարում շահութահարկի վերջնահաշվարկային մեծությունը:
Սա է, ըստ իս, ճգնաժամային պայմաններում «հանրային հովանավորի» պարտավորություններից բխող միջոցառումների ոչ սպառիչ ցանկը: Հասկանալի է, որ նշված միջոցառումների իրականացումը պահանջելու է պետական ռեսուրսների մոբիլիզացում, ընդհուպ՝ պետական բյուջեի ծախսային կառուցվածքի փոփոխություն, ինչո՞ւ ոչ, նաև պետական պարտքի ավելացում: Անշուշտ, կարող է հարց ծագել, թե ի՞նչ կարժենան պետական բյուջեի համար առաջարկվող այս միջոցառումները: Կարծում եմ՝ առավել քան ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում ավելի գերադասելի է այսօր հովանավորել բիզնեսը, քան հետո՝ գործազուրկերին:
Ավելին, համոզված եմ՝ այս միջոցառումների իրականացումից հետո (արտակարգ դրությունը չեղարկելուց հետո եռամսյա ժամկետի ավարտին), երբ անորոշությունները կնվազեն, և շուկայում իրավիճակը համեմատաբար կայունացման միտումներ կդրսևորի, իսկ գործարար համայնքն ավելի վստահ կլինի որոշումներ կայացնելու հարցում, վրա կհասնի բիզնեսի հետագա զարգացման համար նախադրյալների ձևավորման Կառավարության այսօրվա առաջարկությունների կիրառման իսկական պահը՝ անշուշտ, իրավիճակին համապատասխան լրամշակումներով:
4. Շատ հարցերի տեղիք է տալիս նաև փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցությանն ուղղղված Կառավարության նախաձեռնությունը:
Այն նախատեսում է պետական միջոցներն օգտագործել մինչև 500,0 մլն շրջանառություն և 2-ից մինչև 50 աշխատող ունեցող ընկերություններին և անհատ ձեռներեցներին աջակցելու համար: Նախատեսվում է ներդրումների աջակցության կենտրոնի միջոցով ձեռնարկատերերին տրամադրել մինչև 50,0 մլն դրամի աջակցություն՝ վարկի տեսքով, երեք տարի մարման ժամկետով, ընդ որում, առաջին երկու տարին՝ արտոնյալ պայմաններով, իսկ երրորդ տարում վարկի մայր գումարի վերադարձի պայմանով՝ 12% տարեկան տոկոսադրույքով:
Փաստորեն, Կառավարությունը փոքր և միջին ձեռնարկատերերին, որոնք գնահատվում են՝ որպես ճգնաժամի հետևանքների տեսանկյունից ամենախոցելի և անպաշտպան շերտը, նախատեսում է պետական բյուջեի միջոցները տրամադրել՝ հետագայում եկամուտ ստանալու նկատառումով: Եվ դա՝ այն դեպքում, երբ Եվրոպական Միությունը ձեռնարկատերերի այդ շերտին առանձնահատուկ աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանին հատկացնում է դրամաշնորհ՝ շուրջ 13 մլն եվրոյի չափով:
Այսինքն՝ Եվրամիությունը, կարևորելով ՓՄՁ դերը հետճգնաժամային շրջանում տնտեսության ակտիվացման և զբաղվածության ապահովման խնդրում, մեր երկրին տրամադրում է նվեր՝ դրամաշնորհի տեսքով, իսկ հայրենի Կառավարությունն իր ձեռնարկատերերին մեր միջոցները վաճառում է: Ավելին, վերջիններիս ընտրության համար սահմանվել է անտրամաբանական մի սահմանափակում՝ Կառավարության այդ «մեծահոգությունից» կարող են օգտվել ՓՄՁ այն ընկերությունները, որոնց շրջանառությունն անցած տարվա որևէ եռամսյակում պակաս չի եղել տարեկան շրջանառության 10%-ից: Աբսուրդ:
Եթե ընկերության տարեկան փաստացի շրջանառությունը բավարարում է նրան ՓՄՁ դասակարգելու համար, ի՞նչ կապ ունի, թե շրջանառության եռամսյակային կտրվածքն ինչպիսին է: Գործնականում սա մի մկրատ է, որը կարող է օգտագործվել, և կարծում եմ՝ հենց դրա համար էլ նախատեսված է՝ աջակցության այդ գործիքից օգտվող ընկերությունների թվաքանակն արհեստականորեն սահմանափակելու նպատակով:
Ստացվում է, որ այս գործիքի գործնական կիրառելիությունը դե ֆակտո կլինի ընտրողական, ուստի և՝ ձևական, փոխարենը՝ հնարավորություն է ստեղծվում անդադար բարձրաձայնել Կառավարության կողմից փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցություն ցուցաբերելու կարևորության մասին: Մինչդեռ գործնականում ոչ բոլոր ընկերություններն են ստանալու հնարավորություն՝ օգտվել Կառավարության «մեծահոգությունից» և արժանանալ պետական միջոցները գնելու իրավունքին: Սա անթույլատրելի է և որևէ կերպ չի կարող ներկայացվել՝ որպես պետական հոգածություն փոքր և միջին ձեռնարկատիրության հանդեպ:
Ամփոփելով մտորումներս՝ հորդորում եմ Կառավարությանը՝ վերանայել համաճարակի տնտեսական հետևանքների չեզոքացմանը վերաբերող միջոցառումները՝ ելնելով ճգնաժամային պայմաններում Կառավարությանը վերապահված «հանրային հովանավորի» պարտավորություններից:
Խոսրով Հարությունյան
ՀՀ նախկին Վարչապետ