«Անհնար է բացառել Ադրբեջանի կողմից արկածախնդրության գնալը, ուստի ԶՈՒ-ն պետք է հեռու պահել համավարակից». ռազմական փորձագետ
Պահեստազորի փոխգնդապետ, ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը գտնում է, որ, եթե կորոնավիրուսի տարածումը շարունակվի, բանակում զորանոցային իրավիճակ պետք է սահմանել բոլորի համար, նույնիսկ` քաղաքացիական ծառայողների։ 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ դեմ է արտակարգ իրավիճակի գործողություններին բանակի, նույնիսկ` ռազմական ոստիկանության ներգրավմանը:
«Եթե պետք է գտնվի ինչ-որ մի խումբ, որը տարբեր պատճառաբանություններով կարողանալու է լքել զորամասը և վերադառնալ, ապա այս միջոցառումը բացարձակ անիմաստ կդառնա: Այո՛, սա չափազանց կտրուկ և խստագույն միջոց է, սակայն մի՞թե կա այլ ելք համավարակի պայմաններում զինված ուժերի մարտունակությունը բարձր վիճակում պահելու համար: Իսկ մենք պարտավոր ենք այն մշտապես բարձր պահել, հակառակ պարագայում մենք կունենանք ավելի մեծ խնդիր, քան կորոնավիրուսի համավարակն է»,- նշեց Պետրոսյանցը:
Ռազմական փորձագետն այս համատեքստում շեշտեց, որ անկախ աշխարհում ստեղծված իրավիճակից՝ պետք է պատրաստ լինենք ռազմական իրավիճակի ցանկացած զարգացման, քանի որ ոչ միայն անհնար է բացառել Ադրբեջանի կողմից արկածախնդրության գնալը, այլև որոշ միջադեպերի վերլուծությունը նույնիսկ պահանջում է առավել պատրաստ լինել դրան։
«Սրանից ելնելով, կրկնում եմ` պարտավոր ենք զինված ուժերը հեռու պահել համավարակից։ Պետք է հասկանանք, որ դա իրականում անհնարին թվացող է, սակայն կարելի է դրան հասնել՝ որոշակի խիստ և կտրուկ գործողությունների դիմելով։ Իսկ եթե համապատասխան մարմինները գտնում են, որ համավարակի տարածումն այդքան էլ էական չէ, կամ վերլուծությունների արդյունքում վստահ ենք, որ հակառակորդը սադրանքների, ակտիվ մարտական գործողությունների չի գնալու, միգուցե զինված ուժերի մեկուսացումը կարող է ավելի մեղմ լինել»,- եզրափակեց նա: