Նիկոլ Փաշինյանը՝ «դեղին մամուլի», իրեն ու ընտանիքին հայհոյողների մասին
Երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց «դեղին մամուլի» և իր ընտանիքի հասցեին հնչող հայհոյանքների մասին քաղաքացիներից մեկի հարցին:
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էր, թե վերջնականապես երբ պիտի մեծ պատիժների արժանանան դեղին մամուլի ղեկավարները, որոնք, տարածելով սուտ լուրեր, անպատիժ են մնում, և հորդորել էր խստագույն ձևով պատժել այն «ֆեյսբուքյան պրոֆիլի հեղինակներին», որոնք ողողված են Փաշինյանին և նրա ընտանիքին ուղղված հայհոյանքներով, վիրավորող ծաղրանկարներով:
Նիկոլ Փաշինյանն իր պատասխանում կեղծ լուրերին վերաբերող հարցը բաժանեց երկու մասի:
«Մի մասը, որոնք սպառնալիք են Հայաստանի ազգային անվտանգությանը, մյուս մասը՝ օրինակ, անձնական բնույթի վիրավորանքներ են, կամ կեղծ լուրեր են, կամ, ինչպես Դուք եք նշել, ծաղրանկարներ»,- նշեց վարչապետը, ապա հանրությանը հիշեցրեց երկու դեպքի մասին:
«Դուք հիշում եք, որ մենք այս տարվա սկզբին դեպք ունեցանք, երբ Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին կեղծ օգտատիրոջ կողմից տարածվեց լուր, որը լայնորեն օգտագործվեց Ադրբեջանի կողմից, և, որը լայնորեն օգտագործվեց Իրանում հակահայաստանյան, հակահայկական քարոզչություն անելու համար: Եվ այդ դեպքում քրեական գործ հարուցվեց, և այդ լուրի հեղինակը ձերբակալվեց, կարծեմ՝ մինչև հիմա էլ կալանքի տակ է:
Մի ուրիշ կեղծ նամակ կա, որն անընդհատ շրջանառվում է, դեռ իրավապահ մարմինները չեն հայտնաբերել հեղինակին, կամ հայտնաբերել են հեղինակին, և նա Հայաստանի տարածքից դուրս է գտնվում, իբր մի էսպիսի բան է, նամակ, իբր ես գրել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, էս էլ պարզ ա, արվում ա, որ իբր Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս ա գալիս: Մանրամասները չեմ էլ կարդացել, բայց էդպիսի մի նամակ, որը էլի շատ… Էս դեպքերում իրավապահները պետք է զբաղվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով հարցի պատասխանի մյուս մասին՝ վարչապետը հարցերի կարգավորման մանդատը կարծես թե հանձնեց հարցի հեղինակին, ինչպես նաև նմանատիպ դիրքորոշում ունեցող մյուս քաղաքացիներին:
«Ինչ վերաբերվում է ծաղրանկարներին, ծաղրանկարը ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Եվ գիտեք, երբ որ խոսում են, իհարկե, տհաճ է, բնականաբար, երբ որ հայհոյում են ինձ կամ իմ ընտանիքի անդամներին: Բայց, գիտեք, եթե մենք այդ հայհոյանքներին կամ այդ կարգի երևույթներին սկսենք վերաբերվել այնպես, որ՝ «այ», ինչպես Դուք եք ասում, սկսենք պատժել ծաղրանկար… դա չի կարելի, դա ժողովրդավարության ոտնահարում կլինի:
Իսկ ինչ վերաբերում է օգտատերերին, ես կարող եմ ասել, որ Դուք ինքներդ կարող եք, եթե, եթե… իհարկե, շատ շնորհակալ եմ Ձեր վերաբերմունքի համար, և քանի դեռ ՀՀ քաղաքացիները էդ բովանդակությունը չեն կիսում, և ընդհակառակը՝ էդքան էլ երջանիկ չեն էդ բովանդակությունից, էդ նշանակում է՝ կառավարության և ժողովրդի, քաղաքացիների միջև վստահություն կա, գոյություն ունի:
Բայց ես ուրիշ բան եմ ասում: Դուք՝ որպես օգտատերեր և ընթերցողներ, ինքներդ կարող եք լրիվ, որոշակի միջոցներ ձեռնարկել: Օրինակ, կարող եք ֆեյք օգտատեր կամ ոչ ֆեյք օգտատերերին, ովքեր, Ձեր կարծիքով՝ կեղծ և ոչ կոռեկտ լուրեր են տարածում, Դուք ուղղակի կարող եք արգելափակել էդ էջերը, կամ Ֆեյսբուքում կարող եք ռեփորթ անել և կարող եք ուղղակի հրաժարվել այն լրատվամիջոցների ընթերցումից, որոնք, Ձեզ համար ակնհայտ է և ապացուցված է, որ սուտ լուրեր են տարածում:
Էնպես որ, ես կարծում եմ, որ հենց ժողովրդավարության պայմաններում անելիքը էստեղ ոչ թե կառավարությանն է, այլ անելիքը հանրությանն է: Եթե հանրությունը գտնում է, կամ ցանկացած մեկը գտնում է, որ դա մի երևույթ է, որն անթույլատրելի է, ուղղակի մի կարգավորումով ֆեյսբուքյան էջի, կամ որոշումով՝ ուղղակի չմտնել և չօգտվել այդ լրատվամիջոցներից, Դուք կարող եք ինքներդ «պատժել» այդպիսի լուրերի հեղինակներին:
Ես անկեղծ ասեմ, մեր անելիքը և իմ անելիքը այդ ոլորտում չեմ տեսնում, իհարկե, բացառությամբ այն դեպքերի, երբ կա ակնհայտ ազգային անվտանգությանը սպառնացող տեղեկատվություն, որը քրեական տիրույթում է: Դա արդեն անձի խնդիր չէ, այլ ազգային անվտանգության խնդիր է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Այդուհանդերձ, վարչապետը չբացառեց նաև վիրավորանքի դեպքում քաղաքացիական հայցեր ներկայացնելու հնարավորությունը:
«Իսկ այն դեպքերում, երբ կա շատ կարևոր և շատ պարզաբանման կարիք ունեցող զրպարտություն, էդ դեպքերում չեմ բացառում՝ նաև մենք, կարող են լինել նաև քաղաքացիական հայցերով դատարան դիմելու պրակտիկա, և այլն: Բայց այդպիսի որևէ, ժողովրդավարության և իրավունքի գերակայության շրջանակից դուրս որևէ գործողություն չեմ պատկերացնում: Է, հայհոյում են, ինչքան ուզում են՝ թող հայհոյեն: Կարևորն այն է, թե ՀՀ քաղաքացիների քանի տոկոսն է կիսում այդ հայհոյանքը: Քանի դեռ այնպես է, ինչպես այսօր է, այսինքն՝ դրանք լուսանցքային երևույթներ են, ուրեմն իրենք պարտվել են, և ինչքան շատ հայհոյեն, այնքան ավելի շատ կպարտվեն»,- հարցի պատասխանն ավարտելով՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: