«Նավթի գնի անկումը դեռ չի նշանակում, որ ՀՀ-ի համար ավտոմատ կերպով կնվազի նաև գազի գինը». Արմեն Մանվելյան

168.am-ը ՀՀ-ՌԴ գազային բանակցությունների և արտաքին ու ներքին տնտեսական մարտահրավերների շուրջ զրուցել է էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանի հետ

– Նավթի համաշխարհային գների կտրուկ անկումը, ինչպես կանխատեսվում էր,  սկսեց ազդել նաև բնական գազի գների վրա: Այս փաստը հաշվի առնելով՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից նամակով դիմեց «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին՝ առաջարկելով նոր բանակցություններ սկսել Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու հարցի շուրջ: Ի՞նչ սպասել այդ բանակցություններից, և արդյո՞ք Դուք ևս այն կարծիքին եք, որ ՀՀն պետք է պահանջի վերանայել 2013-ի գազային պայմանագիրը:

2013թ. պայմանագիրը գազի գնագոյացման հետ կապ չունի, դա այլ խնդիրներ է կարգավորում՝ պայմանավորված «Գասպրոմ-Արմենիայի» հետ։ Ինչ վերաբերում է գազի գնագոյացմանը, ապա դա որոշվում է երկկողմ՝ ՀՀ-ՌԴ հարաբերություններով, հատկապես՝ դրա քաղաքական բաղադրիչով, հետևաբար՝ այս ուղղությամբ պետք է տարվեն հետևողական ու շարունակական բանակցություններ, որը կարող է և արդյունք տալ։

Գազի գինն ուղղակի կապ չունի նավթի գնի հետ, սա մի համակարգ է, որը գործում է միայն Եվրոպայում, որի հետ ՌԴ-ն ունի համատեղ կնքված պայմանագրեր, որտեղ նշվում է, որ նավթի ու գազի գինը փոխկապակցված է։ Այսինքն` նավթի գնի անկումը դեռ չի նշանակում, որ ՀՀ-ի համար ավտոմատ կերպով կնվազի նաև գազի գինը։

– Ի դեպ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի` «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին նամակով դիմելու հաջորդ օրը լուրեր տարածվեցին, որ  «Գազպրոմ Արմենիան» դիմել է ՀԾԿՀ-ին` առաջարկելով վերանայել գազի սակագինը: Իհարկե, այս մասով եղան հակասական տեղեկություններ. որոշ լրատվակայքեր գրեցին, որ «Գազպրոմ Արմենիան» առաջարկել է սպառողների համար գազի սակագինը հուլիսի 1-ից բարձրացնել 36 տոկոսով, իսկ որոշները, թե՝ առաջարկվել է  հուլիսի 1-ից բնակչության համար գազի սակագինը սահմանել 135,9 դրամ՝ ներկայիս 139 դրամի փոխարեն։

– Գազի գնի բարձրացման հարցում ՀՀ իշխանությունների և «Գազպրոմ Արմենիայի» միջև կար պայմանավորվածություն դեռ այս տարվա հունվարին, և որոշվել էր, որ այդ հարցով կդիմեն համապատասխան կառույցի ապրիլի 1-ին։ Այսինքն` այս մասով տարօրինակ բան չկա, այլ բան է, որ ներկա տնտեսական իրավիճակում գազի գնի բարձրացումը լուրջ հարված կլինի սպառողների համար։

Ըստ առաջարկի՝ գազի գինը 36%-ով բարձրանում է հատկապես սոցիալական խնդիրներ ունեցող անձանց համար, որոնք սպառում են մինչև 600 խմ գազ ամսական։ Մինչ այդ՝ այս խավի համար գործում էր հատուկ սակագին. 100 000 դրամ՝ հազար խորանարդի համար։

Խոշոր` ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառողների համար, սակագինը շատ չնչին, բայց իջնում է։ Սակագները նույնն են մնում նաև ջերմակայանների համար։

– Fitch Ratings-ը վերանայել է Հայաստանի վարկանիշը՝ այն «կայունից» «բացասական» դարձնելով: Ըստ միջազգային վարկանիշային հեղինակավոր կազմակերպության՝ ՀՆԱի աճը 2019թ. գրանցված 7.6%-ից կիջնի 0.5%-ի: Միջազգային մասնագետների կարծիքով՝ ստեղծված իրավիճակը ՀՀ տնտեսության համար ավելացնում է արտաքին ռիսկերի մակարդակը: Արտաքին և ներքին ի՞նչ ռիսկերի հետ ենք գործ ունենալու, և ըստ այդմ` համաճարակային ճգնաժամից ելնելով, ինչպիսի՞ վերանայումներ պիտի անի ՀՀ-ն իր տնտեսական քաղաքականության մեջ:

– Ներկա պայմաններում վարկանիշների անկումը սպասելի էր, ու դա ոչ միայն՝ ՀՀ-ի, այլև՝ այլ պետությունների դեպքում օրինաչափ է։ ՀՀ տնտեսության հիմնական ռիսկերը պայմանավորված են Ռուսաստանի տնտեսության թուլացմամբ,  այդ պետությունն է համարվում ՀՀ-ից ապրանքների արտահանման հիմնական ուղղությունը։

Բացի այդ, միջազգային սակարաններում պղնձի գնի էական անկումը` 6500 դոլարից՝ ներկա 4800 դոլարի, նույնպես լուրջ հարված է ՀՀ տնտեսությանը, քանի որ մեր երկրի արտահանման հիմնական ապրանքներից է նաև պղնձահումքը։ Սա իր հերթին՝ էականորեն կհարվածի հանքարդյունաբերությանը, և այնտեղից սպասվելիք հարկերը կնվազեն այս տարվա ընթացքում, այսինքն` բյուջեի թերակատարման վտանգներ կան։

Ինչ վերաբերում է ներքին ռիսկերին, ապա դա, առաջին հերթին՝ կապված է ոչ արհեստավարժ կառավարման հետ, ինչին ՀՀ-ն բախվում է վերջին երկու տարիներին։ Մենք փաստացի ձախողումներ ունենք կառավարման շատ ոլորտներում և հատկապես՝ տնտեսական զարգացման առաջնայնությունները որոշելու առումով։ Հիմնականում այս բնագավառում է, որ պետք է իրականացվեն բարեփոխումներ՝ պրոֆեսիոնալ մասնագետներ ու փորձագետներ գոնե հրավիրվեն, որոնք կկարողանան երկիրը խորացող ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու ծրագիր մշակել։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930