«Ստացվում է` պարոն Փաշինյանն այդ ամբարտավանին մեր հաշվին 1,5 մլն դրամ աշխատավարձ է տալիս, որպեսզի նա նման ցինիկ արտահայտություններ անի». Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Գյումրիում նկատվում են կտրուկ թանկացումներ. «Թանկացել են կարագը, երշիկեղենը, ալյուրը, հացը, տեղական մակարոնը, իսկ ռուսական և իտալական մակարոնեղենի մասին էլ չեմ խոսում, ավելորդ է, թանկացել է նաև հնդկաձավարը, որը Գյումրիում երեկ արդեն՝ 750 դրամ, ոսպը, որը 600 դրամ էր, երեկ դարձել է 700 դրամ։ Թանկացել է նաև կաթնամթերքը, ձուն։ Էլ ի՞նչ մնաց։ Ես շուտով լուսանկարներով կհրապարակեմ։ Կառավարությունը պետք է այս ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկի։ Կան պատասխանատու կառույցներ, որոնք պետք է կատարեն իրենց աշխատանքը»։
Գագիկ Համբարյանը նկատեց՝ Շիրակի մարզն առաջին տեղում է աղքատության թվով. «Նաև չմոռանանք, որ արտագնա աշխատանքի մեկնողների մեծ մասն էլ Շիրակի և Գեղարքունիքի մարզերից են։
Ըստ պաշտոնական տվյալների՝ ամեն տարի 200-250 հազար ՀՀ քաղաքացի մեկնում էր արտագնա աշխատանքի. Նրանց մեծ մասը հիմա Հայաստանում է մնացել։ Ովքեր հասցրել էին փետրվարի վերջին-մարտի սկզբին գնալ, հիմա ուզում են վերադառնալ, որովհետև գործ չկա»։
Դիտարկմանը՝ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, օրինակ՝ ասել էր, որ, եթե ոսպը կամ հնդկաձավարը թանկանում են, կարելի է դրանց փոխարինիչներն ընտրել, նա այսպես արձագանքեց. «Քանի որ Տիգրան Խաչատրյանն առաջարկում է հասարակությանը՝ հնդկաձավարի և ոսպի փոխարինիչներ գնել, ես էլ նրան առաջարկում եմ մսի փոխարեն՝ ուտել բակլազգիների ընտանիքին պատկանող հայտնի խոտը։ Քանի որ կառավարության ներկայացուցիչները սովոր են Վիկիպեդիայով որոնել և գիտական մեծ հայտնագործություններ անել, թող էկոնոմիկայի նախարարը մտնի և տեսնի, թե որ խոտը նկատի ունեմ։
Ինքն ինձ առաջարկում է ոսպի և հնդկաձավարի փոխարինիչներ ուտել, ես էլ իրեն առաջարկում եմ մսի փոխարեն՝ համապատասխան խոտ ուտել, դա ավելի օգտակար կլինի և՛ իր ընտանեկան բյուջեի, և՛ ՀՀ քաղաքացիների համար։ Ստացվում է, որ պարոն Փաշինյանն այդ ամբարտավանին մեր հաշվին 1,5 մլն դրամ աշխատավարձ է տալիս ամեն ամիս, որպեսզի նա նման ցինիկ արտահայտություններ անի այն դեպքում, երբ գնաճն ահագնացող տեմպեր է ստանում և բավականին մեծ սոցիալական ռիսկեր է իր մեջ պարունակում»։