Բաժիններ՝

Վարչական գործերով նիստեր են անում՝ առանց մյուս մասնակիցների, ու տուգանքներ են նշանակում, ինչն օրենքի կոպիտ խախտում է․ Իրավապաշտպանները՝ ՊԵԿ-ին

Իրավապաշտպաններն ահազանգում են՝ արտակարգ իրավիճակ է, մարդկանց հորդորում են տանը մնալ, սակայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչությունը շարունակում է վարչական վարույթներ իրականացնել։

«Մարդկանց փոստով կամ այլ եղանակներով ծանուցում են, որ գնան ներկայանան, սակայն քաղաքացիներն ու իրենց ներկայացուցիչները չեն կարողանում ներկայանալ՝ ելնելով ստեղծված իրավիճակից։ Հետևաբար՝ իրենք վարչական գործերով նիստեր են անում՝ առանց  մյուս մասնակիցների, ու տուգանքներ են նշանակում, ինչն օրենքի կոպիտ խախտում է։ Նախկին վարչական վարույթներն են, որոնք ամիսներ են տևել, ու հիմա որոշումներ են կայացնում»,- 168.am-ի հետ զրույցում ասացին իրավապաշտպանները, որոնց անուններն իրենց խնդրանքով չենք հրապարակում։

«Ասենք՝ քաղաքացուն 5-10 օր առաջ ծանուցել են, այն ժամանակ դեռ կարելի էր դուրս գալ, տվել են ձեռքը ծանուցումը ու համարում են՝ վերջ, քաղաքացուն ծանուցել են, որ այս օրը, այս ժամին նիստ է։ Մենք բազմիցս խնդրել ենք,  որ տեսակապով նիստն ապահովեն, տնից մասնակցենք, քանի որ այս կամ այն վարույթի վերաբերյալ շատ ասելիք ունենք, էական հանգամանքներ կան՝ կապված գործերի հետ, որոնք անպայման պետք է հայտնենք, սակայն ապարդյուն։ Տեսակապի հետ կապված մտքին բացասական արձագանք են տվել։ Խոսքը ոչ թե 100․000-ի, այլ միլիոնների մասին է։ Ժողովուրդն այս վիճակում է, ու իրենք միլիոններով տուգանում են մարդկանց»,- մանրամասնեցին նրանք։

Հավելենք, որ  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով․

Հայաստանի Հանրապետությունում գործող իրավակարգավորումներով երկրում հայտարարված արտակարգ դրությունը հարուցված և իրականացվող վարչական վարույթների կասեցման կամ դրանց ժամկետների երկարաձգման համար հիմք չի հանդիսանում: Ուստի ՊԵԿ իրավաբանական վարչության իրավասությանը վերապահված վարչական վարույթները շարունակելու են իրականացվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով, եթե առկա չեն օրենքով նախատեսված վարչական վարույթները կասեցնելու կամ դրանց ժամկետները երկարաձգելու հիմքեր:

ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության իրավասությանը վերապահված են.

– չկատարված հարկային պարտավորությունների գանձման վերաբերյալ վարչական վարույթները,

– հարկային գործերով վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական վարույթները,

– ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից հայտնաբերված հարկային իրավախախտումների, ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձման սահմանված կարգի խախտումների վերաբերյալ վարչական վարույթները,

  • մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարչական վարույթները:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը և նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման դեպքերի կանխարգելման նպատակով ՀՀ պարետի կողմից սահմանված ազատ տեղաշարժման սահմանափակումները, ինչպես նաև նպատակ ունենալով ապահովել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի իրացումը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչությունը տեղեկացնում է, որ նշված վարչական վարույթների շրջանակում միջնորդություններ, առարկություններ, դիրքորոշումներ կամ այլ տեղեկություններ կարող են ներկայացվել ՀՀ ՊԵԿ-ի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչությունը երաշխավորում է, որ յուրաքանչյուր վարչական վարույթի շրջանակում իրականացվում և շարունակվելու է իրականացվել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս