
Դանիան վարպետաց դաս տվեց. Արթուր Ղազինյան

Դանիան վարպետաց դաս ցույց տվեց համաճարակի տնտեսական հետևանքները մեղմելուն ուղղված պետական օժանդակության մասով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:
«Այնտեղ որոշել են 90%-ով փոխհատուցել աշխատավարձերն ու անշարժ գույքի վարձակալման համար վճարվող վարձավճարները: Հարկադիր մեկուսացման մեջ գտնվող և իրենց տնտեսական գործունեությունը դադարեցրած ընկերություններն ունեն 2 հիմնական ֆիքսված ծախս. աշխատավարձեր և վարձավճարներ: Եթե այս երկու խնդիրները պետությունը լուծի, ապա ընկերությունները կազատվեն հաստատագրված վճարներից և ճգնաժամի ավարտին պատրաստ կլինեն վերսկսել տնտեսական գործունեությունը՝ առանց լուրջ կորուստների և վնասների», գրել է Արթուր Ղազինյանը:
«Իսկ պետության միջոցները կուղղվեն ոչ թե բանկերին, ինչպես անում են Հայաստանում, այլ տնտեսության իրական հատվածին՝ ՄԱՐԴՈՒՆ, որը այդ գումարները կծախսի պետության ներսում՝ պահանելով կայունությունն ու ներքին սպառման ծավալները: Դե իսկ վարձավճարները կպահպանեն անշարժ գույքի շուկան՝ բարձրացնելով դրա գրավչությունը հետճգնաժամային տնտեսական իրավիճակում»:
Արդյունքում աշխատատեղերը կպահպանվեն, գործազրկությունը կզսպվի, մարդկանց եկամուտները կպահպանվեն, գրել է Արթուր Ղազինյանը եւ հետգրություն թողել.
«Հ.Գ. Այս հարցով «Մեկ Հայաստան» կուսակցությունը վերջերս հայտարարություն էր տարածել՝ առաջարկելով կառավարության ուշադրությունը կենտրոնացնել անշարժ գույքի շուկայի կայունության վրա»: