Նույն ախորժակով թող պարգևավճար ստանան այնքան, մինչև հերթը հասնի իրենց, ու զգան՝ էդպես բարոյական չէ. Թաթուլ Մանասերյան
«Թեև հիմա ընդունված չէ Կառավարությանը քննադատելը, սակայն չեմ կարող չասել, որ, այնուամենայնիվ, փորձագիտական մասնագիտական կարծիքը չի կարելի հաշվի չառնել»: 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Կառավարության վարած տնտեսական քաղաքականությանը, ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ առաջին հերթին՝ ընդգծելով, որ բացակայում է Կառավարության և մասնագիտական հանրության միջև հետադարձ կապը, չկա մշակույթ, որ Կառավարությանը հասցեագրված նամակներին գոնե պետք է պատասխանել, թեկուզ շատ կարճ:
«Եթե խոսքը վերաբերեր Կառավարության անդամների անձնական խնդիրներին, նման վերաբերմունքը գոնե հասկանալի կլիներ, բայց երբ խոսքը գնում է բոլորիս կյանքի մասին, և առաջարկվում են ակնհայտ առավել արդյունավետ գործելու տարբերակներ, վատ չէր լինի, որ դրանց ականջալուր լինեին: Գիտեք՝ Նոբելյան մրցանակակիրներն անգամ անպայման ականջալուր են լինում նոր գաղափարներին: Մեզ մոտ, ցավոք, նման մշակույթ չկա»,- ասաց Մանասերյանը;
Կառավարության երեկվա նիստում ընդունված Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների փաթեթի մասին էլ տնտեսագետը որոշ մարնամասներ պատմեց.
«Օրինակ` մենք մինչև Կառավարության կողմից այս փաթեթների ընդունումն առաջարկել էինք, որ գյուղատնտեսությանն ավելի հասցեական աջակցություն հատկացնեն, հայտարարեն, որ այն գյուղացիական տնտեսությունները, որոնք պարենային անվտանգության հարց են լուծում, նրանց մոտիվացնելու համար Կառավարությունից աջակցություն կստանան սուբսիդիաների տեսքով: Սա փորձագիտական կարծիք է, որը կարելի է հաշվի առնել և մի կողմից՝ խնայել պետության սուղ միջոցները, մյուս կողմից՝ մոտիվացնել գյուղացիական տնտեսությունները: Ինչ վերաբերում է կոոպերատիվների ստեղծմանը, ապա ՀՀ-ում դա այդքան էլ հեշտ չէ անելը: Դա առանձահատկություններ ունի, բացի այդ, 30 տարի է՝ դրա մասին խոսում ենք: Դրա համար շատ հստակ մեխանիզմ է պետք, պետք է ամբողջ շղթան ներկայացնել, ճանապարհային քարտեզ ունենալ, հիմնել մի տեղ զարգացնել, հետո դա տարածել այլ համայնքներում՝ ելնելով այդ համայնքների առանձնահատկություններից: Ես կողմնակից եմ և՛ գյուղացուն օգնելու համար հրատապ քայլերի կիրառմանը, և՛ կոոպերատիվների ստեղծմանը՝ դրա համար օգտագործելով, օրինակ, Իսրայելի հաջողված փորձը»:
Կառավարության ընդունած փաթեթներից մեկով էլ մինչև 50 աշխատող ունեցող ձեռնարկություններին հատկացվող դրամաշնորհների չափով պայմանավորված որոշ տնտեսվարողներ դժգոհություն էին հայտնել, և մեզ հետ զրույցում տնտեսագետ Մանասերյանն ասաց, որ այդ դրամաշնորհները չեն կարող մասսայաբար տրամադրել բոլորին, դրանք պետք է բաշխվեն՝ ըստ առաջնահերթության:
«Բերեմ մի կոնկրետ օրինակ՝ գյուղացու համար շատ կարևոր սեզոն է, կան տնկարաններ, կան անհատներ, որոնք զբաղվում են այդ գործով, ցանկանում են ձեռք բերել նոր հողակտորներ, գործն ընդլայնել և, չնայած դիմել են բանկերին և պետությանը, սակայն նոր հողակտորներ ձեռք բերել չի ստացվել: Հիմա այս պարագայում Կառավարությունը հենց նրանց պետք է առաջնահերթություն տա: Ինչ վերաբերում է նրան, որ Կառավարությունն ասում է, որ փող կտա առաջին հերթին՝ պարտաճանաչ հարկային և վարկային պատմություն ունեցող տնտեսվարողին, ապա դա միշտ չէ, որ ճիշտ է, որովհետև կարող է դժվարություններ ունենալու պատճառով տնտեսվարողի վարկային, հարկային պատմությունը լավը չլինի, բայց նրանց պետք է ուշադրության կենտրոնում պահել, որովհետև գուցե պետական կամ ռազմավարական նշանակության հարցեր են լուծում: Գիտեք՝ հենց էստեղ է, որ կարևոր է փորձագետների և Կառավարության համագործակցությունը»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:
Տնտեսագետն առանձնացրեց մեկ այլ կարևոր խնդիր: Ըստ նրա՝ տարիներ շարունակ խոսում ենք ներմուծումը փոխարինելու մասին, սակայն իրականում որևէ բան չի արվում այդ ուղղությամբ, չի արվում նաև այն ժամանակ, երբ համաշխարհային տնտեսության մեջ սննդամթերքի գներն անընդհատ աճում են, իսկ Հայաստանը մի շարք ապրանքների գծով կարող է գերազանցապես՝ 75-80 տոկոս, և լրիվ ինքնաբավ լինել:
«Աշխարհում բոլոր գյուղատնտեսություններն են սուբսիդավորվում, սակայն կարևոր է, որ այդ սուբսիդավորումը լինի թիրախավորված, որ միջոցների փոշիացում չստացվի: Պետք է քաջալերել մարդկանց: Քաջալերելու ձևերից մի օրինակ, հիմա, տեսեք՝ պարետի կողմից բոլորս էլ ստանում ենք հաղորդագրություններ, տեսնում են հոգածություն և ուշադրություն: Հիմա ի՞նչն է խանգարում, որ մարդիկ հաղորդագրություններ ստանան նաև այն մասին, որ բոլոր նրանք, ովքեր պարենային անվտանգության խնդիր կլուծեն, կամ կարտադրեն գյուղատնտեսական այս կամ այն ապրանքը, կստանան այս կամ այն աջակցությունը պետության կողմից: Գոնե նման հաղորդագրություններով պետք է քաջալերել, որ մարդիկ դիմեն մարզպետարաններ, համայնքապետարաններ և սկսեն գործ անել: Սրանք հասարակ բաներ են՝ մանրուքներ, բայց սատանան մանրուքների մեջ է»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:
Հարցին՝ արդյո՞ք անհրաժեշտ է, որ Հայաստանը Կենտրոնական բանկի և միջազգային գործընկերների հետ սկսի բանակցել Կորոնավիրուսի ճգնաժամով պայմանավորված 2020 թվականի համար 450 միլիոն դոլարի արտաքին պարտքի սպասարկման ծավալները փոփոխելու համար, Թաթուլ Մանասերյանը պատասխանեց.
«Արտաքին պարտքի սպասարկումը հետաձգելու կամ ծավալները փոխելու անհրաժեշտություն այս պահին չեմ տեսնում, դա ծանր խնդիր չէ մեզ համար, ավելին՝ արտաքին պարտքը կարող է շատ ավելին լինել և հանգիստ սպասարկվել: Կարևոր է այդ պարտքի արդյունավետ օգտագործումը: Այս 30 տարիների ընթացքում ես այդպես էլ չտեսա, թե այդ պարտքը որքանով է թափանցիկ և նպատակային օգտագործվում. Այ, այստեղ է խնդիրը: Այստեղ տեղին է հիշեցնել, որ Արցախի Հանրապետության նախկին վարչապետ և ներկայիս նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ժամանակին պնդում էր, որ կարելի է ավելի շատ փոխառու միջոցներ ներգրավել, եթե հստակ գիտես, թե ինչ նպատակների համար են դրանք ուղղվելու, և նրա այդ խոսքերի հետևում այն աշխատանքներն են, որոնք արվել են Արցախում: Հենց Հարությունյանի օրոք էր, որ 17-18 տոկոս երկնիշ թվով տնտեսական աճ ունեցավ Արցախի տնտեսությունը: Հիմա հարց է առաջանում՝ ի՞նչն է խանգարում Հայաստանում այդ նույն մոդելը կիրառել»:
Հարցին՝ իսկ արդյոք կա՞ գումար խնայելու անհրաժեշտություն, օրինակ՝ ժամանակավորապես սահմանափակել բարձրաստիճան պաշտոնյաների բարձր աշխատավարձերն ու պարգևավճարները:
«Կարող են նույն ախորժակով շարունակել. Շարունակել այնքան, մինչև հերթը հասնի իրենց, ու զգան, որ պարտադիր չէ, որ համաճարակ լինի, որ հասկանան՝ էդպես բարոյական չէ: Առաջին հերթին՝ պետք է վաստակել այդ աշխատավարձը, որի մասով էլ որոշ պաշտոնյաների պարագայում խիստ կասկածում եմ: Դրանից հետո, եթե մարդը պետական համակարգում խնդիր է լուծել, կարող է արդեն ստանալ պարգևավճար, թեև սովորաբար այդ խնդիր լուծող մարդիկ, որպես կանոն, ստվերում են մնում, և պարգևավճարներ են ստանում մերոնքականները»,- ասաց Թաթուլ Մանասերյանը: