«Փաշինյանը գոյություն չուներ քաղաքական դաշտում, երբ Բոստանջյան Վարդանն օրենք գրեց կոոպերատիվներին անտոկոս վարկեր տալու մասին »
ՀՀ կառավարությունը մարտի 26-ի նիստում ընդունեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների փաթեթ՝ բաղկացած 5 ծրագրից: 168.am-ը փաթեթով նախատեսված միջոցառումների վերաբերյալ զրուցեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ:
– Պարո՛ն, Բոստանջյան, առաջին փաթեթով առաջարկվում է նպատակային վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման, տոկոսադրույքի սուբսիդավորման ձևերով օժանդակել այն տնտեսվարողներին, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում գործունեություն են ծավալել ՀՀ տարածքում, ունեցել են բարվոք վարկային և հարկային պատմություն: Ճի՞շտ է արդյոք աջակցություն ցուցաբերելը միայն բարվոք հարկային և վարկային պարտավորություն ունեցած տնտեսավարողներին, այդ դեպքում նման վարքաքգիծ չդրսևորածների ճակատագիրն ի՞նչ է լինելու:
– Ամբողջ աշխահում ընդունված մի պրակտիկա կա. Նախ՝ գնահատել վարկառուի պատշաճ վարքագիծը, որից հետո նոր նրան տալ վարկ, իսկ այն տնտեսվարողները, որոնք ոչ պատշաճ վարքագիծ են ցուցաբերել, եթե անգամ նրանց վարկ տաս, միևնույն է, դրանով նրանց վիճակը չես կարող բարելավել: Իսկ երբ պետության միջոցները սուղ են, ապա այդ պարագայում խնդիր է դրվում՝ առաջինն աջակցել պարտաճանաչներին: Սուղ ֆինանսական միջոցների պարագայում պետությունը մտածում է առաջնահերթությունների մասին, իսկ ոչ պարտաճանաչները, որպես կանոն, կշարունակեն մնալ խոցելի: Եթե մեր միջոցները քիչ չլինեին, գուցե արժեր դիտարկել նաև ոչ պարտաճանաչ տնտեսվարողներին աջակցելու հարցը, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք: Եվ այստեղ է, որ փող ունենք, ծախսելու տեղ չունենք ձևակերպումը հօդս է ցնդում:
– Երկրորդ փաթեթով առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերով սահմանված սուբսիդավորման չափաքանակների փոփոխություն և համաֆինանսավորման օժանդակության ձևերի կիրառում։ Հատկանշական է, որ գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման համար նույնպես սահմանվում են 0% տոկոսադրույքով վարկեր և համաֆինանսավորում։ Արդյո՞ք սա կարելի է համարել գյուղատնտեսությունը ռեցեսիայից դուսր բերելուն միտված քայլ:
-Նախ ուզում եմ ասել, որ կոոպերատիվների ստեղծման և աջակցման մասին ծրագիրն աննախախադեպ չէ, ինչպես փորձ է արվում հաճախ այն ներկայացնել: Թեև մեր վարչապետի պարագայում ցանկացած տրիվիալ փռշտոց աննախադեպ է համարվում, սակայն դա այդպես չէ: Փաշինյանը գոյություն չուներ քաղաքական դաշտում, երբ Բոստանջյան Վարդանը 2000 թվականին օրենք գրեց կոոպերատիվներին անտոկոս վարկեր տալու մասին: Ինչ վերաբերում է երեկ կառավարության նիստում ընդունված այս որոշմանը, ապա սա շատ կարևոր քայլ եմ համարում, որովհետև այսօր ամենխոցելի խավը գյուղատնտեսության ոլորտում աշխատող մարդիկ են, ուստի նրանց պետք է առավել մեծ ուշադրություն դարձվի: Ավելին, այս աջակցությունը պետք է ավելի վաղ տրվեր գյուղացիներին, բայց մենք հիմա ստիպված և պարտադրված ենք գնում այդ քայլին, որը ես ողջունում եմ:
– Երրորդ միջոցառմամբ առաջարկվում է վարկի ապահովման ու տոկոսադրույքների սուբսիդավորման ձևերով օժանդակել 2019-ին 24-500 մլն տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողներին։ Արդյո՞ք այս աջակցությունը հնարավորություն կտա տնտեսվարողներին շունչ քաշել, չփակվել և իրենց գործունեության մեջ վերադասավորումներ անել՝ արդեն ըստ շուկայի պահանջների:
– Այո, իհարկե: Առհասարակ, հաշվի առնելով, որ գյուղատնտեսությունից հետո հաջորդ խոցելի և ամենաշատ տուժած շերտը փոքր և միջին բիզնեսով զբաղվողներն են, ապա նրանց այս փաթեթում ներառելը ևս ճգնաժամից դուրս գալու համար արված քայլ է: Նշված չափերը փոքր և միջին բիզնեսի ինստիտուտն է համարվում, և նրանք ամենխոցելին են, և, փաստորեն, այս կերպ նրանց նկատմամբ պետությունը դրսևորում է մեղմ վերաբերմունք: Այո՛, այս և ընդունված փաթեթով առաջարկվող քայլերը ոչ նորամուծություն են, ոչ էլ աննախադեպ, ամբողջ աշխարհն է այսօր գնում նման լուծումների:
– Չորրորդ միջոցառման նպատակն է՝ օժանդակել մինչև 14 տարեկան անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին, եթե երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում։ Աջակցության ծրագրով նախատեսվում է տրամադրել միանվագ նպաստ՝ 100 հազար դրամի չափով: Ճիշտը միանվագ նպաստ տա՞լն է արդեն աշխատանքը կորցրածին, թե՞ առավել նպատակահարմար կլիներ այդ գումարը գործատուին տալ՝ նախ՝ աշխատատեղ չկրճատելու, հետո նաև՝ աշխատավարձի 23 տոկոս հարկ վերցնելու համար. Այսինքն՝ նախապես խոսել գործատուի հետ, որ նա աշխատատեղ չկրճատի:
– Այս փաթեթի հետ կապված, լավ կլիներ, եթե պետությունը կարողանար գործունեություն չծավալող և հասույթ չգեներացնող տնտեսվարողին փող տալ, որպեսզի նա աշխատատեղերը չկրճատեր, տար աշխատավարձ, որից էլ հարկեր ետ կգային պետական բյուջե: Բայց դա հնարավոր էր միայն այն ժամանակ, եթե պետությունն ունի ֆինանսական լուրջ ռեսուրսներ, ինչը մենք հիմա չունենք: Տնտեսվարող սուբյեկտները Հայաստանում կարողանում են ֆինանսական միջոցներ կուտակել իրենց գործունեության արդյունքում և չեն կարողանում դրա դադարեցման ժամանակ առժամանակ պահել աշխատատեղերը, հետևաբար՝ պետության քայլը՝ գոնե այդ խոցելի խմբերին միանվագ օգնություն տրամադրելու մասով, թեև փոքր, բայց օգնություն է:
– Հինգերորդ միջոցառմամբ նախատեսվում է օժանդակել տնտեսվարողներին (բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպությունների, ներդրումային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչների և այլ նմանատիպ գործունեություն ծավալողների), որոնք ունեցել են 2-ից մինչև 50 վարձու աշխատակից: Աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվելու է միանվագ դրամաշնորհ, սակայն արդեն կան դժգոհություններ, այդ դրամաշնորհը, որը կազմում է յուրաքանչյուր աշխատակցի համար մեկ ամսվա աշխատավարձի մինչև 20%-ը, չի կարող լուծել նույնիսկ կարճաժամկետ սոցիալական խնդիրներ:
– Դրամաշնորհները փոքր և միջին բիզնեսի համար շատ կարևոր են, քանի որ նրանք ևս ամենախոցելին են: Ճիշտ է, այդ դրամաշնորհը շատ փոքր օգնություն է, բայց, այնուամենայնիվ, օգնություն է, հիմա կարող են շատ տնտեսվարողներ դժգոհել, որ տրվող դրամաշնորհը քիչ է, սակայն ավելի լավ է այդ քիչ աջակցությունը, քան ընդհանրապես որևէ բան չարվի: Առհասարակ այս միջոցառումները լավն են, փաթեթով ներառված բոլոր ծրագրերն էլ տեղին են, սակայն այստեղ կա մի շատ կարևոր խնդիր, որ դրանք լինեն ճիշտ թիրախավորված: Եթե տրամադրվող օգնությունը հասնի ոչ ճիշտ հասցեատիրոջը, ապա մենք կունենանք շատ ավելի վատ իրավիճակ:
Թեև ես մշտապես հանդես եմ եկել Կառավարության տնտեսական քաղաքականության քննադատությամբ, սակայն այս պարագայում չեմ կարող չասել, որ այս քայլերը ողջունում եմ, բայց ունեմ մեկ մտահոգություն՝ պետք է հատուկ հետևողականություն սահմանվի, որ այդ փաթեթները ճիշտ աշխատեն, փողը ճիշտ տեղում հայտնվի, քանի որ սրանք ոչ թե տնտեսության զարգացմանը, այլ ճգնաժամից դուրս գալուն միտված քայլեր են ընդամենը: