«Դժվար է ասել, թե հետագան ինչ կլինի, որովհետև տնտեսական կառավարման և միջամտության ցանկացած պլան պետք է կառուցվի առողջապահական համակարգի կառուցած սցենարների վրա». Հովհաննես Ավետիսյան

«Հիմա ամեն ինչ փլուզվում է, և մենք ունենում ենք մի մեծ շինհրապարակ և, բնականաբար, պետք է մտածենք այդ շինհրապարակում նոր կյանք, նոր պետություն, նոր հանրություն, նոր հնարավորություն, նոր տնտեսություն կառուցելու մասին»,- օրերս հարցազրույցներից մեկում նշել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված համաշխարհային իրավիճակին և տնտեսական մարտահրավերներին:

Ի՞նչ նոր հնարավորությունների մասին է նշում գործադիրի ղեկավարը, Հայաստանն այսօր արդյոք ունի՞ նման պոտենցիալ՝ համաշխարհային տնտեսության մեջ այդ կերպ կայանալու համար: Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է հանրային կառավարման փորձագետ (Հարվարդի համալսարանի մագիստրոս) Հովհաննես Ավետիսյանի հետ: Փորձագետն անդրադարձել է նաև ճգնաժամային կառավարման խնդիրներին, իրավիճակով պայմանավորված՝ պետության կողմից ակնկալվող քայլերին, քաղաքացուն ուղղված աջակցության չափին ու դերին:

– «Էն տնտեսական հեղափոխությունը, որի մասին ասում էինք, սա հիմա մենք դիտում ենք՝ որպես զրոյական կետ, որպես ազդակ, որ տնտեսական հեղափոխության ժամանակը իրոք եկել է»,- «Շանթի» եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Իրատեսական համարո՞ւմ եք վարչապետի այս հայտարարությունը:

– Ինձ համար անհասկանալի է ասվածը, նախ՝ քանի որ տնտեսական հեղափոխություն կատեգորիա գոյություն չունի. հեղափոխություն ասվածը տնտեսության մեջ չի լինում, արդյունաբերության մեջ է եղել և վերաբերել է «ստեղծարար ոչնչացմանը»: Այն երկու հասկացություն է միացնում իրար՝ քանդելը և ստեղծարարությունը: Հիմա, ի սկզբանե, «քանդելը» տեղի է ունենում, բայց որպեսզի էդ քանդածի, ինչպես ինքը՝ Փաշինյանն է ասում՝ «ավերակների» մեջ կարողանաս գտնել նոր հնարավորություններ, այդտեղ նորարարություն է պետք, ինչի համար պետք է լինի լավ կրթություն և գիտություն: Իսկ մենք այդ ամենն ունե՞նք, թե՞ ոչ՝ բոլորիս է հայտնի:

– Կարճ ձևակերպմամբ՝ իրատեսական չե՞ք համարում հայտարարությունը:

– Անհասկանալի է ու էմոցիոնալ:

– Կարո՞ղ ենք այդ հայտարարությունը համարել հասարակությանը մոլորեցնելու փորձ:

– Եթե մի բանը գիտակցաբար է արվում, դա կարելի է «մոլորեցնելու փորձ» համարել, բայց ես կարծում եմ, որ ինքն իր տեսակով այնպիսի մարդ է, որ իր ասածներին հավատում է: Այստեղ երևույթները գնահատելու ու դրանցից ռացիոնալ հետևություններ անելու և, ըստ դրա՝ գնահատականներ տալու հարց է:

– Ձեր խոսքում անդրադարձաք վարչապետի մյուս հայտարարությանը, մեջբերեմ ամբողջությամբ՝ «Հիմա ամեն ինչ փլուզվում է, և մենք ունենում ենք մի հատ մեծ շինհրապարակ։ Եվ, հետևաբար՝ պետք է մտածենք այդ շինհրապարակում նոր կյանք, նոր պետություն, նոր հանրություն, նոր հնարավորություն, նոր տնտեսություն կառուցելու մասին»։ Մինչ շատերը մտահոգված են տնտեսական իրավիճակով՝ վարչապետը, կարծեք նույնիսկ «հիացմունքով» է արտահայտվում տնտեսության փլուզման մասին։ Վտանգավոր չէ՞ այսպիսի մտածելակերպը Հայաստանի համար:

– Եթե դու գիտես՝ ինչ ես ուզում սարքել, եթե ծրագիր ունես, նախագծել ես, ապա քանդել և տեղում սարքելը լավ է, բայց ո՞րն է այդ ծրագիրը, մենք ի՞նչ ենք ուզում, ո՞րն է այդ «նորը»: Նման կատեգորիաների մասին կարողանում են խոսել այն պետությունները, որոնք ունեն նորարարական ներուժ, իսկ դա, կրկնում եմ, պահանջում է գիտելիքահեն տնտեսություն, ինչը մեզ մոտ բացակայում է: Չափիչը մեր կրթական հաստատությունների որակն է, որը, կարելի է ասել, գոյություն չունի՝ անորակ է, և գիտությունն էլ, հետևաբար՝ նույն վիճակում է:

– Խոսելով այս տարվա տնտեսական աճի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե դա այլևս հետաքրքիր չէ, դա անցյալի թեմա է, անցյալի մեթոդ է։ Սա ստանձնած պարտավորություններից և նախատեսված տնտեսական ցուցանիշների կատարումից խուսափելու և հետագա ձախողումներն արդարացնելու փորձ համարել կարելի՞ է:

– Գնահատական չեմ կարող տալ, բայց այն ցուցանիշները, որոնց իրենք են ուշադրություն դարձրել, օրինակ, տնտեսական ակտիվության ցուցանիշը, համախառն ներքին արդյունքը, ես ինքս չեմ կարևորել՝ նշելով, որ դրանք Հայաստանում ներառական զարգացման ցուցիչ չեն, այսինքն՝ այդ աճերը չեն վերաբերում շատ մարդկանց, այդ աճերը մի քանի բիզնես ընտանիքների են վերաբերում, սակայն իրենք շարունակաբար դա կարևորել են, և հիմա, չգիտեմ, թե ինչո՞ւ, արդեն կարևոր չէ:

– Համավարակի ֆոնին պետությունները հայտարարում են ճգնաժամային կառավարման մասին և գործում են այդ տրամաբանությամբ: Արդյոք մեր պետությունը ստեղծված իրավիճակում ստանձնե՞լ է ճգնաժամային կառավարման իրականացումը:

– Ներկա վիճակն արտառոց է, քանի որ խնդիրը տնտեսական չէ, այլ առողջապահական. տնտեսականը հետևանքն է՝ երկրորդային բացասական հետևանք է, որը կանգնեցնում է տնտեսությունը: Տնտեսագիտությունը գիտություն է մարդու գործունեության մասին. Հիմա մարդու գործունեությունն է կանգնել վիրուսի տարածման պատճառով: Այդ տեսանկյունից՝ շատ դժվար է ասել, թե հետագան ինչ կլինի, որովհետև տնտեսական կառավարման և միջամտության ցանկացած պլան պետք է կառուցվի առողջապահական համակարգի կառուցած (վիրուսի տարածման) սցենարների վրա. առանց դրա անհնար է: Քանի որ Հայաստանում անկախությունից ի վեր կառավարման ճգնաժամ կա, ապա չգիտեմ, թե կառավարման ճգնաժամ ունեցող պետական կառավարման համակարգն ինչպես կարող է ճգնաժամային կառավարում իրականացնել. վարչապետն ինքն էլ բազմիցս հայտարարել է, որ մեր պետական համակարգը չի ծառայում հանրությանը, այն անարդյունավետ է և ռեսուրս վատնող:

Մեծ երկրներն ավելի մեծ հնարավորություններ ունեն դա իրականացնելու համար. Օրինակ՝ ԱՄՆ-ը. իրենց փողը միջազգային շրջանառվող արժույթ է, և ինչքան էլ թողարկեն, ինֆլյացիան իրենց մոտ խնդիր չէ, իրենք կարող են փող տպել-բաժանել, ժողովրդին ասել՝ ապրեք, բայց նույնիսկ այդ պայմաններում, երբ մարդը չի կարողանում գործել, այդ ճգնաժամային կառավարում ասվածի նախկինում կիրառված գործիքները դառնում են ոչ պիտանի:

Մեծ Բրիտանիան, օրինակ, նշում է, որ կանխատեսում է՝ եթե վիրուսը տարածվի մի արագությամբ, որ մեծ թվով մարդիկ դառնան վիրուսակիր, և նրանցից «ինչ-որ» տոկոսի վիճակը սրվի, և անհրաժեշտություն լինի շնչառական սարքերի, ապա նման սցենարի դեպքում պետք է ընդլայնել և զարգացնել բժշկական համապատասխան ծառայություններ մատուցելու կարողությունները: Եվ, հետևաբար՝ պետությունը ֆինանսական միջոցներ է տրամադրում այն ձեռնարկություններին, որոնք, օրինակ, արտադրում են թոքերի թթվածնային սնուցման սարքեր, որ անհրաժեշտության դեպքում կարողանան ավելի շատ քաղաքացիների սպասարկել: Չգիտեմ՝ մեզ մոտ նման բաներ արվո՞ւմ են: Վերջերս խոսվում էր նմանատիպ աջակցության կարևորության մասին:

– Փաշինյանը հայտարարեց 150 մլրդ դրամի փաթեթի մասին, որը պետք է լինի կառավարության աջակցությունը տարբեր ուղղություններով։

– Ամբողջ աշխարհը հիմա դա է անում, առաջին հերթին՝ սոցիալական, բայց սոցիալականը, բացի հայտարարություններից, դեռ գործի մեջ չենք տեսել: Օրինակ՝ երբ ասում են, եթե ինչ-որ ձեռնարկության աշխատակից վատ է զգում` սիմպտոմներ ունի, թող ինքնամեկուսանա, գործը չի կորցնի, գործատուին էլ՝ վճարում են ինչ-որ գումար տվյալ աշխատակցին աշխատավարձ վճարելու համար. աշխարհում հիմա դա է արվում: Դա ինչո՞ւ է կարևոր, քանի որ կան մարդիկ, ովքեր հիվանդ են, բայց վախենում են դրա մասին խոսել, որպեսզի գործը չկորցնեն, ու վիրուսը շարունակում է տարածվել:

– Երկու օր առաջվա դրությամբ՝ շաքարավազի 201 օրվա պաշար ունենք, հավի մսի՝ 64, ձեթի՝ 38 օրվա: Միայն մարտի 1-ին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում՝ 18 տոննա ձեթ, 220 տոննա շաքարավազ, 145 տոննա ցորեն, 15 տոննա հրուշակեղեն, 20 տոննա սիսեռ, սառեցված արևածաղկի, դդմի սերմ, կարտոֆիլ։ Այս մասին այսօր Կառավարության վերջին նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավաստիացնելով, որ Հայաստանը պարենի խնդիր չունի։ Պարենի քանակի մասին Ն. Փաշինյանի բարձրաձայնած թվերը բուռն քննարկվեցին հասարակական-տնտեսական-քաղաքական տարբեր շրջանակներում՝ մասնավորապես դիտարկելով՝ արդյո՞ք դրա անհրաժեշտությունը կար՝ պետական անվտանգության տեսանկյունից:

– Քանի որ սննդի սպահովության ռիսկեր կան, մարդիկ շատ են հիմա գնումներ անում, այդ առումով մարդկանց տեղեկացնելով՝ անհանգստությունները փարատելու կարիք կար, բայց ընտրված եղանակը՝ չգիտեմ՝ ճի՞շտ է, թե՞ ոչ, ինչո՞ւ չգիտեմ, որովհետև ազգային անվտանգության խնդիրներից ելնելով՝ տեղեկություններ կան, որոնց քաղաքացին չի տիրապետում, և նման քայլի մասին դժվար է ճիշտ դատողություն անել: Դրա համար կան անվտանգության մարմիններ, որոնք զբաղվում են այդ հարցերով. հուսով եմ՝ վարչապետն իրենց հետ խորհրդակցել է թվերը հրապարակելուց առաջ: Եթե մենք պատերազմող երկիր չլինեինք, սա այդչափ կարևոր չէր լինի:

Տեսանյութեր

Լրահոս