«Հիմա իշխանությունը պիտի խելքը գլուխը հավաքի, լրջանա». irates.am
Այս օրերին իշխանության ընդդիմախոսները գերադասում են զուսպ լինել իրենց քննադատությունների մեջ, մինչև կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային օրերն ավարտվեն։ Հանրության առողջությունն առաջնային համարելով` ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ևս irates.am-ի հետզրույցում փորձեց հնարավորինս մեղմ արտահայտվել օրվա իշխանության գործողությունների առնչությամբ։
-Հայաստանի իշխանությունները համարժե՞ք են արձագանքում այսօրվա իրավիճակին, ճի՞շտ են գնահատում ռիսկերը։
-Հայաստանի իշխանությունն այս օրերին ցույց տվեց իր դիլետանտությունն ու նման իրավիճակներին անպատրաստ լինելը։ Իրականում կառավարությունում խուճապ է, բայց իրենք դեմքի հանգստությամբ դա փորձում են քողարկել։ Այսօրվա պատկերը վկայում է նրանց անգործության մասին։ Եթե հայտարարում են, որ կորոնավիրուսով պայմանավորված ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողով հունվարի 31-ին, ի՞նչ էր անում այդ հանձնաժողովը, երբ վիրուսը ամեն օր նոր երկիր էր ընդգրկում։ Հայաստանը փոքր երկիր է, և շատ մեծ էր հավանականությունը, որ ճիշտ քայլերի դեպքում ոչ միայն քիչ դեպքեր կլինեին, այլև ընդհանրապես վիրուսը մեր երկիր չէր մտնի։ Պետք էր խելամիտ լինել ու համակարգված աշխատել։ Ոչ թե հենց այդ օրերին քարոզարշավ անել ու քննադատել ՍԴ նախագահին ու նախկին ղեկավարներին։ Սա դեռ քիչ էր, անընդհատ գովազդում էին 50 եվրոյով Իտալիա գնալը, երբ այդ երկրում վիրուսն արդեն մոլեգնում էր։ Այս ամենը նրանց անփութության, անպատասխանատվության հետևանքով է։ Մեր երկրի նման երկրում ունենալ անպատասխանատու ղեկավարներ պարզապես աղետ է։ Երբ մենք նախապես զգուշացնում էինք և հորդորում իրավիճակին լուրջ մոտենալ, կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, մեզ ասում էին, թե խուճապ ենք տարածում, իսկ այսօր Հայաստանը բնակչության թվով պայմանավորված, ամենաշատ վիրուսակիրներ ունեցող երկիրներից մեկն է։ Փաշինյանը համ համաճարակաբան է, համ վիճակագիր, համ առողջապահության թիվ մեկ պատասխանատու, ամեն ինչ իր ուսերին է վերցրել և անընդհատ խոսում է, սակայն նրա մտքերը հակասում են միմյանց. իբր ցանկանում է խուճապը զսպել։ Անկախ իշխանության անհասկանալի հայտարարություններից, Աստված տա այս իրավիճակը շուտ հաղթահարենք։
-Այսօր պաշտոնապես գրանցված վիրուսակիրների մեծ թիվը պայմանավորված է վտանգը ժամանակին չկանխարգելելու՞ հանգամանքով, թե՞ օրվա ոչ ճիշտ գործողություններով։
-Ամենամեծ խնդիրը նախապես չկանխարգելելն էր, դրանից հետո մեր երկրի ինստիտուտները համակարգված չեն աշխատում։ Ամենուր իրավիճակային լուծումներ են։ Խնդիրն առաջանում է, հետո փորձում են դրա հետևանքները վերացնել։ Առնվազն տարօրինակ էր նաև Փաշինյանի այն հայտարարությունը, թե ինքը ժողովրդի հետ անկեղծ է, թափանցիկ, դեպքերի վիճակագրությունը չի թաքցնում, իսկ մյուս երկրների ղեկավարներն այդպես չեն։ Սա մյուս երկրների ղեկավարներին անլրջության կամ ստի մեջ մեղադրել է նշանակում։ Նման դեպքերում հասկանում ես, թե ինչ տիպի երկրի ղեկավարի հետ գործ ունես, ըստ այդմ, չես էլ կարող ակնկալել, որ օրվա լուրջ խնդիրը նա կարող է լուծել։ Ամեն ինչ փորձում է իր անձի շուրջ կենտրոնացնել, ինչը հաստատ լավ տեղ չի տանում։
-Այսօր տեսակետ կա, որ չնայած երկրում արտակարգ դրություն է հայտարարված, բայց իրականում շատ բան հակառակի մասին է վկայում, այսինքն, այդ իրավիճակից բխող քայլերը խստությամբ չեն իրականացվում։ Համամի՞տ եք։
-Երբ համակարգը ճիշտ չի աշխատում, չգիտեն, թե պետությունն ինչ է, բնականաբար, այսօր պետք է այդ տպավորությունը լինի։ Իշխանությունն ինչ էլ հայատարարում է կամ անում, պատասխանատվություն չի զգում դրա համար։ Արտակարգ դրություն են հայտարարում, բայց փոքր Էջմիածնի, որտեղից տարածվեց վարակը, ճանապարհները 2-3 օր հետո ինչպե՞ս ես նորից բացում, կա նաև ինկուբացիոն շրջան, չէ՞։ Որտեղի՞ց իմացան, որ անվտանգ է ճանապարհների բացումը։ Կամ ինչպե՞ս է ստացվում, որ Փաշինյանի թեստի պատասխանը մեկ օր հետո ասում են, իսկ մարդկանց 14 օր պահում են Ծաղկաձորում, դե նրանց էլ արագ թեստավորեք ու թողեք, որ տուն վերադառնան։ Ամեն տեղ խնդրահարույց բաներ կան, անգամ պաշտոնական տեղեկություններն են հակասական։
-Որպես ռազմական գործի գիտակ, աչքի տակ ունենալով այսօրվա արտակարգ դրության ռեժիմի պահպանման խնդիրները, ի՞նչ եք կարծում, եթե ռազմական դրություն հայտարարվի, իշխանությունը կկարողանա՞ այն ճիշտ վերահսկել։
-Այսօրվա կառավարության վրա միշտ էլ հույս չեմ դրել, բայց այսօր այդ թեմայի շուրջ չեմ ցանկանում ծավալվել։ Իմ հույսը բանակն է, որի զինվորը մարտունակ է և ուժեղ ոգի ունի։ Այսօր ժամանակն է, որ բոլորս օգնենք մեր երկրին, որպեսզի այս ճգնաժամից դուրս գանք, վտանգը չեզոքացնենք։ Երբ իրավիճակը կայունանա, և առողջապահական խնդիրներ այլևս չլինեն, Նիկոլ Փաշինյանն իր թիմով պիտի մտածի հեռանալու մասին։
-Իսկ մինչ այդ Փաշինյանը հայտարարում է, թե նոր հնարավորություններ է այս վիրուսը մեր առջև բացում։ Տնտեսությունը կարող է անգամ երկնիշ թվերով աճել, տնտեսական իրական հեղափոխությունը մեկնարկելու է։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ։
-Ժողովրդի առողջության մասին չի կարողանում հավուր պատշաճի հոգալ, ի՞նչ տնտեսական նոր հնարավորությունների մասին է խոսքը։ Նախ` չհասկացավ, թե այս վտանգից ինչպես պիտի զերծ պահել հասարակությանը, հիմա էլ չգիտի ինչպես հանել այս վիճակից։ Նոր հնարավորությունների մասին խոսելն անհիմն, պոպուլիստական հայտարարություն է, անլուրջ միտք. դրանով ապացուցում է, որ իրավիճակին չի տիրապետում։ Այսուհանդերձ, վստահ եմ, որ իրավիճակից դուրս ենք գալու, բայց ոչ թե իշխանության քայլերով, այլ ժողովրդի միասնականությամբ։ Մեր պատմությունը ցույց է տվել, որ ամենածանր ժամանակները մեր ժողովուրդը հաղթահարել է իր միասնականությամբ, Աստծո օգնությամբ։ Ժողովրդին տարանջատող բաժանարար գծերը համերաշխությամբ, միասնականությամբ, Հայ առաքելական եկեղեցու գլխավորությամբ վերացնելու ենք։ Հուսով եմ` գոնե հիմա իշխանությունները խելքները գլուխները կհավաքեն, կլրջանան, ու համատեղ ուժերով մեզ պատուհասած այս արհավիրքը կհաղթահարենք։ Հատուկ այս օրերին պիտի շնորհակալություն հայտնենք նաև մեր բուժաշխատողներին, որոնք առաջին գծում կանգնած մարտիկներ են։