Պետական կառույցներում տարեցտարի ավելանում է կանանց բաժինը. ՄԱԿ
Պետական ղեկավար պաշտոններում կանանց բաժինը տարեցտարի ավելանում է: Այդ մասին վկայում է Միջխորհրդարանական միության (ՄԽՄ) եւ ՄԱԿ-ի՝ Ժնեւում հրապարակված զեկույցը: Դրա հետ մեկտեղ այդ բաժինը դեռեւս շատ փոք է, նշում են հետազոտության հեղինակները։
2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ կանայք նախագահի կամ կառավարության ղեկավարի պաշտոնում աշխատում էին 20 երկրում, ինչը մեկ երկրով ավելի է, քան 2019 թվականին եւ 12-ով ավելի, քան 2005 թվականին, երբ հրապարակվեց ՄԽՄ-ի եւ ՄԱԿ-ի առաջին զեկույցը քաղաքականության մեջ գենդերային հավասարության մասին: Ղեկավար պաշտոնների կեսից ավելին, որոնք այժմ զբաղեցնում են կանայք, բաժին է ընկնում Եվրոպային: Դրանք, մասնավորապես, Եվրոպայի հյուսիսի երկրներն են՝ Դանիան, Իսլանադիան, Նորվեգիան եւ Ֆինլանդիան: Արեւմտյան կիսագնդում նման պետություններն ընդամենը երեքն են՝ Բարբադոսը, Բոլիվիան ու Տրինադադը եւ Տոբագոն, Ասիայում նույնպես երեքն են՝ Բանգլադեշը, Նեպալը եւ Սինգապուրը, Աֆրիկայում մեկն է՝ Եթովպիան, եւ մեկն էլ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ Նոր Զելանդիան:
ՄԽՄ-ն եւ ՄԱԿ-ը որպես «հուսադրող միտում» են գնահատում կանանց բաժնի աճը նախարարական պաշտոններում: Այսպես, 14 երկրում այդ բաժինը կազմում է 50 եւ ավելի տոկոս: Եվս 16 պետություններում նրանց է բաժին ընկնում նախարարական պորտֆելների 40-ից մինչեւ 50 տոկոսը: Եվրոպան եւ Արեւմտյան կիսագնդի երկրներն առաջատարն են նախարարների կաբինետներում գենդերային հավասարության հարցում: Դրա հետ մեկտեղ աշխարհի երկու երկրում՝ Իսպանիայում եւ Ֆինլանդիայում, նախարար կանայք կազմում են կառավարության անդամների ավելի քան 60 տոկոսը: Այդ բաժինը գերակշռում է նաեւ Նիկարագուայում (58,8 տոկոս), Կոլումբիայում (57,9 տոկոս), Ավստրիայում (57,1 տոկոս), Պերուում (55 տոկոս), Շվեդիայում (54,5 տոկոս), Ռուանդայում (53,6 տոկոս), Ալբանիայում (53,3 տոկոս) եւ Ֆրանսիայում (52,9 տոկոս):
Գլոբալ մասշտաբով, սակայն, այդ թվերն այնքան էլ բարձր չեն՝ ընդամենը 21,3 տոկոս (4003 նախարարական պաշտոնից 851):
Ճիշտ է, զեկույցի հեղինակներն ուշադրություն են դարձնում այն փաստի վրա, որ 2005 թվականին եղել է էլ ավելի քիչ՝ 14,2 տոկոս: Կանայք կառավարություններում հիմնականում այնպիսի հարցերի հետ կապված պաշտոններ են զբաղեցնում, որոնք վերաբերում են ընտանիքին, երեխաներին, տարեցներին ու հաշմանդամներին, սոցիալական քաղաքականությանը, գենդերային հավասարությանը, մասնագիտական ուսուցմանը, բնապահպանությանն ու էներգետիկային: 190 երկրից, որոնց վերաբերյալ կան վիճակագրական տվյալներ, միայն 25-ում են նրանք ղեկավարում ֆինանսների նախարարությունները եւ միայն 22-ում՝ պաշտպանության նախարարությունները: Աշխարհում մնացել է ընդամենը ինը պետություն, որտեղ ընդհանրապես չկան կին-նախարարներ: Դրանք են՝ Բրունեյ-Դարուսալամը, Վանուատուն, Վիետնամը, Կիրիբատին, Պապուա-Նոր Գվինեան, Սաուդյան Արաբիան, Սենթ-Վինսենթը եւ Գրենադինները, Թաիլանդը եւ Տուվալուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: