ԿԸՀ-ն չի հետաձգելու տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների վերապատրաստման դասընթացները. Տիգրան Մուկուչյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնական կայքում տեղեկություն է հրապարակել, որ վաղվանից՝ մարտի 14-ից, կանցկացվեն տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ընտրությունների վերապատրաստման դասընթացները։

168.amը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց, թե  հանձնաժողովների անդամների վերապատրաստման դասընթացները չեղարկելո՞ւ են, թե՞ ոչ, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչ արեց հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումների մասնակցելուց և կազմակերպելուց՝ կորոնավիրուսով պայմանավորված։

«Փոքր խմբերով դասընթացներ են լինելու՝ հանձնաժողովի անդամների և մասնագետների հետ։ Յուրաքանչյուր օրվա հետաձգում՝ ժամկետների և աշխատանքի ծավալով պայմանավորված, կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ հետագայում պարզապես հնարավոր չի լինի վերականգնել։ Փոքր խմբերով այս դասընթացներն իրականացվելու են՝ որպես նախապատրաստական աշխատանքներ»,- նշեց Տիգրան Մուկուչյանը։

Հարցին՝ վտանգներ չե՞ն տեսնում, որ չեն հետաձգում դասընթացները, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ, վտանգներ չենք տեսնում»։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի ռիսկով պայմանավորված՝ արդեն հետաձգվել են մի շարք միջոցառումներ։

Տեսանյութեր

Լրահոս