Իրաքն ու Քուվեյթն իջեցրել են նավթի գները Սաուդյան Արաբիայից անմիջապես հետո. Bloomberg

Իրաքը եւ Քուվեյթը, որոնք Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԷՔ) առաջատար արտադրողներից են, Սաուդյան Արաբիայից անմիջապես հետո իջեցրել են նավթի ապրիլյան գները: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:

Այսպես, Իրաքը Basrah Light տեսակի նավթի ապրիլի մատակարարման մեկ բարելի արժեքը նվազեցրել է 5 դոլարով: Ըստ որում, գործակալության աղբյուրների տվյալներով՝ երկրի State Oil Marketing Organization (SOMO) պետական ընկերությունը պլանավորում է հաջորդ ամսին ավելացնել արտահանման ծավալը: Քուվեյթն իր հերթին Ասիայից գնորդների համար գներն իջեցրել Է բարելի դիմաց 6 դոլարով. ավելի վաղ հենց այդ գումարով է իջեցրել Արեւելյան եւ Հարավարեւելյան Ասիայի երկրներին հումքի մատակարարումների արժեքը Saudi Aramco-ն (ընկերություն, որը նավթի արդյունահանմամբ է զբաղվում Սաուդյան Արաբիայում):

Մարտի 10-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով Saudi Aramco-ի ղեկավար Ամին Նասերին, տեղեկացրել է, որ ընկերությունն ապրիլին նավթի մատակարարումները կավելացնի օրական մինչեւ 12,3 միլիոն բարել, թեեւ մինչ այդ թագավորությունը հանույթը պահում էր օրական 9,7 միլիոն բարելի սահմաններում՝ ՕՊԷՔ+-ի համաձայնության շրջանակում: Դրանից անմիջապես հետո մարտի 11-ին Արաբական Միացյալ Էմիրությունների ADNOC նավթընկերությունը հայտարարել է, որ հաջորդ ամսվանից հանույթը կավելացնի օրական ավելի քան 1 միլիոն բարելով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս