
Գործարարները պատրաստ են ներդրում կատարել հայ-թուրքական սահմանին գտնվող Նորշեն գյուղում

Գործարարները պատրաստ են ներդրում կատարել հայ-թուրքական սահմանին մոտ գտնվող նախկին Խարկով, ներկայիս՝ Նորշեն գյուղում: Իսկ մինչ այդ գյուղ մտնելու գործընթացը կհեշտացվի: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Սահմանակից գյուղի՝ առանց անցաթուղթ մուտք գործելու հարցը դեռ նախորդ տարի էր քննարկվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում. արդյունքում՝ որոշվել էր հասնել սահմանային ռեժիմի փոփոխության: «Ես, որպես մարզպետ, առնվազն 5-6 նման առաջարկ եմ ստացել՝ սկսած սեփական տան առկայությունից մինչեւ տարբեր ծառայությունների մատուցում: Մարդիկ սպասում են ընթացակարգերի ավարտին եւ կարգավիճակի հստակեցմանը: Ուզում են հստակ իմանալ, թե այդ տարածքում ինչպես եւ ինչ ծառայություն հնարավոր կլինի իրականացնել»,- նշել է Շիրակի մարզպետը:
Հայտեր են ստացվել ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի գործարարներից: Սահմանային ռեժիմի փոփոխությունն, ըստ մարզպետի, ենթադրում է մուտքի պարզեցում: «Իհարկե, վերահսկողական գործիքներ կլինեն, բայց ամեն ինչը կլինի շատ պարզ, առանց բնականոն հոսքերին խանգարելու»,- հավելել է մարզպետը: