
Ամուլսարի հարցով հանրաքվե անցկացնելու եզրակացության չենք եկել, բայց կաշկանդված չենք. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ եթե քննարկումների արդյունքում գան եզրակացության, որ անհրաժեշտություն կա Ամուլսարի հանքի շահագործման հարցը հանրաքվեի դնել, ապա որևէ բանով կաշկանդված չեն: Սակայն, թե այդ առումով ինչպիսի իրավական կարգավորումներ կան, վարչապետը այս պահին դեռ չգիտի: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին:
Պատգամավորը նկատեց, որ Ամուլսարի խնդիրը մնում է համապետական արդիական հարց և անմիջական ազդեցություն ունի քաղաքացիների անվտանգության և առողջության վրա, և ՀՀ քաղաքացին ունի բոլոր իրավունքները որոշելու՝ Ամուլսարը շահագործվելու է, թե մնալու է սար: Նա հետաքրքրվեց, թե արդյոք պատրաստվում են հանրաքվեի դնել Ամուլսարի շահագործման հարցը:
«Եթե քննարկումների արդյունքում կգանք նրան, որ կա այդպիսի անհրաժեշտություն, որևէ բանով կաշկանդված չենք: Եթե մինչև հիմա այդպիսի նախաձեռնությամբ հանդես չենք եկել, նշանակում է, որ չենք եկել այն եզրակացության, որ այդ հարցով պետք է հանրաքվե անցկացնել»,-ասաց վարչապետը:
Անի Սամսոնյանը նշեց, որ ուղիղ ժողովրդավարությունը որպես գործիք կիրառելու հարցը վերջերս դարձել է արդիական, և ինքը կարծում է, որ հասունացել է պահը, որ ժողովուդրը որոշի՝ արդյոք սարը շահագործվելու է, թե ոչ, քաղաքացիները հույս ունեն, որ սարը հանք չի դառնալու:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Եթե ՀՀ օրենսդրությունը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել հանրաքվեով, Հայաստանի օրենսդրությունը հնարավորություն է տալիս նաև, որ հանրաքվե լինի քաղաքացիական նախաձեռնությամբ, եթե այդպիսի հնարավորություն կա, ինչու այդպիսի նախաձեռնություն չկա, եթե չկա այդպիսի հնարավորություն, ուրեմն պետք է նայել, դա զուտ իրավական հարց է, որին այս պահին պատրաստ չեմ պատասխանել: Կդիտարկենք Ձեր առաջարկը և կտեսնենք, թե ինչպիսի իրավական դաշտ է գործում այդ առումով»: