Դավաճանների անուններն ինչո՞ւ չի տալիս, չի տալիս, որ չասես՝ բռնի շուտ. Սերգեյ Բագրատյան
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վստահեցնում է ՝ Կառավարության 2019 թվականի տնտեսության տարբեր ճյուղերում արձանագրված ցուցանիշներին չհավատալ հնարավոր չէ, քանի որ այդ թվերին մոտ թվեր են հրապարակել նաև միջազգային անկախ կառույցները, սակայն խնդիրը միայն աճ արձանագրած ոլորտները չեն, այլ այն՝ արդյո՞ք այդ աճը կարողացել է լինել այնքան ներառական, որ շարքային քաղաքացին իր կյանքի վրա դա զգա։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց պատգամավորը՝ նշելով, որ փաստացի ունենք 7,6 տոկոս տնտեսական աճ, չի բացառվում, որ 2020 թվականին էլ ունենանք այնպիսի ոլորտներ, որոնք կարող են տնտեսության զգալի աճ արձանագրել։
Բագրատյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մշակող արդյունաբերությունն աճել է 12 տոկոսով, և այդ թվի մեջ չի մտնում հանքարդյունաբերության ցուցանիշը, ինչը շատ դրական է։
ԲՀԿ-ական պատգամավորի համար խնդիրներ ունենք, սակայն, օտարերկրյա ուղղակի ներդրումների հետ։ Ըստ պատգամավորի՝ ներկայացված վիճակագրության մեջ 2017 թվականին թեև այդ թիվն աճել է 41 տոկոսով, սակայն դրա մեջ հաշվարկված չէ, թե քանի տոկոսն է օտարերկրյա ուղղակի ներդրում, քանիսը՝ ծախս։
«Օրինակ՝ մի ընկերություն, եթե 500 մլն դոլարի սարքավորում է գնել հանք շահագործելու համար, արդյոք ներդրո՞ւմ է։ Մենք խոսում ենք այլ թվերի մասին՝ վարչապետի ասածն անուղղակի ներդրումներն են, որոնք աճել են, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների մասով աճ չունենք»,- ասաց Բագրատյանը։
Խոսելով 2018-2019 թվականների ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտները 505․4 միլիարդ դրամով կամ 43.6%-ով ավելացնելու Կառավարության արձանագրած ցուցանիշի մասին՝ Բագրատյանը նշեց, որ այդ ավելացրած գումարները պետք է ուղղել նպատակային ծրագրերի վրա՝ ստեղծել աշխատատեղ, իրականացնել մարզերում բնակարանաշինության ծրագրեր, բացի այդ, վաղուց ժամանակն է, որ իրականացնեն կապիտալ ծրագրեր, որոնք, սակայն, դեռ չեն արվում։
«Ինձ բավարարում է այս կառավարության հաշվետվողականությունը, արձանագրած աճերը տարբեր ոլորտներում, սակայն նպատակները, խնդիրների ձևակերպումները՝ ոչ։ Ես չեմ տեսնում ռազմավարական ծրագրեր»,- ասաց Բագրատյանը։
Պատգամավորին չի բավարարում նաև պարգևավճարներ բաժանելու՝ իշխանության քաղաքականությունը։
«Պարգևավճարիներին որպես երևույթ՝ ես կողմ եմ, բայց ոչ համատարած բոլորին բաժանելուն։ Դրա նպատակը պետք է լինի լավ աշխատողին մոտիվացնելը»,- ասաց նա՝ նշելով, որ այս հարցում կա մոտեցումների փոփոխման խնդիր։
Մոտեցումները, ըստ պատգամավորի, պետք է փոխել նաև թալանված գումարները վերադարձնելու՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ։ Ըստ նրա՝ պետք չէ այդ հայտարարություններին քաղաքական ենթատեքստ տալ, քանի որ ամեն ինչ շատ պարզ է։
«Վարչապետին քաղաքացին հարցնում է՝ եթե կան թալանչիներ, ինչո՞ւ չես բռնում, վարչապետն էլ պատասխանում է, որ դրա պատճառն այն է, որ վերին օղակներում կան դավաճաններ»,- փոխանցեց Բագրատյանը։
Դիտարկմանը, թե՝ չէ՞ որ իրավական համակարգի վերին օղակներում հայտնվել են նույն վարչապետի նշանակած մարդիկ՝ Սերգեյ Բագրատյանն արձագանքեց. «Բայց կա՞ որևէ մեկը, այդ թվում՝ վարչապետը, որ անսխալական լինի, բոլորը կարող են սխալվել։ Էնպես չէ, որ վարչապետը 100 տարի կառավարման համակարգում է, որին պետք է լավ տիրապետեր, ընտրել է մարդկանց, որոնց քիչ թե շատ վստահել է, նշանակել է»։
Հարցին՝ այդ դեպքում եթե վերին օղակներում կան դավաճաններ, ինչո՞ւ չեն տրվում անուններ, կամ ենթարկվում պատասխանատվության, Բագրատյանը պատասխանեց.
«Ինչի դավաճանի անունները չի տալի՞ս, չի տալիս, որ չասես՝ բռնի շուտ։ Նա էլ ասում է, որ պետք է հիմքեր ստեղծեմ, նոր բռնեմ»: Բագրատյանը նշեց, որ եթե դավաճաններ չլինեին, վարչապետը նման հայտարարություն չէր անի։
Մեր հաջորդ հարցին, թե իսկապե՞ս եկամտաբեր է ընդդիմադիր գործունեությամբ զբաղվելը, ինչի մասին կառավարության երեկվա նիստում ասել էր կառավարության ղեկավարը, Բագրատյանը կատակով պատասխանեց. «Ինքը նախկինում ընդդիմադիր է եղել, եթե իր փորձը նման բան է հուշում, չգիտեմ, ինչ վերաբերում է ինձ, ես այստեղ եկամտաբեր գործ չեմ տեսնում»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում