Իդլիբում ռուս-թուրքական բախման վտանգը՝ սպառնալիք Ղարաբաղյան հակամարտության համար

Մոսկվան և Անկարան նախապատրաստվում են Իդլիբի ապաէսկալացիոն գոտում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հաղթահարմանն ուղղված խորհրդակցությունների: Այս օրերին, երբ Սիրիայի Հյուսիսում գտնվող Իդլիբի ապաէսկալացիոն գոտու շուրջ թուրքական ուժերի և զինյալների պայքարը սիրիական կառավարական բանակի հետ գտնվում է ամենաթեժ փուլում, կողմերը միմյանց մեղադրում են հարվածների մեջ, փետրվարի 25-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը  հույս է հայտնել, որ խորհրդակցական աշխատանքների հետևանքով կհանդարտվի իրավիճակն ապաէսկալացիոն գոտում:

«Ներկայումս նախապատրաստվում է խորհրդակցությունների հերթական փուլը, որը, մենք հուսով ենք, որ մեզ դուրս կբերի այնպիսի պայմանավորվածության, որը թույլ կտա պահպանել այդ գոտին իսկապես՝ որպես ապաէսկալացիոն գոտի»,- ասել է Լավրովը:

Հարկ է հիշեցնել, որ 2017թ. Աստանայում, ներկայում՝ Նուրսուլթան, ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝  ձևավորվեցին բախումնազերծ 4 գոտիներ, որոնցից 3-ը 2018 թ. անցան Դամասկոսի ազդեցության ներքո:

Չորրորդ գոտին, որը տեղակայված է Իդլիբի շրջանում և հարևան Լաթաքիա, Համա, Հալեպ շրջանների որոշ հատվածներում, կառավարական ազդեցությունից դուրս է: Ավելին, դրա մի մեծ հատվածը «Ջաբաթ ան-Նուսրա» զինյալ խմբավորման կողմից գրավված է: 2018թ. սեպտեմբեր ամսին ՌԴ-ն ու Թուրքիան Սոչիում պայմանավորվեցին Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին, որտեղ տասնյակից ավելի տարաբնույթ կազմակերպություններ կան, որոնցից խոշորներն են «Ջաբաթ ան-Նուսրան» և «Ազատագրության ազգային ճակատը»՝ 30 հազար ահաբեկիչներով: 2020թ. հունվարից սիրիական բանակը սկսեց շարժվել դեպի Իդլիբ՝ ահաբեկիչների կողմից շարունակական կրակահերթերի պատճառով, որոնց հետևանքով  մահացել էին մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներ:

Մեկ ամսվա ընթացքում, ըստ ռուսական աղբյուրների, Ասադի զորքերին հաջողվել է ազդեցություն սահմանել ավելի քան 600 քառակուսի կիլոմետր տարածքի նկատմամբ՝ Մաարեթ-Նաաման խոշոր քաղաքն ու Դամասկոսն ու Հալեպը կապող M5 ռազմավարական մայրուղին, որը կազմում  է Իդլիբի բախումնազերծ գոտու կեսը:  Անկարան ու նրա որոշ գործընկերներ Դամասկոսին ու Մոսկվային մեղադրում են թուրքական զինվորականներին ու հումանիտար բնույթի կառույցները թիրախավորելու մեջ: ՌԴ-ում և Սիրիայում մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ տարածաշրջանում անկայունության պատճառը ահաբեկիչների գործողություններն են:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարը նաև հայտարարել էր, որ Թուրքիան չկարողացավ իրագործել իր մի շարք առանցքային պարտավորությունները սիրիական Իդլիբի շուրջ իրավիճակի լուծման նպատակով: Մասնավորապես խոսքն այն մասին է, որ Թուրքիան չի տարանջատել զինված ընդդիմությանը, որը պատրաստ է կառավարության հետ քաղաքական գործընթացի շրջանակում երկխոսության, ահաբեկիչներից: Սակայն թուրքական կողմը պնդում է, որ Իդլիբի շուրջ բոլոր պայմանավորվածությունները Թուրքիան կատարել է, մեղադրելով Ասադի վարչակազմին ՌԴ-ի հովանու ներքո  պայմանավորվածություններ խախտելու մեջ:

Այս ամենին զուգահեռ՝ Իդլիբի շուրջ իրավիճակը օրեցօր սրվում է: Վերջին օրերին թուրքական հրետանու աջակցությամբ թուրքամետ ահաբեկիչները կարողացել են որոշ հաջողություններ գրանցել Կմինասի ու Նայրաբի շրջանում, ռուսական ՍՈՒ-24-ի հարվածների արդյունքում սիրիացիները կարողացել են բոլոր հարձակումները ետ մղել, Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնը կոչ է արել Անկարային դադարեցնել ահաբեկիչների աջակցությունը: Թուրքական կողմը հայտարարում է, որ պատրաստ է տարածաշրջանում ռազմական լայնամասշտաբ օպերացիայի, որը Կրեմլն ամենավատ սցենարն է որակում: Միջազգայնագետները, արևելագետները չեն բացառում ռուս-թուրքական ուղիղ բախումը Սիրիայի տարածքում՝ որակելով այն ամենաանկանխատեսելի հետևանքներով հարուստ սցենարը:

«168 Ժամի» հետ զրույցում ռուս արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ Ռուսաստանի համար ավելի ու ավելի բարդ է դառնում իր առաքելությունը Սիրիայի տարածքում, որտեղ  վերջին շաբաթներին պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել: Չնայած, նրա խոսքով, կողմերն աշխատում են խորհրդակցությունների հերթական ռաունդը սկսելու ուղղությամբ, ռազմական գոտում հավանական է բախումը, և այս անգամ ոչ թե՝ սիրիական բանակի և Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերի, այլ՝ հենց Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերի միջև:

«Եվ այս իրավիճակում Ռուսաստանն այլևս հետդարձի ճանապարհ չունի, ստիպված է մնալ  և շարունակել որդեգրած քաղաքականությունը, որը լի է մի շարք վտանգներով թուրքական ոչ դիվանագիտական պահվածքի պատճառով: Այս իրավիճակում Թուրքիայի հետ պայմանավորվելը չափազանց բարդ է, թեև իրավիճակը նաև երկակի է, քանի որ ռուս-թուրքական պայմանավորվածությունը և բարդ է, և չունի այլընտրանք, քանի որ Թուրքիա-Արևմուտք անվստահությունը շարունակվում է: Այսպիսի բարդ  իրավիճակ է ստեղծվել: Հասկանալի է, որ լարվածությունը թուլացնելու համար կողմերից մեկը պետք է զիջի, սակայն թե ո՞ր կողմը՝  կդժվարանամ նշել»,- ասաց Մալաշենկոն՝ հույս հայտնելով, որ կողմերի միջև ուղիղ բախում տեղի չի ունենա, ինչը, նրա գնահատմամբ, շատ հավանական է: Նրա կարծիքով, ուղիղ բախումը չի բխում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Թուրքիայի շահերից, ուստի չի բացառվում, որ առաջիկա դիվանագիտական ջանքերի շրջանակում՝ հասկանալով այս սպառնալիքը, կողմերը փորձեն ժամանակավոր այլ լուծումներ գտնել:

Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ Թուրքիան «տառապում» է  իմպերիալիստական ախտանիշով, նեոօսմանիզմով, պանթյուրքիզմով՝ ցանկանալով ստեղծել Համաշխարիհային խալիֆաթ, Թուրքիայի ղեկավարության դեպքում իսլամը ժամանակի ընթացքում անհամաչափ բնույթ է ստանում, հեռանում է քաղաքակրթությունից: Ըստ նրա, Թուրքիան ոչ թե ցանկանում է բախումնազերծ գոտի, այլ ցանկանում է հեռանկարում ազդեցության տակ վերցնել այդ տարածքները: «Սա տիպիկ պանթյուրքիզմ է: 1920թ. Օսմանյան Կայսրությունը, այսպես կոչված, Ազգային երդում ընդունեց, որը հստակեցնում էր թուրքական պետության սահմանները, որոնց շարքում էին Կիպրոսը, Սիրիայի ողջ տարածքը, իրաքյան Քիրքուկը և Մոսուլը, սակայն Անտանտի պետությունները թույլ չտվեցին, որպեսզի Թուրքիայի այդ պլաններն իրագործվեն: Պատմության այլ դրվագներ կարելի է որպես օրինակ ներկայացնել՝ հաստատելու Թուրքիայի այդ ծրագրերը, սակայն դրանք չափազանց ակնհայտ են: Թուրքիան ներկայումս  առաջնորդվում է այդ գաղափարներով, բայց կարծում եմ, որ՝ հասկանալով, թե ինչպիսին է իրավիճակը, և, որ այն դժվար է փոխել, Թուրքիան պատրաստ է պայմանավորվել, սակայն վստահ եմ, որ ահաբեկիչների դեմ պայքարը Ռուսաստանը կշարունակի»,- ասաց Նադեին-Ռաևսկին:

Նրա կարծիքով՝ Ղարաբաղյան հակամարտությունը չի  կարելի լիովին տարանջատել այն զարգացումներից, որոնք ընթանում են հարևան գոտիներում: «Հատկապես, երբ  դրանք ամեն օր նոր օրակարգ են ձևավորում Ռուսաստան-Արևմուտք, Թուրքիա-Արևմուտք, Ռուսաստան-Թուրքիա, Թուրքիա-Ադրբեջան, Հայաստան-Ռուսաստան, Իրան-Արևմուտք հարաբերություններում: Քաղաքականությունը ցանկացած լարվածություն պետք է դիտարկի՝  որպես սպառնալիք, հատկապես՝ չկարգավորված հակամարտության համար, որի բանակցությունները շարունակվում են Ռուսաստան-Ֆրանսիա, ԱՄՆ դիվանագիտական ջանքերի ներքո:

Այն, ինչ կատարվում է Սիրիայում ՌԴ-ի և Թուրքիայի միջև, կարող է անդրադառնալ Անդրկովկասում տիրող իրավիճակի վրա, կարող է և չանդրադառնալ: Կարծում եմ՝ այս դեպքում դա կախված կարող է լինել այն հանգամանքից, թե որքանով կխորանա լարվածությունը: Հակված եմ կարծել, որ կողմերը ևս մեկ ժամկետ են ամրագրելու լարվածության թուլացման նպատակով»,- ասաց Նադեին-Ռաևսկին:

Իր հերթին՝ Ալեքսեյ Մալաշենկոն  ևս կարծիք հայտնեց, որ ռուս-թուրքական առճակատման ազդեցությունն այլ հիմնախնդիրների վրա պայմանավորված է լինելու այդ առճակատման խորացմամբ: Եթե լինեն ուղիղ բախումներ, ըստ նրա՝ իրավիճակը կարող է լինել անկանխատեսելի բացասական: «Սակայն կա ԵԱՀԿ Մինսկի խումբ, որը, ըստ իս, նման իրավիճակներում էլ ավելի մեծ ուշադրությամբ է մոնիտորինգ իրականացնում հակամարտության գոտում: Ավելին, ներկայումս կողմերի միջև կան շփումներ, ինչը նշանակում է, որ կա գոնե շփվելու ցանկություն, դա իր հերթին՝ փոքր-ինչ նվազեցնում է մեծ բախումների  հավանականությունն այս փուլում»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս