Բաժիններ՝

«ԳԱԱ-ն՝ իր ինստիտուտներով, երբևէ փակ չի եղել բուհերի համար». ԳԱԱ աշխատակիցը՝ բուհական համակարգին միավորվելու խոսակցությունների մասին

Ազգային ժողովում շարունակվում են Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի խնդիրների և օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումները, որը նախաձեռնել է ԱԺ Կրթության գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը:
Ոլորտի մասնագետները բարձրաձայնեցին մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ակադեմիական ինստիտուտները բուհական համակարգին միավորելու մտադրությունների և դրա հետ կապված խնդիրների մասին:

168.am-ը ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի աշխատակից Նարինե Վարդանյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք կողմ են այս միավորմանը, և արդյո՞ք այդ միավորումը կարող է ոլորտի աշխատանքների արդյունավետությունը բարձրացնել:

«Անընդհատ խոսվում է այն մասին, որ անհրաժեշտություն կա կրթության և գիտության ինտեգրման, այսինքն՝ ակադեմիական համակարգի ինստիուտների հնարավորությունները բուհական կրթությանը ծառայեցնելու: Ուզում եմ փաստել, որ ԳԱԱ-ն՝ իր ինստիտուտներով, երբևէ փակ չի եղել բուհերի համար, դա գալիս է բուհերի քաղաքականությունից, ավելին, գործում է ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը, որը հայ իրականության մեջ հետազոտական համալսարանի նախատիպն է, և այստեղ լավագույնս երևում է գիտության և կրթության ինտեգրումը»,- նշեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ արհեստական միացությունները որևէ լավ բանի չեն կարող հանգեցնել, ավելին, արհեստական միացության դեպքում անհասկանալի է լինելու գիտահետազոտական կենտրոնի գործունեության ընթացակարգային ձևը, նաև բուհական համակարգում նրա ինտեգրվելու հնարավորությունները:

«Այս առումով հարցերը շատ են, կարելի է գնալ ոչ թե արհեստական միավորումների ճանապարհով, այլ ընդամենը համագործակցության՝ ոչ թե ուղղորված կապերի, այլ զուգահեռ հարաբերությունների ձևավորմամբ»,- շեշտեց Նարինե Վարդանյանը:

Ինչ վերաբերում է խորհրդարանական լսումներին, Ն. Վարդանյանը կարևորեց նման ձևաչափով ոլորտի խնդիրների բարձրաձայնումը. «Շատ եմ կարևորում խորհրդարանական այս լսումները և ընդհանրապես վերջին շրջանում տարվող քաղաքականությունը, որը շատ բաց է, փորձում են լսելի դարձնել հանրության շահագրգիռ բոլոր խմբերի կարծիքները, առաջարկը և ձայնը, որը շատ կարևոր է մեր օրերում, չի անտեսվում որևէ առաջարկ և դիտարկում»:

Հիշեցնենք, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի աշխատանքային տարբերակում կան առաջարկներ, ըստ որոնց՝ Հայոց լեզու, Գրականություն ու Հայոց պատմություն առարկաները բուհերում կդարձնեն  ոչ պարտադիր, և ԳԱԱ-ի ինստիտուտները կմիացնեն բուհերին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս