Բաժիններ՝

Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը ՉԺՀ-ի կառավարության գլխավոր գերակայությունն է. Սի Ծինփին

Չինաստանը վստահ է կորոնավիրուսի համաճարակի նկատմամբ հաղթանակ տանելու հարցում, սակայն իշխանություններին հարկավոր է վերլուծել ստացված փորձը եւ կատարելագործել հանրային առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակների կառավարման ազգային համակարգը: Այդ մասին փետրվարի 20-ին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը Պակիստանի վարչապետ Իմրան խանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում։

«Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը ներկայում Չինաստանի կառավարության գլխավոր գերակայությունն է: Բազմաթիվ բուժաշխատողների եւ Չինաստանի ամբողջ բազմազգ ժողովրդի ջանքերի շնորհիվ համաճարակաբանական իրադրության մեջ արդեն սկսել են ի հայտ գալ դրական փոփոխություններ»,-ասել է Սի Ծինփինը, որի խոսքը մեջբերել է ՉԺՀ-ի կենտրոնական հեռուստատեսությունը:

Չինաստանում փետրվարի 20-ի տեղական ժամանակով 00:00-ին դրությամբ Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել է 74 հազար 576, մահացու ելք է արձանագրվել 2 118 դեպքում, ինչի մասին հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն: Անցած 24 ժամվա ընթացքում երկրում վարակվածների թիվն ավելացել է 394-ով, մահացու դեպքերինը՝ 114-ով: Նրանցից հիվանդության էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել է 108 մարդ:

Երկրի հիվանդանոցներում ներկայում բուժընթաց է անցնում 56,3 հազար մարդ, ավելի քան 11,86 հազար հիվանդի վիճակը գնահատվում է՝ ծանր: Միեւնույն ժամանակ, ավելի քան 16 հազար մարդ ապաքինվել է եւ դուրս գրվել բուժհիմնարկներից:

Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության դեպքում ինկուբացիոն շրջանը միջին հաշվով կազմում է հինգ – վեց օր: Այս գնահատիչ տվյալները ներկայացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) փետրվարի 19-ի երեկոյան Ժնեւում հրապարակված լրատվական տեղեկագրում:

ԱՀԿ-ն վկայակոչում է աշխարհում կատարված հետազոտությունները, վիճակագրական տվյալների վերլուծությունը եւ մաթեմատիկական մոդելավորման արդյունքները: Ընդգծվում է, որ «նախնական գնահատումների համաձայն՝ միջին ինկուբացիոն շրջանը կազմումէ հինգ – վեց օր»: Դրա հետ մեկտեղ այն կարող է տեւել «զրոյից մինչեւ 14 օր»:

Շանհայի Ֆուդանի համալսարանի աշխատակիցները հայտարարել են կորոնավիրուսի շտապ-թեստի մշակման մասին, որը թույլ է տալիս տասը րոպեում մարդու մոտ հայտնաբերել վարակումը: Հետազոտողների տվյալներով՝ նոր թեստավորումը հիմնված է հիվանդների արյան մեջ նուկլեինային թթվի անալիզի վրա, որը որոշ դեպքերում կարող է ավարտվել մեկ րոպեում:

Նշվում է, որ գիտնականներն աշխատում են ստեղծել հասարակական վայրերում կորոնավիրուսի ստուգման, ինչպես նաեւ տնային պայմաններում ինքնուրույն անալիզի համար դյուրակիր հավաքանի:

Փետրվարի 17-ին Չինաստանի Տյանցզին քաղաքի Նանկինյան համալսարանը հայտնել է 15-րոպեանոց շտապ-թեստի մշակման մասին, որը հիվանդների արյան մեջ հայտնաբերում է վիրուսի մանրէահիմքերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս