Բաժիններ՝

Զբոսաշրջությունը՝ որպես վիճակագրական հպարտություն

Դժվար է միանշանակ պատասխանել, թե ինչու են մեր տարածաշրջանի երկրներն այդչափ կարևորում զբոսաշրջության ոլորտը: Բայց այն ազգային հպարտության պես մի բան է դառնում: Տարին համարյա չավարտված՝ մեր իշխանությունները սկսեցին հպարտանալ 2019-ին Հայաստան այցելած 1 մլն 894 հազար զբոսաշրջիկների քանակով:

Հպարտացան ճիշտ այնպես, ինչպես ոչ այնքան հեռավոր, բայց «մերժված» 2017-ի իշխանություններն էին հպարտանում 1 մլն 494 հազար զբոսաշրջիկով: 2017-ի աճի ցուցանիշն ավելի բարձր էր`18.7 տոկոս: Ավելի բարձր էր՝ այս տարվա 14.7 տոկոսանոց ցուցանիշի հետ համեմատած (ուշադիր ընթերցողը կնկատի, որ ցուցանիշ-թվերը տարօրինակ համընկնումներ ունեն: Բայց դա կարող է զուտ պատահականություն լինել): Նկատելով, որ աճի տեմպի ցուցանիշով 2019-ը զիջում է 2017-ին, իշխանությունները՝ որպես մխիթարություն, նոր փաստարկ բերեցին: Ըստ նրանց՝ երկիր այցելած զբոսաշրջիկների քանակի աճի տեմպով մենք տարածաշրջանում առաջինն ենք: Առաջինն ենք՝ Վրաստանի ու Ադրբեջանի հետ համեմատած:

Միանգամից ասենք, որ հայտարարությունը ստուգելու հարցում դժվարություններ կան: Օբյեկտիվ դժվարություններ: Ադրբեջանը, որպես կանոն, վիճակագրական տվյալները շատ դանդաղ է ամփոփում: Նույնիսկ մերոնցից դանդաղ: Հետևաբար՝ համեմատվել կարելի է միայն Վրաստանի ցուցանիշների հետ: Որովհետև թե՛ սոցիալ-տնտեսական վիճակագրությունն ընդհանրապես, թե՛ զբոսաշրջության տվյալները՝ մասնավորապես, մեր հարևաններն ավելի արագ են հրապարակում: Մեզանից ավելի արագ և ավելի բազմաժանր: Կրկնենք, որ վրացիների համար ևս զբոսաշրջության տվյալները հպարտության առիթ-պատճառ են: Կրկնենք ու տեսնենք, թե որքանով են մեր ու վրաց թվերը համադրելի:

3 մլն-ից պակաս մշտական բնակչություն ունեցող մեր երկիր 2019-ին այցելել է մոտ 1.894 մլն զբոսաշրջիկ: Այնքան ենք ուրախացել, որ նույնիսկ չենք էլ փորձում պարզել, թե այդ զբոսաշրջիկները որքանով են արտասահմանցի: Օտարերկրյա քաղաքացիություն նոր-նոր ստացած մեր հայրենակից ու ՀՀ քաղաքացիները նախընտրում են հայրենիք ժամանել իրենց նոր «հայրենիք»-պետությունների անձնագրերով, ու մենք նրանց ուրախությամբ արտասահմանյան զբոսաշրջիկի տեղ ենք դնում: Դնում ու հաշվառում ենք:

Վրաց պարագայում պատկերն այսպիսին է` 3.7 մլն բնակչություն ունեցող այդ երկիր անցած տարի այցելել է 9.358 մլն զբոսաշրջիկ (հաշվապահները կստիպեին այս թիվը նաև տառերով գրել: Մասնակի կատարենք հաշվապահական պահանջը` 9 մլն 358 հազար զբոսաշրջիկ): Այս թիվը 7.8 տոկոսով ավելի բարձր է, քան 2018թ. ցուցանիշը: Ընդ որում՝ վրացի վիճակագիրները, զբոսաշրջիկների ընդհանուր քանակից զատ, տարբեր այլ տվյալներ էլ են նշում: Այստեղ փորձում են հաշվել հնարավորը` որ երկրից որքան զբոսաշրջիկ է ժամանում, քանի օր են մնում Վրաստանում, որքան գումար են ծախսում, ինչի վրա են ծախսում (գիշերակաց, սնունդ, թանգարաններ, մշակութային կամ սպորտային միջոցառումներ և այլն): Համեմատության առաջարկն այսքանով չեմ ավարտի: Այս տարվա զբոսաշրջության մասին մենք ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չենք հրապարակել: Ժամանակային առումով ամենավերջին տեղեկատվությունն այն է, որ 2019-ին ռեկորդային 29 տոկոսանոց աճ է արձանագրել մեր երկրից Թուրքիա զբոսաշրջիկների թվաքանակը:

2018-ին Հայաստան այցելությունների քանակը 51.88 հազար զբոսաշրջիկ էր, իսկ 2019-ին` 66.882 հազար: Այն, որ այս թիվն աճելու միտում ունի՝ նկատելի է դեկտեմբեր ամիսների տվյալներից: 2018-ի դեկտեմբերին Հայաստանից այցելությունների քանակը 3932 էր: Իսկ 2019-ի դեկտեբերին` 5297: Անհավանական է, բայց մինչ մենք առանձին վերցրած մեկ երկրի տվյալներ ենք գտնում ու հրապարակում, վրաց վիճակագրությունն արդեն հասցրել է հրապարակել այս տարվա հունվարի տվյալները:

Օրինակ՝ այն, որ այցելուների մեջ ամենաշատը Ադրբեջանի քաղաքացիներն են` 124.5 հազար (աճը 2018-ի համեմատ՝ 34.9 տոկոս): Երկրորդ տեղում մենք` հայաստանցիներս ենք 91.6 հազար մարդ (քանակական տարեկան աճը՝ 17.5 տոկոս): Ապա Ռուսաստանի քաղաքացիներն են՝ 86.9 հազար այցելու (աճը` 13.7 տոկոս):

Հետո՝ Թուրքիայի 64.3 հազար քաղաքացիները, ու այդպես շարունակ:

Փաստորեն, միայն հունվար ամսին հայաստանցիներս մոտ 92.000 այց ենք կատարել Վրաստան: Դա երևի բացատրվում է հունվարին բաժին ընկնող տոն ու հանգստյան օրերի մեծ ծավալով: Սա՝ այն դեպքում, երբ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հունվարի 1-ին Հայաստանում էին 26.489 զբոսաշրջիկ: Ընդամենը: Եվ` եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս