«Վիզ դրած» հանրաքվե
ՍԴ շուրջ ընթացող տևական տոտալ պրեսինգն աստիճանաբար մոտենում է իր վերջնափուլին, և առաջիկայում կլինեն նոր հանգրվաններ։ Այն փաստը, որ իշխանություններն ամեն գնով փորձում են ՍԴ-ում իրենց քիմքին հաճելի կարգավորումներ ունենալ և սեփական քաղաքական «կրքերը» բավարարելու համար ամեն միջոց են կիրառում, համոզվեցինք վերջին ամիսներին տեղի ունեցող ցուգցվանգի արդյունքում։
Փետրվարի 6-ին ԱԺ-ի կողմից ընդունված հակասահմանադրական որոշումից հետո, ինչի արդյունքում նախատեսվեց անցկացնել Սահմանադրության մեջ փոփոխությունների հանրաքվե, նախօրեին հայտնի դարձավ, որ նախագահ Արմեն Սարգսյանը վավերացրեց այդ որոշումը՝ ինքնըստինքյան մաս կազմելով հակապետական այս կլոունադային։ Այսպիսով, Սահմանադրության փոփոխության հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին։ Զարմանալին այն է, որ Փաշինյանի կազմակերպած այս խառնաշփոթին համաձայնեց մասնակից դառնալ նաև Արմեն Սարգսյանը՝ մեխանիկորեն ինքը նույնպես թաթախվելով և մեղսակից դառնալով այս հակասահմանադրական զարգացումներին։ Ստացվում է այնպես, որ Նիկոլ Փաշինյանը «ՍԴ օպերացիայի» համար պատրաստ է ցանկացած գին վճարել՝ միայն ունենալ, իր բնորոշմամբ՝ «անկախ դատական համակարգ»։ Եվ նման «անկախ» համակարգի մասին խոսում է մի մարդ, ում ԱԺ-ի վերջին ելույթը, որը նվիրված էր ՍԴ «բոլոլային», գրվել էր «սեփական» ՍԴ դատավորի կողմից, ավելին՝ նրա հայտնի նամակից բառացի պարբերություններ էին ցիտած։
Փաստացի, Փաշինյանը Վահե Գրիգորյանի ուղղակի հորդորով ձեռնամուխ է եղել ՀՀ Սահմանադրության ու ՍԴ բնականոն աշխատանքի ոտնահարմանը։ Ըստ էության՝ այսօր մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ մի մարդու ցանկությունները բավարարելու համար կարող է խեղվել մի ամբողջ գործող մեխանիզմ։ Նիկոլ Փաշինյանն ու իր սատելիտները բնավ չեն թաքցնում, որ ՍԴ-ի նկատմամբ նման գործիքակազմ են կիրառում միայն մի պատճառով․ քանի որ ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանն է։
Հատկանշական է, որ նրանք չեն թաքցնում, որ իրենց քայլերն ու նպատակներն ակնհայտ քաղաքական են։ Այդ փաստը քանիցս ամրագրվեց նրանց խորհրդարանական ելույթներում և հնչեցրած թեզերում, որոնք լսելիս այնպիսի տպավորություն էր, ասես դրանք գրվել են նույն մարդու կողմից։
Մի դրվագ ևս․ Փաշինյանն ի սկզբանե նախատեսել էր ՍԴ-ում գործընթացն իրականացնել՝ օգտագործելով խորհրդարանի հարթակը, սակայն գոյություն ունեցող միջազգային արձագանքներն ու հնչած գնահատականները, ինչպես նաև փետրվարի 5-ին տեղի ունեցած դեսպանահավաքի ժամանակ արտահայտած դիրքորոշումները, նրան ստիպեցին փոխել մոտեցումը և հարցը լուծել հանրաքվեի ճանապարհով կամ, այլ կերպ ասած՝ «քցել» իր վրայից՝ ողջ պատասխանատվությունը թողնելով ժողովրդի վրա։
Իշխանություններն այս առումով ունեն շատ ցանկալի «կռուտիտի» տարբերակներ․ հաջողության դեպքում այնպիսի դիրքորոշում են ունենալու, թե «ժողովուրդն իրենց վստահում է ևս մեկ անգամ», կամ, որ ավելի արժանահավատ է՝ հերթական անգամ կհայտարարեն, որ «ժողովուրդը երբեք չի սխալվում և քվեարկել է իր խղճով»։
Ձախողվելու դեպքում իշխանությունները, ըստ էության, դարձյալ մեղավոր կնշանակեն «սևերին» ու «հակահեղափոխականներին», կհայտարարեն, որ հանրաքվեն չի կայացել, քանի որ կիրառվել է հին մեթոդոլոգիան՝ «ժողովրդին մանիպուլյացրել են»։
Այնուհանդերձ, ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ հանրաքվեն կայանա, և բոլոր հնարքներով լծվելու են հանրաքվեն անցկացնելու գործին, իշխանական ողջ վարչական ռեսուրսն ի նպաստ են դնելու այդ գործում։ Սա նրանց համար հերթական թեստն է, որպեսզի համոզվեն, թե որքան է հանրությունը վստահում իրենց։
Հանրաքվեն Փաշինյանի համար սեփական ինքնագնահատականի մի յուրահատուկ միջոց է, որպեսզի իշխանափոխությունից երկու տարի անց հասկանա՝ արդյո՞ք նվազել է հեղափոխական էյֆորիան, թե՞, այնուամենայնիվ, այն դեռևս կա, և ժողովուրդը շարունակում է կուրորեն հավատալ ու վստահել «ժողովրդական վարչապետին»։
Այստեղ, սակայն, պետք է նկատենք մի կարևոր հանգամանք․ բոլորի համար էլ ակնհայտ է, որ հանրաքվեն իրականացնելիս իշխանությունները չեն ունենալու այն ֆեյսբուքներում եղանակ ստեղծող ու հանրությանն ապակողմնորոշող ֆեյքերի հազարանոց բանակը, որպեսզի մարդկանց հակառակ կարծիք ունենալու դեպքում՝ հայհոյանքներով ստորացնեն։ Հանրաքվեին չի մասնակցելու նաև իշխանության մյուս «պատրիոտիկ» բլոկը․ խոսքը Սփյուռքից լալահառաչ ու սիրատոչոր գրառումներ, մեկնաբանություններ ու հայտարարություններ հնչեցնողների մասին է։
Այսինքն՝ այս հանրաքվեով պարզ է դառնալու, թե իրականում քանի հոգի է այս պահին կանգնած Նիկոլ Փաշինյանի կողքին, և քանիսն են դեմ նրա գործողություններին: Ասել է թե՝ ապրիլի 5-ին սպասվող Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն օրվա իշխանությունների համար մի յուրահատուկ թեստ-դրայվ է՝ հասկանալու և որոշակիացնելու, թե փաստացի ինչ ռեսուրսի է տիրապետում։
Արմեն Հովասափյան