«ԱԺ պատգամավորի ներկայացրած սահմանադրական օրենքներում ինչ փոփոխություն անեն՝ միանշանակ հակասելու է Սահմանադրությանը». Վարդան Այվազյան
«Որպես Ազգային ժողով՝ կարող են ցանկացած օրենք փոխել, բայց Սահմանադրությունն ինչպե՞ս են փոխելու։ Թեպետ այս ամենը տրամաբանության մեջ չի տեղավորվում, բայց նախորդներն այդ լիազորությունները տվել են Սահմանադրական դատարանին՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով։ Այնտեղ հստակ նշված է, որ Սահմանադրական դատարանը կայացնում է որոշում հանրաքվեի դրվող նախագծի վերաբերյալ, հիմա դա կատեգորիկ է, որոշումն էլ ուժի մեջ է մտնում հրապարակման պահին, եթե կա բացասական որոշում, ապա որևէ նախագիծ հանրաքվեի չի դրվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագետ Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած նախագծին՝ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
Նախագծով առաջարկվում է՝ մինչև խորհրդարանում Սահմանադրության փոփոխությունների ընդունումը նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը դարձնել ոչ պարտադիր, նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների դեպքում։
Ըստ Վարդան Այվազյանի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում ինչ կարգի փոփոխություններ էլ անեն, դրանք Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետին հակասելու են։ Նրա խոսքով՝ սա 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների նորմածություններից է, որով ՍԴ-ին տվեցին իշխանությունը զավթելու և յուրացնելու ևս մեկ հնարավորություն։
«Ըստ էության, 168-րդ հոդվածի 2-րդ կետը նշանակում է, որ իշխանությունների բաժանման համակարգում ՍԴ-ին վերապահված է նաև օրենսդիր իշխանության ֆունկցիան, բայց ունենք այն, ինչ ունենք։ Գործող կարգավորումներն այսօր այնպիսին են, որ ցանկացած փոփոխությունների նախագիծ միանշանակ հակասելու է Սահմանադրությանը»,- հավելեց Վարդան Այվազյանը։
Նշենք, որ այսօր առավոտյան ԱԺ կայքում լուր տեղադրվեց, որ փետրվարի 6-ին «Իմ քայլը» խմբակցությունը արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ՝«Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթի քննարկումն է, ժամեր անց տեղեկությունը հանվեց կայքից: Ժամեր անց նույն տեղեկությունը վերականգնվեց: