Բաժիններ՝

«Հայկական խաչերը դեռ ուրարտական շրջանից եղել են ծաղկող». մասնագիտական դիտարկումներ ՊՆ նոր տարբերանշանի էսքիզի վերաբերյալ

Երկու օր է՝ ակտիվ քննարկման թեմա է դարձել ՀՀ ՊՆ նոր տարբերանշանի էսքիզը, որի վերաբերյալ բացասական կարծիքները գերիշխում էին համացանցային քննարկումներում:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, որն իր էջում ևս տեղադրել էր ՀՀ ՊՆ հնարավոր նոր տարբերանշանը, 168.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ այն տպված է հունվարի 28-ի տոնակատարության հրավիրատոմսի վրա:

«Զանգահարել եմ Պաշտպանության նախարարության իմ նախկին գործընկերներին, ճշտել եմ՝ արդյո՞ք սա նոր զինանշան է, ինձ ասացին՝ ոչ, դա ՊՆ տարբերանշան է, այն զինանշանի հետ որևէ կապ չունի: ՀՀ ԶՈւ զինանշանը հաստատել է 2001թ. ՀՀ Նախագահը։ Տարբերանշանի հեղինակը ՀՀ ՊՆ զինանշանագրային բաժինն է։ Ես իմ էջում հատուկ տեղադրեցի, որ հասարակության մեջ շփոթմունք չլինի: Այդ էսքիզը տեսել եմ այլ օգտատերերի էջերում, մասնագիտական քննարկումներ են եղել տարբեր դիզայներների շրջանում, որտեղ մարդիկ իրենց դիտողություններն էին արտահայտում՝ թե՛ էսթետիկ տեսքի, թե թերությունների մասին: Քննարկումները, իհարկե, արդյունավետ են, որովհետև տարբեր տեսակետներ են հնչում: Առաջին անգամ է օգտագործվել՝ որպես տարբերանշան, որի նպատակն այն է, որ լսվի հանրության կարծիքը: Ոչինչ չի խանգարում դիզայներներին՝ իրենց առաջարկներով դիմել ՊՆ-ին»,- նշեց պատգամավորը:

Հարցին՝ Ձեր կարծիքով՝ կա՞ն բաներ, որոնք պիտի շտկվեն, Սանդիկովն ասաց՝ դիզայներ, գրաֆիկական մասնագետ չի՝ նշելով, որ էսթետիկ առումով ԶՈւ զինանշանն ավելի հոգեհարազատ է իրեն, քանի որ 7 տարի ՀՀ ԶՈւ-ում է եղել:

«Զուտ էմոցիոնալ առումով ինձ ավելի հոգեհարազատ է ԶՈՒ զինանշանը: Բայց քանի որ զինանշանը և տարբերանշանը բացարձակ տարբեր կատեգորիաներ են, ես դարձյալ զուտ էսթետիկ առումով ձեռնպահ կմնամ ՊՆ տարբերանշանի վերաբերյալ մեկնաբանությունից: Ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա»,- լրացրեց նա:

Ծաղրանկարիչ, նկարիչ Սուքիաս Թորոսյանը (Տոտո) ֆեյսբուքյան իր էջում մասնագիտական դիտողություններ է արել:

«Առաջինը, որ աչքի է ընկնում, դա կենտրոնում խաչ հիշեցնող կելտական զարդանախշն է: Հայկական խաչերը դեռ ուրարտական շրջանից եղել են ծաղկող, իսկ կելտականը՝ համադրություն է սկանդինավյան Թորի և Օդինի տարբերանշանների: Երկրորդ՝ դա տակի եռագույն ժապավենն է, որն ըստ հերալդիկայի կանոնների ոչ թե դրոշ, այլ կարգախոսի համար է:

Երրորդ՝ ցորենի հասկի և նռան ճյուղի համադրությունն է: Նռան ճյուղ պատկերելուց ամենաքիչը երեք պտուղ են պատկերել՝ որպես կենաց ծառ, և այն ցորենի հասկի հետ Ամանորի դիցին կարող էր նվիրվել: Տվյալ դեպքում դափնին ավելի տեղին կլիներ: Չորրորդ՝ առյուծի դիմացի թևերը կապ չունեն կենդանու հետ, և ներքևը բերած օրինակը՝ Սերովբենների թևերն են: Հինգերորդ՝ թրերի կոթերը քիչ հավանականություն ունեն հայկական լինելու, և հետո կարծես նույն ուղղության վրա չեն: Ժամանակակից զինանշաններում աշխատում են հին զենքեր չցուցադրել, իսկ ցուցադրելուց էլ, հիշեցնեմ՝ մերը նետն ու աղեղն է եղել միշտ»,- պարզաբանել է նկարիչը:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՀ ՊՆ տարբերանշանի հետ կապված քննարկումներին, վստահեցրել է՝ այն դեռ պաշտոնական և վերջնական չէ:

«Եթե մի կողմ թողնենք մեր անձնական կարծիքները, ապա այստեղ կարևոր է մի քանի հանգամանք։

1. Սա նախագիծ է, պաշտոնական չէ, վերջնական չէ։

2. Ոչ այս նկարում, ոչ երեկվա շրջանառված նկարում գծերի համաչափությունը կարող է պահպանված չլինել, քանի որ այն վեկտորային ֆայլը չէ։

3. Այս նախագիծը հանրային աջակցության պարագայում կարող է դառնալ պաշտոնական։ Կարող է դառնալ»,- գրել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս