Մեր բողոքը

Նորից գազի թեման հիմնական է։ Ավելի ստույգ՝ գազի գինը։ Սպասելի էր։ Անցած տարվա հունվարի 1-ից պարզ չէ, թե ով էր վճարելու 15 դոլարով «աճած» գինը։ Ենթադրվում էր, որ «Գազպրոմ Արմենիան» ներքին ռեսուրսներ կգտնի։ Հիմա պարզվեց, որ չի գտել։ Ավելին՝ անցած տարի աշխատել է առանց ներդրումների, առանց կապիտալ նորոգումների։

Այլ կերպ ասած՝ աշխատել է մաշվածքի հաշվին։ Դրան գումարած՝ 30 մլն դոլար պարտք է կուտակել։ Ու հիմա էլ հնարավոր է, որ 600 աշխատակից հեռացնի։ Մեր իշխանությունները ձևացնում են, թե տեղյակ չեն եղել։ Հավանաբար նրանց համար դժվար էր գլխի ընկնել, որ շահույթ ու ներդրումներ չունեցող տնտեսությունն աշխատելու է մաշվածքի հաշվին։ Ու բոլոր քաղաքական ու քաղաքականամերձ պաշտոնյաներն ու զբաղմունք ունեցողները սկսել են հայտարարել, որ «գազի թանկացումն իր հիմքում քաղաքական պատճառներ ունի»։

Կարելի է մտածել, թե եղել են ժամանակներ, երբ գազի գնանշման հիմքում քաղաքականությունը չի եղել։ Մեր քաղաքական դեմքերից ոմանք երևի կարծում են՝ գազը բորսայական գնանշում ունի։ Ոսկու կամ նավթի նման։ Նրանց նյարդայնացնում է հավանաբար այն, որ մեզ վաճառվող ռուսական գազի գինն աճում է։ Աճում է եվրոպական երկրներին վաճառվող նույն ռուսական գազի գնի նվազման ֆոնին։ Իսկապես 2018 թվականից Եվրոպա մատակարարվող գազի գինն անկում  գրանցեց։ 2019թ. երրորդ եռամսյակի տվյալներով՝ Եվրոպայում 2004 թվականից հետո ամենացածր գներն են արձանագրվել։ Գնին զուգահեռ՝ նվազում են նաև մատակարարման ծավալները։ Փորձագիտական գնահատականներ կան, որ դա կարելի է համեմատել եվրոպական շուկայում հեղուկ (սեղմված) գազի սպառման աճի տեմպերի հետ։

Սա տեղավորվում է եվրոպական էներգետիկ շուկայի համար ամերիկառուսական հակամարտության շրջանակներում։ «Ամերիկամետների» կարծիքով՝ Ռուսաստանը պարտվում է այս պայքարում, որովհետև աճում են Եվրոպա մատակարարվող հեղուկ գազի ծավալները։ Երկրորդ՝ երկու տարի անընդմեջ Եվրոպայում ձմեռը մեղմ է։

Երրորդ փաստարկն այն է, որ ռուսական գազը հանրահայտ «Սիբիրի ուժը» գազամուղով ապագա չունի նաև Արևելքում։ Չինաստանն ու մյուս արևելյան հսկաները ռուսական գազի գնորդ չեն դառնա, որովհետև Ճապոնիան, Չինաստանը, Հարավային Կորեան ու Հնդկաստանը միասին սպառում են համաշխարհային հեղուկ գազի 65 տոկոսը։ Այս փորձագետների կարծիքով՝ ռուս-ամերիկյան հակամարտության մեջ վճռական էին ԱՄՆ դեկտեմբերյան սպառնալիք-պատժամիջոցները։ Դրանց պատճառով շատ եվրոպական ու միջազգային ընկերություններ դադարեցրին իրենց մասնակցությունը «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությանը։ Իսկ այս փորձագետներին հակադրվողները բերում են Գերմանիայի օրինակը։

Մայրցամաքային Եվրոպայի ամենախոշոր տնտեսություն ունեցող երկիրն այս հարցում հակադրվում է ԱՄՆ-ին։ Մյուս կողմից՝ կարծիք կա, որ ռուսական «Գազպրոմը» կանխամտածված է փլուզում գազամատակարարման գները։ Փլուզում է՝ նպատակ ունենալով առաջիկա 10-20 տարում հակառակորդներին վանել եվրոպական շուկայից։ Նման տեսակետի կողմ է այն, որ անցած 2019-ի ողջ ընթացքում «Գազպրոմն» անընդհատ թմբկահարում էր, որ 2020 թվականի հունվարի 1-ից՝ պայմանագրի դադարումից հետո, Ուկրաինայի տարածքով հնարավոր չի լինի իրականացնել գազի միջանցիկ մատակարարումը։ Եվրամիության անդամ երկրներն այս «զգուշացումը» միանշանակ լուրջ էին ընդունել և դեռևս գարնանից սկսեցին լիցքավորել իրենց պահուստները։ Ջեռուցման սեզոնի սկզբին նրանց գազապահուստարանները  լիքն էին 95-97․5 տոկոսով (պարզ է, որ 97․5-ը Գերմանիայի ցուցանիշն է)։

Գազի գնի անկումը եվրոպական էներգետիկներին հնարավորություն տվեց ավելացնել ջէկ-երի արտադրությունը (նույն Գերմանիան մտադիր է առաջիկա մեկուկես տասնամյակում լրիվ հրաժարվել իր՝ քարածուխով աշխատող բազմաթիվ ջէկ-երից)։ Հետո պարզվեց, որ դա հերթական չափազանցությունն էր։

Ահա այսպիսի խառը ու բարդ փորձագիտական գնահատականներ են հնչում գազի համաշխարհային գնագոյացման գործընթացների մասին։ Իսկ մենք ընտրել ենք ամենահեշտ ուղին։ Գազի հնարավոր գնաճի ու դրա տհաճ հետևանքների մեջ մեղավոր են միայն ուրիշները։ Կամ՝ ծայրահեղ դեպքում, հանրահայտ «հայի բախտը»։ Բայց միմիայն ամենածայրահեղ դեպքում։

Տեսանյութեր

Լրահոս