«Իրավապահ մարմինները պարտավոր են իրականացնել իրենց իրավասություններից բխող գործառույթներ՝ հերքելու կամ հաստատելու որևէ մեկի կողմից հեղաշրջման փորձ իրականացնելու հանգամանքը». փաստաբան
Երեկ Factor.am-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ձեզ ի՞նչ մանրամասներ են հայտնի «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված «Միքայել Մինասյան-Արթուր Վանեցյան համատեղ հեղաշրջման պլան են մշակել» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի բացառել, որ եղել են հեղաշրջման փորձեր:
«Ես կարող եմ հրապարակային մասով խոսել, ինչ հրապարակվել է։ Իսկապես փորձեր կատարվել են։ Հեղափոխությունից հետո որևէ վայրկյան նախկինները չեն դադարել հույս փայփայել հետ գալու։ Ի դեպ, նրանք հաճախ եռամսյա ժամկետի մասին էին խոսում և իրենց խմբակներին տեղյակ էին պահում, որ այս իշխանությանը երեք ամիս է մնացել։ Փորձը ցույց է տվել, որ այդպես 7-8 անգամ 3 ամիս է անցել, բայց նրանք հաջողություն չեն ունեցել, և նրանք հետ գալու հաջողություն երբևիցե չեն ունենա: Երկրում կատարվող բոլոր բարեփոխումները և զարգացումները ավելի են հեղափոխության արդյունքները հստակեցնում։ Աշխարհում գրեթե երկիր չկա, որը հեղափոխությունից հետո պահպանի տնտեսական աճը, հեղափոխությունից հետո 5%-ից ավելի տնտեսական աճ ենք ունեցել 2018-ին, իսկ 2019-ին՝ 7․5%, ինչը ահռելի մեծ հաջողություն է։ Միանշանակ է, որ հասարակության աջակցությունը շատ հստակ է և ավելի է բարձրանում։ Նախկինները հույս են ունեցել, որ տնտեսական աճի, ներքին խմորումների արդյունքում նրանք որևէ շանս կունենան, սակայն նրանց էջը փակված է, և նրանք պետք է հիմնականում անցնեն քրեական գործերով և պատասխանատվություն կրեն այդ բաների համար, ինչն էլ նրանց ագրեսիվ է դարձնում, և, բնականաբար, տարբեր տեսակի փորձեր են կատարում՝ հանրային բողոքից և այլնից փորձում են օգտվել, բայց հիմնականում ձախողվում են»,- ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը:
168.am-ի հետ զրույցում փաստաբան Նորայր Նորիկյանը նշեց, որ հեղաշրջման փորձերն իրենց մեջ հանցագործության հատկանիշներ են պարունակում:
«Հոդվածում տեղ գտած ձևակերպումները բավարար են, որ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում սկսելու գործընթաց սկսի՝ պարզելու նշված հանգամանքների իսկությունը՝ հեղաշրջման փորձ ՀՀ-ում եղե՞լ է որևէ մեկի կողմից, թե՞ ոչ, այդ թվում՝ Արմեն Գրիգորյանի հիշատակած անձանց կողմից: Ասեմ ավելին, մամուլում տեղ գտած հաղորդումներն իրենց մեջ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, այն է՝ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ: Ըստ այդմ՝ իրավապահ մարմիններն ուղղակի պարտավոր են գործել ՀՀ քրեադատավարական օրենսգրքի կանոններով և հնարավորինս արագ իրականացնել իրենց իրավասություններից բխող գործառույթներ՝ հերքելու կամ հաստատելու ՀՀ-ում որևէ մեկի կողմից հեղաշրջման փորձ իրականացնելու հանգամանքը»,- ընդգծեց փաստաբանը:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Ա. Գրիգորյանը վստահեցրեց՝ հեղաշրջման փորձերը կանխվել են, նման վտանգ այժմ չկա, և, որ այդ փորձերի կանխումը տարբեր հետևանքներ է ունեցել:
«Եղել են նաև պաշտոնանկություններ»,- ընդգծեց Գրիգորյանը՝ նշելով, որ այս պահին քննություն է ընթանում, և եթե քրեական գործերի անհրաժեշտություն լինի, կլինի:
Ուշագրավը այն է, որ խոսելով հեղաշրջման փորձերի ողջամիտ կասկածների մասին, Անվտանգության խորհրդի քարտուղարը որպես ապացույց՝ հիշատակեց «ֆեյքնյուզերի», իրենց իշխանությանն ուղղված քննադատությունները, թե՝ «2018-ի մայիսից սպառազինություն չի մտել Հայաստան», «հողեր են հանձնելու», «պետական համակարգը չի աշխատելու», «տնտեսությունը ձախողելու է» և այլն:
Այսինքն՝ քննադատությունը դիտարկվեց՝ որպես հեղաշրջման փորձ կամ դրան տանող քայլ, երբ հենց իրենք ընդդիմություն եղած ժամանակ զերծ չեն մնացել նմանօրինակ քննադատություններից նախկին իշխանությունների հասցեին: Այսինքն՝ իրենք և՞ս հեղաշրջման փորձեր են կատարել:
Ի դեպ, Factor.am-ին տված Արմեն Գրիգորյանի հարցազրույցից անմիջապես հետո 168.am-ը փորձել էր պարզել Անվտանգության քարտուղարից՝ արդյոք չի՞ կարծում, որ սա բավականին լուրջ հայտարարություն է, որ հեղաշրջումը ո՛չ հեղափոխություն է, ո՛չ էլ իշխանափոխություն, դրա համար լուրջ ապացույցներ են պետք, ոչ թե՝ դավադրությունների տեսություն:
Մեր՝ պարզաբանման խնդրանքին միայն կառավարության նիստից հետո արձագանքեցին Անվտանգության խորհրդից՝ առաջարկելով հրատապ հարցը գրավոր ուղարկել, որին կփորձեն պատասխանել 5-օրյա ժամկետում: