Սպայի վիճակը շարունակում է մնալ ծանր. կասկածյալները առաջադրված մեղադրանքը չեն ընդունում

Վայոց ձորում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը շարունակում է մնալ անփոփոխ. 168.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

2019-ի սեպտեմբերի 18-ին սպան անգիտակից վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել և վիրահատվել: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով (ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մաս, 2-րդ մասի 6-րդ կետ): Ենթադրյալ հանցագործությունը  կատարած անձանցից երկուսը կալանավորված են: Նրանցից մեկը Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանն է, մյուսը՝ վերջինի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Նրանք երկուսն էլ այժմ կալանքի տակ են:

Հունվարի 15-ին, երբ դատարանը քննում էր քննիչի հերթական միջնորդությունը՝ Հարություն Գրիգորյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու մասին, Գրիգորյանի պաշտպան, փաստաբան Լևոն Սահակյանը կալանքը 1 տրիլիոն 697 միլիարդ դրամ գրավով փոխարինելու միջնորդություն էր ներկայացրել: Մոտավորապես ՀՀ պետբյուջեի չափով գրավի միջնորդությունը դատարանը մերժել էր:

168.am-ը  փաստաբան Լևոն Սահակյանից հետաքրքրվեց, թե իր պաշտպանյալը որտեղի՞ց էր պատրաստվում վճարել այդ գումարը.

«Բնականաբար, չէին կարող, դա պետբյուջեի չափով գումար է, սեփական քրտինքով հանապազօրյա հացը վաստակող այդ ընտանիքը չէր կարողանալու այդքան գրավ վճարել, դա այլ նպատակ էր հետապնդում: Մենք գիտեինք, որ միջնորդությունը կամ չի բավարարվելու, կամ, եթե բավարարվի էլ, ապա, միևնույն է, նման գումար չի վճարվելու: Հարութի գործով այդ միջնորդությունը կատարվեց՝ որպես ակցիա առ այն, որ Զավեն Գրիգորյանը՝ Հարութի եղբայրը, կալանավորված է այն պարագայում, երբ  վերջինի անմեղությունը անհերքելի ապացույցներով ապացուցված է արդեն: Ամեն անգամ տուժող կողմը շահարկում է, որ Արա Մխիթարյանի վիճակը դեռ չի լավացել, նա շատ վատ վիճակում է, սպա է, ակադեմիական կրթություն ունի, և նման այլ  հանգամանքներ, մենք այդ ամենը չենք վիճարկում, իհարկե, նա սպա է, եթե առողջական վիճակը ծանր է, ապա առողջություն ենք ցանկանում և շուտափույթ ապաքինում, սակայն այդ ամենը որևէ առնչություն չունի Զավեն Գրիգորյանի հետ: Մենք ասում ենք, որ նա անմեղ անձ է և պետք է րոպե առաջ ազատ արձակվի, և դա՝ ոչ թե անմեղության կանխավարկածից ելնելով, այլ՝ ապացուցված անմեղության մասին ենք խոսում, Զավեն Գրիգորյանին կալանքի տակ պահելը պարզապես զավեշտալի է»:

Ըստ փաստաբանի՝ Զավեն Գրիգորյանի անմեղությունն ապացուցված է  հեռախոսային զրույցների վերծանումներով, տեսաձայնագրություններով, կարճ ասած, կասկածյալը «երկաթե ալիբի ունի»: Հարություն Գրիգորյանն էլ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

«Մենք կարծում ենք, որ Զավեն Գրիգորյանը շատ շուտով  ազատ է արձակվելու, հարուցվելու է քրեական գործ՝ սուտ մատնության հատկանիշներով, ամեն դեպքում օրենքով սահմանված բոլոր միջոցներին դիմելու ենք, որ այդ ընթացքը ստանա գործը: Ինչ վերաբերում է Հարություն Գրիգորյանին, իր մասով ակնկալում ենք արդար դատաքննություն: Հրապարակային և թափանցիկ տեսքով բոլորի կատարած արարքներին պետք է տրվի իրավական գնահատական: Հարություն Գրիգորյանը իրեն առաջադրված մեղադրանքում իր մեղքը չի ընդունում, սպասում ենք նախաքննության ավարտին»,- ասաց փաստաբան Լևոն Սահակյանը:

Որպես դեպքի մասնակից՝ շրջանառվում էր նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը, ինչն էլ առիթ դարձավ նրա հրաժարականի:  Երկու ամիս անց  Քննչական կոմիտեն հայտարարեց, որ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանը նա ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Ականատես վկաները, ինչպես իրենց ցուցմունքներում, այնպես էլ՝ Տրդատ Սարգսյանի հետ առերեսման ժամանակ պնդել են, որ նա դեպքի վայրում է եղել և անգործություն է դրսևորել:

Ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում Արա Մխիթարյանի հայրը պնդել էր, որ հավատում է կենդանի մարդկանց խոսքերին, և ոչ՝ տեսախցիկներին, որոնց ձայնագրությունները  հնարավոր է մոնտաժել: Պահեստազորի սպա, Արա Մխիթարյանի ընտանիքի հետ մշտականի կապի մեջ գտնվող Գևորգ Հովհաննիսյանը համաձայն է Սամվել Մխիթարյանի  հետ:

«Ցավով եմ նշում, որ անարդար գործընթացները, որոնք ստվեր են գցում արդարադատության վրա և որոնք էականորեն անդրադառնալու են այս իշխանությունների հեղինակության վրա, շարունակվում են: Երբ խոսքը  ոչ թե շարքային քաղաքացու, այլ ավագ սպայական կազմի տված ցուցմունքի մասին է, ապա դրա արժանահավատությունը չի կարող կասկածի տակ դրվել: Դա նշանակում է, որ կասկածի տակ են դնում զինված ուժերի կառավարման համակարգը: Եթե կան մարդիկ, որոնք դա են անում, ուրեմն նրանք իրենց մասին մտածելուց այն կողմ որևէ արժեք՝ լինի դա սպայի կարգավիճակ թե կոչում, չեն տեսնում ուղղակի»,- ասաց Գևորգ Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս