«4 կենդանի մարդիկ ասում են, որ Տրդատ Սարգսյանն այնտեղ է եղել, իսկ իրենք վիդեոյով ուզում են հանեն». ասում է Արա Մխիթարյանի հայրը

Վայոց ձորում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը շարունակում է անփոփոխ մնալ. 168.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց սպայի հայրը՝ Սամվել Մխիթարյանը: «Ոչ մի նորություն չկա, նույն վիճակն է»,- ասաց նա:

Օրեր առաջ Քննչական կոմիտեն հատնել էր, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած նրան, որ ականատես վկաները ինչպես իրենց ցուցմունքներում, այնպես էլ Տրդատ Սարգսյանին առերես պնդել են, որ նա դեպքի վայրում է եղել և անգործություն է դրսևորել, քննությունը պարզել է հակառակը:

Քննչական կոմիտեն վերծանել է նախկին մարզպետի հեռախոսազանգերը, ուսումնասիրել նրա շենքի մուտքը նկարահանող տեսախցիկի տեսագրությունը, ինչից պարզ է դարձել, որ սեպտեմբերի 17-ի ժամը 23.55-ից մինչև սեպտեմբերի 18-ի ժամը 00:01-ի (այդ ընթացքում է տեղի ունեցել դեպքը) Տրդատ Սարգսյանը տանն է եղել: Սամվել Մխիթարյանը գործի արդար քննությանը չի հավատում:

«Ոչ մի արդար քննություն չկա: Եթե իրենք կարող են վիդեոներով ինչ-որ բաներ ճշտել, մինչև հիմա քննությունը գնում է, ինչո՞ւ որևէ բան չեն պարզել: Ուզում են էդ լամուկին հանել միջից, ուզում են մարզպետին (նախկին:- Ա.Հ.) միջից հանել: Թե ով է ուզում մարզպետին արանքից հանել, ես չգիտեմ: 4 հոգի, 4 կենդանի մարդիկ ասում են, որ անտեղ է եղել, իսկ իրենք վիդեոյով ուզում են հանեն: Դա արդա՞ր քննություն է, ուրեմն՝ տեսախցիկը կարող է արդարացնել, իսկ չորս մարդու խոսքին չեն հավատում»,- ասաց սպայի հայրը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 17-ին ուշ երեկոյան Վայոց ձորում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի արդյունքում ՊՆ փախգնդապետ Արա Մխիթարյանը հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում: Նրան ծեծի ենթարկելու մեջ կասկածվող երկու անձիք կալանավորված են, նրանցից մեկը՝ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականն է, մյուսը՝ նրա եղբայրը:

Վայոց ձորի նոր մազպետ է նշանակվել Տրդատ Սարգսյանի օգնականի փաստաբան Արարատ Գրիգորյանը, ով դիմում է ներկայացրել իր փաստաբանական արոնագիրը կասեցնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս