«Քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու համար պետք է ունենալ քաղաքական մշակույթ». Ավետիք Իշխանյան
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթը քրեականացնող օրենսդրական փոփոխությունների նախագիծը: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ այս մշակույթի դեմ օրենքով հնարավոր չէ պայքարել, պետք է մշակույթ փոխել: Չնայած գործընթացը երկար կտևի, ըստ Իշխանյանի, ավելի լավ է՝ երկար, բայց մտածված.
«Քրեական ենթամշակույթը միայն քրեակատարողական հիմնարկներում չէ, բանակում չէ, սկսվում է փողոցից: Նման հիերարխիկ հարաբերություններ են տիրում նաև կուսակցություններում, որտեղ բոլորը ենթարկվում են մեկին: Այդ ենթամշակույթի դեմ օրենքներով չեն պայքարում, դա առաջին հերթին մեր ուղեղում պետք է փոխենք, և քաղաքական վերնախավն իր օրինակով պետք է ցույց տա, որ ինքն այդ ենթամշակույթը կրողը չէ»,- ասաց Ավետիք Իշխանյանը:
Երեկ, երբ ԱԺ-ում քննարկվում էին «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթները, իրավիճակը սրվեց: Քիչ էր մնում բանավեճը վերաճեր ձեռնամարտի: Parliament Monitoring.am կայքի խմբագիր Մարիամ Բարսեղյանի կարծիքով՝ այն, որ իրավիճակը լարվեց այս փաթեթի քննարկման ժամանակ, ընդամենը հանընկնում էր:
«Մեր խորհրդարանականները, որպես սրտի մխիթարանք՝ ասում են, որ սա միայն մեզ մոտ չէ, բայց հարցն այնքան էր սրվել, որ դեռևս 5-րդ գումարման ԱԺ-ում որոշեցին Էթիկայի հանձնաժողով ստեղծել: Այնուամենայնիվ, այդ հանձնաժողովը որևէ խնդիր չի կարողացել լուծել: Այս խորհրդարանում որակական փոփոխություն կա, իհարկե, բայց փաստ է, որ կլինե՞ն մականունավորներ, թե՞ չեն լինի, լինելու են նման դեպքեր: Այս առումով իրավիճակ չի փոխվել մեր խորհրդարնում: Այս խորհրդարանի դեռևս 4-րդ նստաշրջանն է, բայց արդեն 4-5 միջադեպ եղել է, ենթադրվում էր, որ պետք է ձևավորվի էթիկայի հանձնաժողով ու քննարկի կատարվածը, ինչը չեղավ»,- ասաց Մարիամ Բարսեղյանը:
Երեկվա բուռն քննարկման ժամանակ ԱԺ Լուսավոր Հայաստան կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հիշեցմանը, որ նախորդ անգամ, երբ այս թեման քննարկվեց, բանտերում բունտեր սկսվեցին, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն արձագանքեց. «Թող մեկն իր բախտը փորձի ու մեզ անկարգություններով սպառնա. մենք ունենք ներքին զորքեր»: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը վստահեցնում է՝ պատժիչ մեխանիզմները կա՛մ ավելի չարացնում են, կա՛մ խեղճացնում նրանց, ում նկատմամբ դրանք կիրառվում են, և օրենքը կարող է հակառակ ազդեցություն ունենալ.
«Սրա հետևանքը կարող է լինել այն, որ մշակույթը անցնի ընդհատակ, բայց չվերանա, ի վերջո, մեր ժողովրդի մեջ էլ, ինչպես ցանկացածի մեջ, կարեկցանք կառաջանա նրանց նկատմամբ, չեմ կարծում, որ դա արդյունավետ ճանապարհ է: Պետք է պայքարել նաև օրենքով, բայց ուժային օրենքը պետք է լինի վերջին հանգրվանը: Էնտուզիազմը շատ կարևոր է որևէ հարց լուծելու համար, բայց շտապողականությունը, հարցին խորությամբ չտիրապետելը կարող է բացասական հետևանքներ ունենալ»:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը հարցի լուծման այլ տարբերակներ էլ է առաջարկում: Վստահեցնում է՝ պայքարել պետք է՝ պատճառների, և ոչ՝ հետևանքների դեմ.
«Պետությունը պետք է զբաղվի քրեակատարողական հիմնարկներում հայտնված մարդկանց ադապտացիայով՝ պատրաստելով հետ վերադարձին հասարակություն: Պետք է զբաղեցնել նրանց, իրենք պետք է իմանան, որ պատշաճ դրսևորման դեպքում կարող են վաղաժամ ազատ արձակվել, ժամանակ առ ժամանակ արձակուրդ տալ նրանց: Ո՞ր կուսակցությունը իր ցուցակում կընդգրկի նախկին կալանավորի: Մենք դուրս ենք մղում նրանց մեր հասարակությունից, վերաբերմունքը նրանց նկատմամբ՝ ինչպես հանցագործի է»:
Ավետիք Իշխանյանը բացասաբար է վերաբերվում Ոստիկանության տարածած տեսանյութերին, որտեղ ուժային կառույցի դիմակավորված ծառայակիցները ձեռքերը ոլորելով և հանրայնորեն բերման են ենթարկում «քրեական ենթամշակույթ» կրողներին:
«Այդ ամեն ինչը արվում է հիմնական զանգվածին դուր գալու համար, նրանք այդպիսի տեսարաններ սիրում են, իսկ իրականում այդ շոու տեսարանները վատ ազդեցություն են ունենալու: Նույնիսկ արդեն ապացուցված հանցագործին չի կարելի նվաստացնել, իսկ դրանք նվաստացնող տեսարաններ են: Սա նաև ուժի ցուցադրում է, իսկ իշխանության ուժը ուժային կառույցները չպետք է լինեն: Քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու համար պետք է ունենալ քաղաքական մշակույթ»,- ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: