«Ռազբորկա՞ եք ուզում». վիճաբանություն ԲՀԿ-ի և «Իմ քայլի» միջև
Այսօր խորհրդարանում «Քրեական օրենսգրքում» և «Քրեական դատավարության մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ելույթում նշեց, որ բազմաթիվ առիթներով նշել են, որ դեմ են հանցավորությանը, սակայն պահում են այն սկզբունքը, որ մարդուն պետք է դատեն իր արարքների համար:
«Իհարկե, մի քիչ դժվարանում եմ հասկանալ, թե ինչու է Կառավարությունը այսօր գերակայություն հռչակել այս պայքարը, քանի որ սա ոչ թե հանցավորության դեմ պայքար է, այլ ինչ-որ անորոշ երևույթների»,- ասաց պատգամավորը և դիմելով նախագծի հիմնական զեկուցող՝ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ հետաքրքրվեց, թե ի՞նչ է նշանակում՝ «գողական աշխարհ»:
«Լավ եք անում, որ պայքարում եք հանցավորության դեմ, միայն մեկ հուշում անեմ, այդ գողական բառի հետ երեք տառից բաղկացած հասկացողություն կա, լավ կլիներ դրա դեմ պայքարեիր»,- շեշտեց Գևորգ Պետրոսյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ Ռուստամ Բադասյանին հիշեցրեց, որ երբ նախագիծը դրվեց քննարկման՝ Քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցան անկարգություններ:
Այս ելույթներից հետո անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ելույթ ունեցավ և Գևորգ Պետրոսյանի ելույթը բնորոշեց որպես խայտառակություն՝ հույս հայտնելով, որ նրա փոխարեն «Բարգավաճ Հայաստանից» որևէ մեկը ներողություն կխնդրի, ինչը արժանացավ իշխանական պատգամավորների ծափահարություններին:
Այս ամենից հետո ԲՀԿ-ական պատգամավորների և Արման Բաբաջանյանի միջև վիճաբանություն սկսվեց, միացան նաև «իմքայլական» պատգամավորները, ինչին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ կա՛մ հերթագրվեն և ելույթ ունենան, կա՛մ պատգամավորական մանդատից հրաժարվեն, գնան «հայաթ բեսեդկում լռվեն»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում