«Թող մեկն իր բախտը փորձի ու մեզ անկարգություններով սպառնա. մենք ունենք ներքին զորքեր». նախարար

«Ուղղակի կաշվից դուրս են գալիս, որ «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հետ լինի բարիդրացիական մթնոլորտ: Դա դրսևորվում է օրենսդրական նախաձեռնություններին մեր արձագանքով, պատրաստակամությամբ, և, պարոն Սիմոնյան, (ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյան,-խմբ.) Ձեր դիտարկումների հետ ուղղակի կատեգորիկ համաձայն չեմ: Այսինքն՝ Դուք ասում եք՝ Ձեր այն նախագիծը սաղմնային վիճակում, որ բերել էիք, ավելի լավն էր, քան այն, որի վրա աշխատել էիք, երկար քննարկել եք մասնագետների հետ, նոր եք բերել: Հետո բերում եք նախագիծ, ասում եք՝ Կառավարությունը մեզ հետ չի համագործակցում, Արդարադատության նախարարությունը որպես գործընկեր հանդես չի գալիս, բայց բերում եք Սահմանադրական դատարանի որոշումից բխող նախագիծ, որ ՍԴ որոշումից հետո օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտություն է առաջացել, բայց նույն Ձեր նախագիծը հակասում է ՍԴ որոշմանը, հետո ասում եք՝ Արդարադատության նախարարությունը մեզ հետ չի աշխատում:

Թույլ տվեք ես էլ ենթադրեմ, եթե Դուք նման եզրահանգում եք անում, որ այս նախագծի հետ կապված՝ Ձեզ պետք էր մեկ առիթ, որպեսզի Դուք դեմ քվեարկեիք. Դուք այդ առիթը գտել եք՝ այս առաջարկը ներկայացնելով, որովհետև Ձեր առաջարկը այնքան թերի է, որ մենք ընդունելու դեպքում կունենանք պարոն Մարուքյանի նկարագրած իրավիճակը՝ թղթի վրա գրած օրենք, որը չի աշխատելու:

Ինչ վերաբերում է, պարոն Բաբաջանյան, (ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյան,-խմբ.), ես Ձեզ հետ համաձայն եմ՝ ժամանակն է, որ պետությունն իր ուժը ցույց տա, ոստիկանությունն իր ուժը ցույց տա
Տիկին Սամսոնյան, Ձեր մտահոգությունները փարատեմ։ Պետությունն այս պահին այնքան հզոր է, որ, երկրորդ անգամ եմ ասում, թող որևէ մեկը համարձակվի անկարգություններով մեզ սպառնալ։ Մենք ունենք ներքին զորքեր, մենք ունենք քրեակատարողական համակարգում արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորություն և իրավական հիմք։ Եվ թող մեկը փորձի իր բախտը և փորձի պետության հետ սպառնալիքի լեզվով խոսել», – ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ԱԺ-ում իր ելույթի ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս