«Կառավարությունը կարող է գազի գնի հնարավոր բարձրացումը կոմպենսացնել սպառողների համար». Գարեգին Բաղրամյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հայտարարությունը, թե հնարավոր է՝ «Գազպրոմ Արմենիա»-ն  սպառողների համար գազի սակագնի բարձրացման հայտ ներկայացնի, հանրության մոտ կրկին տագնապի առիթ դարձավ: Մի՞թե բարձրանալու է գազի գինը:

Բաղրամյանն այսօր պարզաբանեց. թե Lragir.am-ի լրագրողն իրեն հարցրել է, թե արդյո՞ք սահմանին գազի սակագնի պահպանումը նշանակում է, որ սակագները սպառողների համար պահպանվելու են: Բաղրամյանն էլ պատասխանել էր, որ այս պահին դեռևս քննարկումները շարունակվում են, և չի բացառվում, որ ընկերությունը դիմի սակագնի վերանայման հայտով:

Հիշեցնենք, որ գազի սակագինը սահմանին բարձրացել էր 2019 թվականի հունվարից: Թանկացել էր 30 դոլարով, որից 15 դոլարը կոմպենսացնում էր «Գազպրոմը»՝ իր դրամական հոսքերի հաշվին:  ՀԾԿՀ նախագահի խոսքով՝ կա վերջնական պայմանավորվածություն, որ 2020 թվականի համար պահպանվելու է սահմանին 165 դոլար արժեքը:

«Հիմա չեն կոմպենսացնում և 15 դոլար էլ բարձրացվել է: Գազպրոմը 15 դոլար կոմպենսացիան այլևս ի վիճակի չէ անել: Փաստորեն, գործող սակագների մասով շուրջ 30 դոլար ավելացման խնդիր է: Բայց դա չի նշանակում, որ հենց 30 դոլարով ենք ունենալու սակագնի բարձրացում, որովհետև այս տարվա ընթացքում բանակցվում են ինչպես ընկերության օպտիմալացման, ծախսերի հնարավոր կրճատման խնդիրները, այնպես էլ երկարաժամկետ՝ մինչև 2030 թվականը գազափոխադրման համակարգի կապիտալ ներդրումների ծրագիրը, որը շուրջ 500 միլիոն դոլար է, և կարծում եմ՝ մինչև ապրիլի 1-ը այդ բանակցությունները կավարտենք»,- ասաց Գարեգին Բաղրամյանը:

Հարցին, թե ե՞րբ հնարավոր կլինի գազի գնի բարձրացման, պահպանման կամ նվազեցման մասին խոսել, Բաղրամյանը սպառիչ պատասխան տալ չկարողացավ, փոխարենը հստակեցրեց. վստահաբար մինչև ապրիլ նման հայտով «Գազպրոմ Արմենիա»-ն չի դիմի:

«Սպառիչ պատասխան կլինի այն ժամանակ, երբ փաստացի կունենանք հայտ և կուսումնասիրենք: Այս պահին բանակցությունների արդյունքներից ելնելով՝ կարող եմ ասել, որ չի բացառվի, որ ապրիլից հետո ներկայացնեն սակագնի վերանայման հայտ»,- ասաց Գարեգին Բաղրամյանը:

Եթե «Գազպրոմ Արմենիա»-ն ապրիլից հետո դիմի ՀԾԿՀ, ապա դրանից հետո օրենքն առավելագույնը 80 աշխատանքային օր ժամանակ է տալիս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հայտը քննարկելու համար, դրանից հետո միայն հնարավոր կլինի խոսել գազի գնի բարձրացման, պահպանման կամ նվազման մասին:

Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ այս պահին դեռ  բանակցություններ են ընթանում գազի սակագնի վերաբերյալ: Ու չի բացառվում, որ կառավարությունը քայլեր ձեռնարկի սպառողների համար գազի գնի հնարավոր բարձրացումները կոմպենսացնելու համար:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս