Հերոսի հիմնադրամին արժեքավոր զարդեր չեն նվիրաբերվել. Աննա Հակոբյանի կոչը մնացել է անպատասխան

Այս տարի հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման օրը, Արցախի ՊԲ զինված ուժերի կապիտան, հերոս Արմենակ Ուրֆանյանը կնշեր իր 30-ամյակը: 2016թ. ապրիլին 26-ամյա սպան թշամու դեմ անհավասար ուժերով մղված մարտում  իր մոտ մնացած վերջին նռնակով պայթեցրել էր իրեն և մոտեցող թշնամու խումբը:
Կապիտանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը, 2018-ի սեպտեմբերին  տղայի անունով «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամ էր հիմնել, վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էլ կոչ էր արել ներկա և նախկին պաշտոնյաների և օլիգարխների կանանց՝ իրենց բոլոր արժեքավոր զարդերն ու իրերը նվիրաբերել հիմնադրամին:

168.am-ի հետ զրույցում Համեստ Ներսիսյանը պատմեց, որ Հակոբյանի կոչին մեծահարուստ կանայք մինչև օրս  չեն արձագանքել:

«Երկու-երեք անհատներ են նվիրատվություններ արել՝ 15-20 հազարական դրամով: Մեզ մի բարերար ձեռք մեկնեց, որը խնդրեց, որ իր անունը չհրապարակենք, և երգչուհի Հասմիկ Պապյանը, ով եկավ համերգ տվեց Երևանում և համերգի հասույթը փոխանցեց հիմնադրամին: Այդ մի փոքր դրամական միջոցներն էին, որ հիմնադրամը ունեցավ և կարողացավ ինչ-որ ծրագրեր իրականացնել: Հիմնադրամը պետք է գումար ունենա, որ կարողանա ծրագրեր իրականացնել: Սպասում եմ, անկեղծ ասած, ոչ էլ հույս ունեմ, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան կանի, չեմ էլ ցանկանում որևէ մեկից որևէ բան խնդրել»,- ասաց Համեստ Ներսիսյանը:

Հավաքված գումարով հերոսի մայրն Արցախ է գնացել բարեգործական ծրագրով՝  ՊԲ զինծառայողների համար նվերներ է տարել՝ քաղցրավենիք և  անհրաժեշտ պարագաներ, իսկ զորամասին պլանշետներ և հեռադիտակներ է նվիրել: Այլ ծրագրեր ևս եղել են:

«Մենք մի տարի ծրագրով այցելեցինք մեր ապրիլյան պատերազմի հերոսների ծննդյան տարելիցներին: Ծնողները միշտ բողոքում են, որ անուշադրության են մատնված, ցանկացանք, որ գոնե այս մի հիմնադրամը գնա մասնակցի: Բանակի օրվա առիթով կուզենայի ինչ-որ բան անել, հատկապես, որ տղայիս 30-ամյակն է, բայց հազիվ կարողանամ ծաղիկներ դնել տղաների շիրիմներին, այն էլ՝ տղայիս թոշակի հաշվին»,- ասաց Համեստ Ներսիսյանը:

Մեր հարցին, թե Աննա Հակոբյանն անձամբ հիմնադրամին նվիրատվություն արե՞լ է, Համեստ Ներսիսյանը բացասական պատասխան տվեց, ասաց, որ չի էլ դիմել: Հերոսի մայրը նեղսրտում է՝ որևէ մեկը կոչի չպետք է սպասեր, ինքն էլ նվիրատվությունների  չի սպասում, միայն ուզում է, որ իր ծրագրերն իրականություն դառնան.

«Ինձ պետք չէ՝ գումար բերեն տան, թող գան-ասեն՝ մեր կազմակերպությունն է, մեր ֆիրման է, ասեք՝ ի՞նչ ծրագիր ունեք, մեկ տարի հնարավորություն ունենք այդ ծրագիրը իրականացնելու, ի՞նչ եք ուզում անեք, ոչ ոք ոչ մի բան չի  ուզում անել»:

Արդեն երկար ժամանակ Համեստ Ներսիսյանը ցանկանում է Եռաբլուրում ջրային համակարգ անցկացնել, որ կարողանան տղաների շիրիմների մոտ տարածքը կանաչապատել, չի ստացվում:

«Ում տանում ես Եռաբլուր, որ ինչ-որ մի աշխատանք անեն, այնպիսի թվեր են ասում, որ դու ապշում ես, մտածում ես՝ այդ տղաներն ո՞ւմ համար գնացին: Ասում ես՝ ուզում եմ ջրային համակարգ, ասում են՝ այս թիվն արժե, ամեն ինչից հիասթափվում ես այդ պահին: Հիմնադրամը ստեղծել եմ հենց զոհվածների և այն սպաների համար, որոնք առաջնագծում են և օգնության կարիք ունեն: Ամեն օր լսում ենք, որ զինվորականներից մեկի ընտանիքը օգնության կարիք ունի, ծրագրեր իրականացվում են, իհարկե, բայց ավելի շատ պետք է լինեն: Պաշտպանության նախարարությունը անցած տարի ջրային համակարգը խոստացավ, նախարարը ասաց՝ մեկ շաբաթից կլինի, ու մինչև օրս լուր չկա»,- ասաց  կապիտանի մայրը:

Համեստ Ներսիսյանը որդու անունով թանգարան բացելու ծրագիր էլ ունի, պնդում է՝ այն ստանդարտ թանգարան չի լինելու, այլ ուսուցողական կենտրոն: Պատմում է, որ այժմ զինկոմիսարիատում է աշխատում, նախազորակոչային տարիքի տղաների հետ շատ է շփվում, պնդում է՝ տղաները կարիք ունեն նախապես տեղեկանալու, թե ի՞նչ է բանակը:

«Նախազորակոչային տարիքի տղաների մեծ մասը ոչ մի բանից տեղյակ չէ, նրանց մեջ ապրում է սթրեսը, դեպրեսիան, ֆիզիկապես մի քիչ թույլերի մոտ կա վախ, որ հենց բանակ գնացին, իրենց  ծեծելու են: Դրա համար եմ ուզում թանգարան բացել, այնտեղ տղաների հետ հոգեբաններ կաշխատեն, մարդիկ կգան, պատմությունը կուսումնասիրեն, կդաստիարակվեն, կկրթվեն: Դա պարտադիր չի լինի, այլ ըստ ցանկության: Ես կցանկանայի հատկապես կանանց հետ աշխատել, ապրիլյան պատերազմից հետո բանակը համալրվել է կանանցով»,- ասաց Համեստ Ներսիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս