Ընդամենը 12 «պարապ» աշխատակիցներո՞վ էր «ուռճացված» Մշակույթի նախարարությունը
Տարեսկզբին «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն ընդունվելուց հետո որոշ նախարարություններ միավորվեցին։ Այս փոփոխությունների արդյունքում Գիտության և կրթության նախարարությանը միացան Մշակույթի և Սպորտի նախարարությունները՝ դառնալով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։
168.am-ը ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվեց, թե նախարարությունների միավորումից հետո քանի աշխատող է կրճատվել։ Նախարարության լրատվության բաժնից պատասխանեցին, որ միավորման արդյունքում կրճատվել է 12 հաստիք։
Նշենք, որ Կառավարության կառուցվածքային փոփոխությանը դեռևս հունվարի կեսերին ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել էր վարչպետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով.
«Ինչքան շատ նախարարություններ կան երկրում, նշանակում է՝ կառավարությունը այդքան շատ բան է ուզում վերահսկել և ինչքան շատ բան է ուզում վերահսկել, նշանակում է՝ այդքան ավելի մեծանում են կոռուպցիոն ռիսկերը։ Օպտիմալացման նպատակներից մեկը նախարարությունների ուռճացված գործառույթները հստակեցնելն է և կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելը»:
Այս ամենը հաշվի առնելով՝ նաև գրավոր հարցում էինք ուղարկել նախարարություն՝ ճշտելու՝ արդյո՞ք համակարգը 12 հոգին էին ուռճացնում, և արդյո՞ք 2020 թվականին ևս կրճատումներ սպասվում են։
Առաջին հարցին ընդհանրապես անդրադարձ չէին կատարել ԿԳՄՍ-ում, իսկ երկրորդ հարցի վերաբերյալ նշել էին, որ հաջորդ տարի ԿԳՄՍ նախարարության հաստիքացուցակում նոր կրճատումներ են սպասվում։
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը, ով ի սկզբանե դեմ էր, որպեսզի Մշակույթի նախարարությունը միացվի այլ նախարարությունների, դժվարացավ ասել՝ արդյո՞ք 12 հոգին էին ուռճացնում համակարգը, սակայն, ըստ նրա՝ այստեղ գլոբալ խնդիրն այն է, որ կա գլխավոր հարց՝ ինչո՞ւ է այս ամենն արվում։
«Հարց է նաև, թե ինչ խնդիր է այսօր դրված այդ նախարարության առջև, այն, ինչ որ նա այսօր անում է, ինչ նպատակով է»,- ասաց նա:
Դավիթ Սահակյանցը նաև նկատեց, որ արդեն մեկ տարի է, որպես մշակույթի գործիչ՝ չի դիմել ԿԳՄՍ նախարարությանը և ցանկություն էլ չունի դիմելու։
Հիշեցնենք, որ փոփոխության արդյունքում 17 նախարարություններից 5-ը կրճատվել է, և արդյունքում՝ մնացել են հետևյալ նախարարությունները՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Առողջապահության նախարարություն, Արդարադատության նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն, Արտաքին գործերի նախարարություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Շրջակա միջավայրի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն և Ֆինանսների նախարարություն: