Իրանը պլանավորել է յուրաքանչյուր ամիս հարստացված ուրանի պաշարներն ավելացնել 200 կիլոգրամով
Իրանը ներկայում ունի 800 կիլոգրամ հարստացված ուրան, եւ յուրաքանչյուր ամիս դրա պաշարները կավելանան մոտավորապես 200 կիլոգրամով: Այդ մասին հայտնել է հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, որի խոսքը մեջբերել են իրանական ԶԼՄ-ները:
Իրանական միջուկային խնդրի կարգավորման Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով Իրանին թույլատրվում էր ունենալ 300 կիլոգրամ ցածրհարստացված ուրան, իսկ ավելացուկները նա պարտավոր էր ուղարկել արտասահման:
Հարցին՝ որոշել է արդյոք Իրանը ուրանի հարստացման մակարդակը բարձրացնել մինչեւ 20 տոկոս, Սալեհին պատասխանել է, որ իր կազմակերպությունը «դա անելու դժվարություն չունի, եթե ստանա համապատասխան ցուցում»:
«Բայց ես չեմ կարող ասել՝ ընդունվել է նման որոշում, թե ոչ: Այդ որոշումը պետք է ընդունեն երկրի ղեկավարները, նախագահը»,-նշել է կազմակերպության ղեկավարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: