Ինչու Արմեն Սարգսյանը չցանկացավ առճակատման գնալ իշխանությունների հետ

Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ի թիվս Ազգային ժողովի կողմից ընդունված այլ օրենքների, ստորագրել է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը, որը հասարակության մեջ հայտնի է՝ որպես ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու կամ «օրինական կաշառքի» օրենք: Օրենքն արդեն կիրառության մեջ կմտնի, և մինչև 2020 թ. հունվարի 31-ը ՍԴ դատավորները պետք է որոշեն՝ ընդունո՞ւմ են արդյոք վաղ կենսաթոշակի գնալու, բայց վճարվելու ու բոլոր սոցիալական երաշխիքներից օգտվելու առաջարկը, թե՞ ոչ:

Ոչ իշխանական իրավական ու քաղաքական շրջանակները գտնում էին, որ Հանրապետության նախագահը չպետք է ստորագրի օրենքն ու այն պետք է ուղարկի ՍԴ՝ դրա սահմանադրականության հարցը քննելու համար: Կարծիք կար, որ Նախագահը կարող էր ՍԴ ուղարկվող իր դիմումի մեջ, որպես դիմումատուի ցանկություն, նշել նաև, որ ՍԴ-ն էլ իր հերթին՝ օրենքն ուղարկի Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդատվական կարծիքի:

Ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պարզաբանել էր, թե ինչու է ստորագրել այդ օրենքը:

«Նախագահը, առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով և կարևորելով Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովումը, ստորագրում է Օրենքը՝ գտնելով, որ Օրենքի գործողության ընթացքում Սահմանադրական դատարանի անդամները, ինչպես իր եզրակացության մեջ նշել է Վենետիկի հանձնաժողովը, «առանց որևէ անհարկի ճնշման (քաղաքական կամ անձնական)», բացառելով կամավորության սկզբունքից որևէ շեղում, կարտահայտեն դրա վերաբերյալ իրենց վերաբերմունքը՝ ընդունելով կամ չընդունելով Օրենքով սահմանված կենսաթոշակի անցնելու հնարավորությունը»,- մասնավորապես նշված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Թեմայի շուրջ 168.am-ը զրուցեց իրավաբան, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանիի հետ՝ խնդրելով նախագահ Արմեն Սարգսյանի՝ օրենքը ստորագրելու որոշմանը տալ իրավական ու քաղաքական գնահատականներ:

«Իրավական առումով հիմքեր առկա էին օրենքը ՍԴ ուղարկելու համար: Հանրապետության նախագահը, առաջնորդվելով իրավական գերակայություններով, պետք է օրենքն ուղարկեր ՍԴ՝ քննարկելու: Բայց այստեղ շահերի բախում կառաջանար, որովհետև դատավորները՝ ՍԴ անդամները, պետք է քննարկեին իրենց առնչվող փոփոխության սահմանադրականության հարցը»,- ասաց Արթուր Ղազինյանը:

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահը նշում է, որ քաղաքական որոշման արդյունքում նախագահը որոշեց առճակատման չգնալ իշխանության հետ, քանի որ գործընթացի արդյունքում՝ որոշումը մեկն էր, և միևնույն է, այս կամ այն դեպքում դատավորներն իրենք պետք է որոշեին՝ կամ ընդունում են դա, կամ չեն ընդունում:

«Հետևաբար, կարծում եմ, Նախագահի քաղաքական դրդապատճառն այն էր, որ միևնույն է՝ գնդակը հայտնվել է ՍԴ անդամների, դատավորների դաշտում, և երկու դեպքում էլ իրենք պետք է որոշեն՝ կամ՝ օգտվո՞ւմ են արդյոք այդ օրենքի հնարավորությունից, թե՞ ոչ, օրենքն ուժի մեջ մտնելու դեպքում, որ իրենց որոշումն է, կամ՝ եթե օրենքը մտներ ՍԴ, նորից էլի իրենց որոշումն էր լինելու»,- ասաց Արթուր Ղազինյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ իրավական առումով ՍԴ դիմելու հիմքերն առկա էին. Նախագահը պետք է դիմեր Սահմանադրական դատարան, իսկ քաղաքական առումով՝ խնդիրը լուծվեց այնպես, որ այս կամ այն դեպքում որոշում կայացնողները պետք է ՍԴ դատավորները լինեն:

«Իմ կարծիքով՝ քաղաքական գնահատականն այն է, որ զուտ այն առումով այս օրենքը պետք է ուղարկվեր ՍԴ, որ նման խեղկատակություն Խորհրդարանում այլևս տեղի չունենար»,- ասաց Արթուր Ղազինյանը:

168.am-ի հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ նախագահը հերթական անգամ պատասխանատվությունն իր ուսերից մի կողմ դրեց, «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարը ևս մեկ անգամ շեշտեց, որ իրականում նախագահը որոշեց առճակատման չգնալ իշխանության հետ:

«Հետագայում կլինեն բազմաթիվ այլ առիթներ՝ նման տեսակի առճակատման մեջ մտնելու: Առաջիկայում բավականին խնդրահարույց ու հակասական օրենքներ կընդունվեն, որոնք մեծ նշանակություն կունենան Հայաստանի տնտեսական ու քաղաքական կյանքի համար, որտեղ Նախագահի քաղաքական ու, արդեն որպես պետության գլուխ՝ դիրքորոշումը շատ ավելի կենսական ու կարևոր նշանակություն կունենա Հայաստանի Հանրապետության համար, քան այս օրենքը»,- ասաց քաղաքական գործիչը:

Հարցին՝ կարծում եք՝ ինչ-որ պահի Նախագահը կարող է հակասության մե՞ջ մտնել իշխանությունների հետ, Արթուր Ղազինյանը պատասխանեց, որ այն օրենքի նախագծերը, որոնք ներկայումս քննարկվում են, օրինակ՝ Բանկային գաղտնիքի մասին, Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքները, դրանց ընդունման դեպքում նախագահը պետք է մի կողմ դնի իր բոլոր ներքին զգացողություններն ու առաջնորդվի ազգային ու պետական շահով, այն է՝ դիմել ՍԴ, որովհետև նման օրենքները չպետք է մտնեն գործողության մեջ:

Այն հարցին, թե ՍԴ դատավորների՝ այս օրենքի ընձեռած հնարավորությունից հետո իշխանությունների հաջորդ քայլը ո՞րն է լինելու, Արթուր Ղազինյանը պատասխանեց.

«Ինձ համար շատ դժվար է որոշել իշխանությունների՝ խելագարության կանխավարկածով առաջնորդվելու ֆանտազիայի չափը, բայց ես կարծում եմ, որ առհասարակ նման գործընթաց ընդհանրապես սկսել պետք չէր: Եթե խելամիտ լինեին, եթե մի փոքր մտածելու ունակություն ունենային ու առաջնորդվեին ազգային ու պետական շահով, ապա իրավական պետության դեմ պատերազմ չէին հայտարարի և չէին գործի՝ քաղաքական շահերը և գերակայությունները առաջնահերթության կարգով կիրառելով իրավունքի և օրենքի պետության դեմ: Իրենց պետք է հարցնեք: Իշխանությունների մեջ կան բավական լուրջ ֆանտազիայի տեր մարդիկ, ովքեր կարող են ինչ-որ պահի ինչ-որ բաներ մոգոնել»:

Որպես եզրահանգում՝ Արթուր Ղազինյանը կրկին շեշտեց, որ իրավական առումով բոլոր հիմքերը կային ՍԴ դիմելու, թեպետ բովանդակային առումով դա ոչինչ չէր փոխում, և նախագահին ուղղված մեղադրանքներն այս պահին կրում են բացառապես քաղաքական բնույթ. Նախագահը պարզապես չցանկացավ կորցնել առճակատման ռեսուրսն իշխանությունների հետ:

«Առաջիկայում կլինեն շատ վատ օրենքներ, ծայրաստիճան վտանգավոր օրենքներ, որոնք ուղղակի չպետք է թույլ տալ, որ մտնեն գործողության մեջ այն տեսքով, որով այս պահին դրանք քննարկվում են: Ես ինքս կմիանամ կոչին՝ նաև ճնշման բոլոր հնարավոր մեխանիզմներով Հանրապետության նախագահին թույլ չտալով ստորագրել այդ օրենքները, այդ թվում՝ նաև «Կրթության մասին» օրենքը»,-եզրափակեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս